ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո, երբ նա հարցականի տակ դրեց Տավուշի մարզի մի քանի գյուղերի ճակատագիրը, մեծ աղմուկ բարձացավ։ Նա արեց հայտարարություններ, ըստ որոնց՝ հերքում է այդ գյուղերի՝ Հայաստանին պատկանելու փաստը։
ArmLur.am-ը զրուցել է Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ։ Պատգամավորի հետ փորձել ենք հստակեցնել եւ պարզաբանել, թե որն է այն հիմքը, որով Փաշինյանը հայկական չի համարում Տավուշի ներկայիս գյուղերը։ Եզրակացրինք, որ նույնիսկ ՀՀ Սահմանադրությամբ նման կարգավորում չկա։
-Տիկի՛ն Թովմասյան, ուզում եմ միասին քննարկենք Նիկոլ Փաշինյանի սպառնալից հայտարարությունները՝ կապված Տավուշի մարզի հանձնվելիք գյուղերի հետ: Կա՞ն հիմքեր, ըստ որոնց՝ այդ գյուղերը Հայաստանին չեն պատկանում, ինչպես նշում է Փաշինյանը:
-Ուզում եմ ասել, որ սա հերթական մեծ մանիպուլյացիան է Նիկոլ Փաշինյանի կողմից, եւ կարելի է ասել՝ մեծ հանցագործություն, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը՝ որպես երկրի ղեկավար, որպես ՀՀ վարչապետ, ունի հստակ առաքելություն: Երբ որ երդվում էին կառավարության բոլոր անդամներով, նրանք, այդ թվում՝ վարչապետ Փաշինյանը, երդվում էին ծառայել Հայաստանի Հանրապետությանը եւ օրենքներին եւ պահպանել ՀՀ Սահմանադրությունը: Հիմա ո՞ր օրենքի որ կետի համաձայն է Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություններ անում: Ես չեմ գտնում այդպիսի կետ, անկեղծ ասած, եւ դիմել եմ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի ինձ տա փաստարկված տեղեկություն, թե ինչ հիմքեր ունի իր հայտարարությունը, որ Տավուշի մարզի կոնկրետ գյուղեր մերը չեն: Նույնիսկ նա թիմակիցների հետ իր ներքին խոսակցությունների ժամանակ ասում է, որ բոլոր քարտեզները իրար հակասում են, այսինքն՝ Ադրբեջանում առկա եւ Հայաստանում առկա՝ գլխավոր շտաբի քարտեզները հակասում են իրար. բա ինչի՞ հիման վրա եք դուք հայտարարում, որ դրանք մերը չեն: Ո՞ր միջազգային պայմանագրի հիման վրա է Փաշինյանը ասում, որ այդ տարածքները մերը չեն. չկա այդպիսի պայմանագիր: Հետեւաբար այդ մեծ մանիպուլյացիան եւ խաբեությունը եւ սեփական ժողովրդին ահաբեկելը ոչ այլ ինչ է, քան անպատասխանատվություն՝ վարչապետի կարգավիճակից բխող խելահեղ ռիսկերով: Եւ նաեւ կուզենայի ուշադրություն հրավիրել հետեւյալի վրա. կհիշեք՝ 2021 թվականին ելույթ էր ունենում, նախընտրական եռուզեռի մեջ էր, ասում էր՝ ձեռքերս կկտրեն, ես չեմ ստորագրի Բարխուդարլու եւ այլն, որ տամ իրենց: Հիմա եթե ձեռքդ չես կտրի, ի՞նչը պիտի կտրվի, որ տալիս ես, այսինքն՝ ինչո՞ւ ես դու քո խոսքերին հակադրվում:
-Տիկի՛ն Թովմասյան, որոշ ժամանակ առաջ խոսք էր գնում, որ Հայաստանը չունի «կադաստրի վկայական»: Կապո՞ւմ եք այս երկու իրողությունները իրար, երբ մենք չունենք «կադաստրի վկայական», եւ Փաշինյանն ասում է՝ այս գյուղերը մերը չեն:
-Ես ուզում եմ նախ հասկանալ՝ ով պիտի տա մեզ այդ «կադաստրի փաստաթուղթը», ով է կադաստրը տվյալ դեպքում: Եթե կադաստրը միջազգային հանրությունն է, ցույց տվե՛ք ինձ միջազգային մի փաստաթուղթ, որտեղ գրված է, թե Հայաստանը որտեղ է սկսվում եւ որտեղ ավարտվում: Չկա այդպիսի փաստաթուղթ: Ալմա-Աթայի հռչակագրին որ հղում է արվում, այնտեղ որեւէ բան չկա տարածքային բաժանման մասին. այնտեղ երկրները ընդունում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ տարածքային ամբողջականությունը որոշվում է սահմաններով, որոնք գոյություն ունեն այսօրեական:
Զրուցեց ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
Մարտի 26-ին Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Միջազգային հարաբերությունների արգենտինական խորհուրդ։
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, կայացել է նախարար Միրզոյանի հանդիպումը խորհրդի նախագահ Ֆրանցիսկո դե Սանտիբանյեսի եւ ղեկավար կազմի հետ, որից հետո Արարատ Միրզոյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում։
Հաջորդիվ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի մասնակցությամբ անցկացվել է հանգամանալից քննարկում խորհրդի անդամների եւ հյուրերի հետ։ Իր ներածական խոսքում Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստան-Արգենտինա միջպետական հարաբերությունների դինամիկային, քաղաքական երկխոսության օրակարգին, իր այցի շրջանակներում եւ նախորդ բարձրաստիճան շփումների ժամանակ քննարկված՝ համագործակցության զարգացման ներուժ ունեցող հիմնական ուղղություններին։
Նախարար Միրզոյանը նշել է, որ ունեցած հանդիպումների ժամանակ իր երախտիքն է հայտնել դեռ նախորդ դարասկզբին Հայոց ցեղասպանությունից հետո Արգենտինայում հայերին ապաստան տալու, ապա ձեւավորված հայ համայնքի դերի արժեւորման համար, ինչի արդյունքում հայկական ներկայությունն այսօր յուրովի նպաստ է բերում Արգենտինայի հասարակական-քաղաքական կյանքին։
Քննարկման ու հարցուպատասխանի ձեւաչափով նախարար Միրզոյանն անդրադարձել է նաեւ ավելի լայն՝ ՀՀ արտաքին քաղաքական, Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցերի։
ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասով նախարար Միրզոյանը շեշտել է, որ դրանք հիմնված են ՀՀ պետականության, ինքնիշխանության շարունակական ամրապնդման, ՀՀ համար կայուն զարգացման միջավայրի ապահովման նպատակների վրա։ Ներկայացվել են ինչպես հարեւան երկրների հետ հարաբերությունների կարգավորման, այնպես էլ լայն աշխարհագրությամբ այլ երկրների ու կառույցների հետ փոխգործակցության առանձնահատկություններն ու հեռանկարները։
Անդրադառնալով Հարավային Կովկասում 2020 թվականից ի վեր ստեղծված իրադրությանը՝ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Արարատ Միրզոյանը շեշտել է տարածքային ամբողջականության աներկբա ճանաչման հանձնառության եւ 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման հետագա գործընթացն իրականացնելու անհրաժեշտությունը։
Տարածաշրջանային տնտեսական եւ տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման համատեքստում նախարար Միրզոյանն անդրադարձել է նաեւ ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին եւ ընձեռնվող տնտեսական հնարավորություններին։
ՀՀ ԱԳ նախարարը պատասխանել է ներկաներին հետաքրքրող այլ հարցերի։
ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
Երեւանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանն ազատվել է աշխատանքից:
Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Երեւանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանն ազատման դիմում է ներկայացրել, որն ընդունվել է»,- ասաց Կոստանյանը։
Նշենք, որ վերջինս մեղադրվում է պետական միջոցների յուրացման եւ փաստաթղթի կեղծման համար: Ընթանում է նախաքննություն:
Ավելի վաղ անդրադարձել էինք Երեւանի Նաիրի Զարյանի անվան հ. 130 հիմնական դպրոցում կատարվող իրադարձություններին, հայտնել, որ փոխտնօրենները դուրս են եկել տնօրենի դեմ, նրանք իրենց զբաղեցրած պաշտոններից լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում են ներկայացրել: Ըստ փոխտնօրենների՝ պատճառն այն է, որ տնօրենն անտեսում է իրենց բարձրացրած հարցերը, չի զբաղվում հաստատության խնդիրներով:
Երեւանի քաղաքապետի համապատասխան կարգադրությամբ դպրոցի տնօրենին տրվել էր չվճարվող արձակուրդ՝ պարտականությունների կատարումը վերապահելով տնօրենի ուսումնական գծով տեղակալին:
ՏՈՄՍԻ ԱՐԺԵՔԸ՝ 1 ՄԼՆ ԴՐԱՄ
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը նախաձեռնում է «Հաջողակ կին գործարարների աջակցությունը՝ սկսնակ կին գործարարներին» բարեգործական ընթրիք, որից ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է ՀՀ մարզերում գործունեություն ծավալող սկսնակ կին գործարարներին:
Բարեգործական ընթրիքը տեղի կունենա ապրիլի 14-ին «ԱրմԱս» գինու գործարանում: Երեկոյի հյուրերի համար զբոսավարի ուղեկցությամբ կկազմակերպվի շրջայց գործարանի արտադրական տարածքում. սկսնակ կին գործարարների արտադրանքների ցուցահանդես-վաճառք: Ընթրիքը կուղեկցվի ETHNO COLORS բենդի էթնիկ հայկական եւ ժամանակակից պարային կատարումներով, կայացած եւ սկսնակ կին գործարարների ելույթներով, վիճակահանությամբ կխաղարկվեն նվերներ:
Ընթրիքին մասնակցելու համար անհրաժեշտ է գնել տոմս: Մեկ տոմսի արժեքը 1 մլն ՀՀ դրամ է, որը կփոխանցվի ՀՀ մարզերում գործունեություն ծավալող որեւէ սկսնակ կին գործարարի: Տեղերը սահմանափակ են: Խնդրում ենք տոմսերը ձեռք բերել մինչեւ ապրիլի 10-ը: Տոմսերը ձեռք բերելու համար զանգահարել 044 444 761 հեռախոսահամարով կամ նամակ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Բարեգործական ընթրիքը լուսաբանվելու է «Իմ քայլը» հիմնադրամի կողմից: