Մկրտիչ Խրիմյանը, ով պիտի դառնար Հայ Առաքելական եկեղեցու 25-րդ կաթողիկոսը, մեծ ազդեցություն է ունեցել հայ երիտասարդության ազգային տեսլականների ձևավորման, հայրենիքի հանդեպ պատասխանատվության առաջացման գործում:
1820 թվականին Վանում ծնված Մկրտիչը 1862 թվականին որոշում է իր ներդրումն ունենալ հայության կյանքում և ավելի լավ ճանաչել Տարոն գավառի բնակչությանը: Նա սկսում է շրջել գյուղերով՝ տեսնելով բնակչության ծանր պայմանները, մասնակցելով նրանց ուրախություններին ու դառնություններին, հաճախ զրուցում գյուղացիների հետ՝ իրենց հուզող հարցերի շուրջ:
Խրիմյանը հսկայածավալ աշխատանք է տանում քուրդ բեկերի հետ՝ նրանց համոզելով թողնել քոչվորական կյանքն ու անցնել նստակյաց կյանքի և զբաղվել հողագործությամբ: Յասպիսով նա նպատակ ուներ տարածքում թափառող քուրդերին ծառայեցնել Տարոն գավառի բարեբերությանը՝ փոխարենը խոստանալով դպրոցներ հիմնել քուրդ մանուկների համար և հայ ուսուցիչներ տրամադրել, որպեսզի քուրդ երեխաները կրթություն ստանան:
Ծանր տնտեսական ու սոցիալական պայմանները երիտասարդներին ստիպում են մեկնել Կոստանդնուպոլիս՝ աշխատելու, ինչի հետևանքով ընտանիքները սկսում են բաժան-բաժան լինել: Նրանց ընտանիքներին ու հայ հողին մոտ պահելու համար Խրիմյանը սկսում է երիտասարդներին համոզել, որ երկրագործությամբ ու անասնապահությամբ զբաղվեն:
Տարիների ընթացքում նա այնքան շատ բան է անում հայ գյուղացիների համար, որ նրան սկսում են «հայրիկ» կանչել. հենց այստեղ էլ ապագա կաթողիկոսին սկսում են դիմել, որպես Խրիմյան հայրիկ:
Նա Մշո առաքելոց վանքում տպարան է հիմնում, խմբագրում «Արծվիկ Տարոնի» թերթը, որի միջոցով սթափեցնում է հայությանն ու թուրքական լուծը թոթափելու ալիք բարձրացնում:
Իր ճանապարհորդություններից՝ հատկապես Բեռլինի վեհաժողովից հետո Եվրոպա այցից հիասթափված Խրիմյան Հայրիկը նշում է, որ բոլորը քաղաքական մեծ կաթսայից «երկաթե շերեփներով» իրենց բաժինն են վերցնում, իսկ հայերը կռիվ են տալիղ թղթյա շերեփով:
Իր գործունեության ընթացքում Խրիմյան Հայրիկը մշտապես եղել է Օսմանյան կայսրության ուշադրության և հսկողության ներքո՝ հատկապես կաթողիկոս ձեռնադրվելուց հետո: Որպես կաթողիկոս եւ ուստի հայության առաջնորդ՝ այդ ժամանակներում նա իր գործունեությամբ նոր լիցք ու հնչեղություն տվեց հայության ազատ ապրելու գաղափարին, ինչը զգալիորեն նպաստեց Հայաստանի ապագա անկախացմանը:
Հետաքրքիր է այն փաստը, որ Խրիմյան Հայրիկը Ամենայն հայոց կաթողիկոս ձեռնադրվելիս արդեն մեկ անգամ ամուսնացել և դուստր էր ունեցել: Եվ միայն կնոջ մահից հետո է ընդունել կուսակրոնության ուխտը:
Հուրի Բաղդասարյան