ԴԻՄԵԼՈՒ ԵՆ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Երեւանը պատրաստ է գնալ հատվածական դելիմիտացիայի՝ չբացառելով գործընթացը սկսել Տավուշի մարզից։ Նա նաեւ պարբերաբար ցույց է տալիս Հայաստանի Հանրապետության քարտեզը՝ 29.800 քառ. կմ-ով, եւ մի փոքրիկ հատված, որն Ադրբեջանում գտնվող հայկական Արծվաշեն գյուղն է: Առանց հիշատակելու Արծվաշենի մասին, Փաշինյանը նշեց, որ եթե Ադրբեջանը պահանջում է Հայաստանում գտնվող «անկլավները», ապա հայկական կողմն էլ պահանջելու է Արծվաշենը: Փաշինյանն այս նույն դիրքորոշումն է հայտնել Տավուշ կատարած այցի ժամանակ: Հանդիպումից ունեցած բուռն քննարկումներից հետո տավուշեցիները հայտարարել են, որ դիմելու են ինքնապաշտպանության՝ թույլ չտալու, որ հանձնվեն իրենց հայրենի գյուղերը:

 

ArmLur.am-ը այցելել է սահմանամերձ Ոսկեպար գյուղ՝ տեղում ծանոթանալու ստեղծված իրավիճակին, շփվելու եւ զրուցելու ոսկեպարցիների հետ: Ոսկեպարցիները մտահոգ են, չգիտեն՝ վաղվա առավոտն ինչպես եւ ինչ լուրերով կծագի: Նրանց անհանգստացնում են նաեւ վերջին շրջանում Երեւանից Ոսկեպար պարբերաբար այցերը: Ամբողջ օրը գյուղի տղամարդիկ հավաքվում են գյուղապետարանի առջեւ՝ եկող-գնացողին դիմավորելու եւ նրանցից մի լուր ստանալու: Գյուղից 1 կմ հյուսիս-արեւելք է գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին, որից այն կողմ հայ-ադրբեջանական շփման գիծն է: Գյուղացիները հաճախակի են լինում եկեղեցում, սակայն ինչպես նրանք են ասում, մարտի 24-ին թույլ չեն տվել եկեղեցի մտնել (պատճառն անհայտ է): Ոսկեպարի՝ սահմանամերձ լինելու մասին հիշեցնում են անգամ կենսական պայմաններն ու հեռախոսակապի ու համացանցի վատթար գործելը: Բոլոր անհանգստություններին զուգահեռ՝ ոսկեպարցիները մարտական են տրամադրված, գյուղացիները միաբերան ասում են՝ մենք հող չունենք հանձնելու:

«Տավուշեցիները պատրաստ են հայրենի հողի համար պայքարելու, սակայն այսօր Հայաստանն է վտանգի տակ, եւ պետք է պատրաստ լինենք բոլորս: Միակ ելքը միասնականությունն է, պետք է համախմբվենք եւ ստեղծված իրավիճակին մի լուծում տանք»,- ասում է ոսկեպարցի բնակիչ Եղիշ Մախսուդյանը:

Շրջելով Ոսկեպար գյուղում՝ ArmLur.am-ը հանդիպել եւ զրուցել է Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանի հետ: Ինչպես Դանիելյանն է ասում, հաճախակի է այցելում Տավուշի շրջանի տարբեր գյուղեր, հատկապես՝ Ոսկեպար, զրուցում գյուղապետերի ու բնակիչների հետ, լսում նրանց մտահոգությունները: Գառնիկ Դանիելյանի խորը համոզմամբ՝ այս 4 գյուղերի հանձնումով թշնամին կհայտնվի խորը թիկունքում, ինչի հետեւանքով կքանդվի ողջ Տավուշի պաշտպանական գիծը, նաեւ Հայաստանի Հանրապետության հյուսիսարեւելյան սահմանագիծը, եւ Հայաստանը սնուցող հիմնական գազատարն էլ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ:

«Այս կողմերից առաջին ահազանգողը ես եմ եղել եւ նաեւ նկարագրել եմ այն վտանգները, որոնք սպառնում էին Հայաստանի Հանրապետությանը: Խնդրի մասին բազմիցս բարձրաձայնել էի Ազգային ժողովից: Այս պահի դրությամբ այստեղ մի քանի սուր հարցեր կան. միջպետական ճանապարհն է, որ անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ, հյուսիսարեւելյան հատվածի առաջնագծի խնդիրն է, որ հզոր առաջնագիծ է եւ կառուցվել է երեսուն տարվա ընթացքում, Լոռու մարզը կդառնա սահմանամերձ, եթե այդ հրեշավոր ծրագիրն իրագործվի, գազամուղն է, որը կանցնի կրկին Ադրբեջանի վերահսկողության տակ, եւ չի բացառվում, որ ադրբեջանցիները փական կդնեն գազամուղի վրա, ինչպես արեցին Արցախում, հարեւան գյուղերն էլ հայտնվելու են մեկուսի վիճակում, եւ, ի վերջո, այդ գյուղերը հայաթափվելու են»,- ասել է Գառնիկ Դանիելյանը:

Դանիելյանը, այս ծրագիրը հրեշավոր որակելով, անդրադարձավ նաեւ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը: «Սրբազան հայրենիքը զիջելով՝ դու չես կարող Ադրբեջանի հետ խաղաղ ապրել: Եթե հանձնում ես տան շքամուտքը, ապա երաշխիք չկա, որ հետագայում դու չես զիջելու տան սենյակները նաեւ, իսկ այդպես տնից բան չի մնա: Տավուշի այս չորս գյուղերն էլ հանձնելու դեպքում երաշխիք չկա, որ Ադրբեջանը կբավարարվի եւ կանգ կառնի»,- նշեց նա:

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 

 

ԱՎԻԱՏՈՄՍԵՐԻ ԳՆԵՐԸ

ArmLur.am-ը ներկայացնում է Երեւան-Մոսկվա չվերթների տոմսերի արժեքը մարտի 26-ից մինչ ապրիլի 5-ը։ Aviasales.ru կայքում Երեւան-Մոսկվա չվերթների տոմսերի արժեքը տատանվում է 132 հազարից 140 հազար դրամի սահմաններում։ Տոմսերն իրենց մեջ ներառում են մեկնման եւ ժամանման տոմսեր։ Նույն կայքում Երեւան-Մոսկվա չվերթների մեկնման տոմսերի արժեքը մարտի  26-ի դրությամբ կազմել են 72-ից 80 հազար դրամ։ Եթե նախկինում Kiwi.com-ում Մոսկվա-Երեւան եւ Երեւան-Մոսկվա չվերթներ դեռ նախորդ տարեվերջին իրականացվում էին, ապա այժմ երկար ժամանակ արդեն չկան տոմսեր Հայաստանի եւ Ռուսաստանի ավիաընկերությունների միջեւ։ Armenianairlines.am կայքում վերնշված ժամանակահատվածում Երեւան-Մոսկվա ավիաթռիչքների տոմսերի արժեքը սկսվում է 200 հազար դրամից եւ աճում է մինչեւ 250 հազար դրամը։ Այս տոմսերի արժեքը ներառում է նաեւ հետադարձը, սակայն առանց ուղեբեռի։ Մոսկվա-Գյումրի ավիաթռիչքների տոմսերի արժեքը սկսվում է 30 հազար դրամից մինչեւ 60 հազար դրամ։ kupibilet.ru տոմսերի գնման կայքից տեղեկանում ենք, որ Մոսկվա-Երեւան չվերթի տոմսերի արժեքը սկսվում է 93 հազար դրամից մինչեւ 150 հազար դրամը, սակայն այս չվերթները իրականացվում են՝ 1 կամ 2 քաղաքներում դադարներ տալով։ Uralairlines.ru ավիաընկերության կայքում Մոսկվա-Երեւան թռիչքի տոմսերի արժեքը սկսվում է 35 հազար դրամից եւ հատում է 55 հազար դրամի շեմը։

 

 

 

ՀՀ-ՌԴ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը մարտի 26-ին մասնակցել է սննդի ոլորտում գործարար առաքելության միջոցառմանը, որը կազմակերպվել է Ռուսաստանյան արտահանման կենտրոնի կողմից։ Այդ մասին  հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

Միջոցառման նպատակն է ամրապնդել գործընկերային կապերը Հայաստանի եւ Ռուսաստանի գործարարների միջեւ, ինչպես նաեւ քննարկել հնարավոր համագործակցության հեռանկարները:

Ողջունելով հյուրերին՝ Աշխեն Շիրվանյանը հույս է հայտնել, որ միջոցառումը էապես կնպաստի ՀՀ եւ ՌԴ միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը։

«Երկու երկրների միջեւ մենք տեսնում ենք համագործակցության մեծ ներուժ, որը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման ուղղությամբ համատեղ նախագծերի միջոցով։ Այս ոլորտում համագործակցությունը թույլ կտա մեզ փոխանակվել տվյալ ոլորտում ունեցած ձեռքբերումներով եւ դրական փորձով՝ ապահովելով արտադրված արտադրանքի բարձր որակ եւ հուսալիություն», – նշել է Աշխեն Շիրվանյանը։

Միջոցառմանը մասնակցել են մոտ 20 ռուսական ընկերություններ, որոնք ներկայացրել են իրենց արտադրանքը։

 




Լրահոս