Անորակ ու կամակատար ԱԳ նախարարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը armlur.am-ին տեղեկացրեց, որ Վատիկանը ողջունել է Շվեյցարիայի կառավարության քայլը, որով նա բողոքարկելու է ՄԻԵԴ-ի որոշումը:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար շվեցարական դատարանի կողմից մեղավոր ճանաչված քաղաքական գործիչ, «Աշխատավորական կուսակցության» առաջնորդ Դողու Փերինչեքի հայցը:

2008-ին շվեցարական դատարանը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար Փերինչեքին դատապարտել էր 3 ամսվա ազատազրկման, այնուհետ ազատազրկման որոշումը դատարանը փոխարինել էր վարչական տուգանքով: Եվրադատարանը Դողուի հայցի բավարարումը հիմնավորել է նրանով, որ շվեցարական դատարանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի խոսքի ազատության վերաբերյալ 10-րդ և 7-րդ հոդվածները:

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը բավարարել էր  թուրք գործիչ Դողու Փերինչեքի հայցը՝ ընդդեմ Շվեյցարիայի կառավարության, որը դատապարտել էր Փերինչեքին Ցեղասպանությունը ժխտելու համար:

Պրն. Գրիգորյանի խոսքով` Վատիկանը դիմել է նաև Ֆրանսիայի սենատին՝ կիրառել Սլովակիայի փորձը. այն է`  պատասխանատվության ենթարկել Հայոց ցեղասպանության փաստը ժխտողներին:

«Թուրքիայի նախագահին ուղղված մեր նամակի պատասխանը ստանալուց հետո դիմելու ենք Շվեյցարիայի դատարան, ինչպես նաև՝ նոր ուղերձներ ու այցելություն կլինեն Շվեյցարիա»,-ասաց  ԵՀՄՖ-ի նախագահը:

Շվեյցարիայի կառավարությունը հաստատակամորե՞ն է տրամադարված ՄԻԵԴի որոշումը բողոքարկելու համար, թե սա ուղղակի դիվանագիտական ժեստ է Հայաստանին:

-Հայաստանի հետ Շվեյցարիայի կառավարությունը ժեստեր անելու կարիք չունի, քանի որ ՀՀ իշխանությունները խորապես արհամարհված են ԵՄ-ի և Շվեյցարիայի կողմից: Ո՛չ ՀՀ նախագահը, ո՛չ ԱԳ նախարարը չունեն այնպիսի քաշ, ինչպիսին ունեցել են ժամանակին նախկին ԱԳ նախարարներն ու նախագահները:

Շվեյցարիայի այս քայլը  Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ գնալու ժեստ է: Թուրքիան հայտնվում է աքցանի մեջ, և այդ աքցանն ամրացնող պնդօղակներից մեկը Սլովակիան է: Քանի որ ՀՀ  կառավարութունը, ԱԳ և մյուս նախարարությունները զբաղված են շղարշով, իբրև թե 100-ամյակին ընդառաջ քայլեր են անում, Եվրոպայի հայկական միությունների ֆորումը կներկայացնի իր ծրագիրը, որով պատրաստվում է Թուրքիային գցել մսաղացի մեջ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշումը կայացրել է ՄԻԵԴը` որպես բարձրագույն իրավական կառույց, կկարողանա՞ արդյոք Շվեյցարիայի կառավարությունը բեկանել նրա կայացրած որոշումը:  

-Եթե մենք օգնենք  Շվեյցարիայի կառավարությանն ու ներկայացնենք Սլովակիայում Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագիծը, ապա հնարավոր է: Նույն ԵՄ-ն Հոլոքոստը ժխտողների դեմ օրենք ունի, կամ որևէ կուսակցություն Եվրոպայում, եթե ֆաշիստական մի լոզունգ է հրապարակում, տեղնուտեղը ոչնչացնում են նրան: Այդ դեպքում ինչո՞ւ նույն բանը չպետք է կիրառվի Հայոց ցեղասպանության համար:

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը որևէ կերպ չարձագանքեց Փերինչեքի հայցը բավարարած ՄԻԵԴի որոշմանը, բայց Շվեյցարիայի` Եվրոպական դատարանի կայացրած որոշումը բողոքարկելու փաստին արձագանքում է:

– Սերժ Սարգսյանը միայն այդ հարցերում չէ, որ իրեն նման կերպ է պահում: Դա պատճառն առաջին հերթին անորակ ԱԳ նախարար ունենալն է: Այս կարգի հարցերը պետք է նախապատրաստի և նախագահին ներկայացնի ԱԳ նախարարը, իսկ նա ոչինչ չի անում:  Նա կառավարության կամակատարն է, իր դեսպանների միջոցով զբաղված է տարբեր տիպի օֆշորային սկանդալներից վարչապետին փրկելու գործով և մեր երկրից «օրինական» ճանապարհով փողերը դուրս տանելով: Այն, ինչով  պետք  է զբաղվի Նալբանդյանը, անում են արտերկրի մեր  գործիչները` լրացնելով մեր ԱԳ նախարարության բացը:

Սոնա Դավթյան




Լրահոս