ՍԱ ԱՐԴԵՆ ԿԱԽՎԱԾՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Թմրամոլությունը եւ խաղամոլությունը դարձել է օրակարգ»,- ասում է իրավապաշտպան, փաստաբան Նինա Կարապետյանցը։ Վերջին շրջանում Google Treands-ի հավաքած տվյալներից հասկանում ենք, որ Հայաստանում ամենաշատ որոնվող կայքերը օնլայն խաղադրույքի կայքերն են։ Իրավապաշտպանը կարծում է, որ սա արդեն կախվածության ցուցանիշ է, ինչին էլ գումարվում է նաեւ թմրամոլությունը։ Խոսելով ռիսկերի մասին՝ Նինա Կարապետյանցը պնդում է, որ սա կործանիչ ռիսկեր ունի։

 

«Շատ մեծ ռիսկեր կան։ Հասարակությանը բարոյալքելու, սնանկացնելու, կախվածության մեջ գցելու համար է սա։ Սա կործանարար երեւույթ է հատկապես մեր նման փոքր երկրների եւ ժողովուրդների համար։ Այս ռիսկերը ունի նաեւ թմրամիջոցների կտրուկ աճը։ Հատկապես վերջին տարում սրանք մեծ աճ են գրանցել, մինչեւ անգամ իրավապահներն են արդեն ակնհայտորեն վատ տեքստով  խոսում, խոստովանում, որ չեն հասցնում նման քանակի դեմ, ֆիզիկապես չեն հասցնում կանխարգելման պրոցեսներ իրականացնել։ Սա պատահական պրոցես չի, սրանց տարածումը պատահական բնույթ չի կրում, այլ մտածված է։ Թեպետ շատերը կասեն՝ սա հավանականության տեսություն է, բայց իրապես փոքր երկիրը քայքայելու համար կան հատուկ տեխնոլոգիաներ։ Տեխնոլոգիայի մաս են կազմում եւ՛ թմրամոլությունը, եւ՛ խաղամոլությունը, դրանց ակտիվ տարածումը։ Քիչ եկամուտ ունեցող մարդիկ չեն կարող խաղալ, շատ եկամուտ ունեցող մարդիկ գուցե հաճույքի համար փորձեն, բայց երբ մարդիկ խաղի մեջ դնում են իրենց վերջին գույքն ու ունեցվածքը, ծնողների թոշակը, երեխաների սոցնպաստը, դա արդեն կործանարար է»։

Խոսելով նաեւ բանակում տարածված թմրամոլության եւ խաղամոլության մասին՝ իրավապաշտպան Կարապետյանցը պնդում է, որ դա եւս այս քայքայիչ տեխնոլոգիայի մի մասն է։ Բարոյալքել մարդկանց, ապակայունացնել վիջակը ներսից կարելի է հենց այսպիսի գործուղություններով։

«Բոլոր այն զորամասերում, որտեղ նման դեպքեր են արձանագրվել, եւ կան նաեւ մահվան դեպքեր դրա հետ կապված, այդ զորամասի սպայական կազմը պիտի պատասխանատվության ենթարկվի։ Նրանք այնտեղ ունեն բավարար չափով անձնակազմ նման պրոցեսներ թույլ չտալու եւ կանխարգելելու համար։

Ոչինչ այդքան սերնդին չի քայքայում, որքան թմրամոլությունը եւ խաղամոլությունը։ Փակ տարածքում, օրինակ՝ բանակում, թույլ տալ դրանց տարածումը նշանակում է թույլ տալ ավելի քայքայվել, քան մենք ավելի քայքայված ենք այսօր»։ Այն հարցին, թե պետությունն ինչ միջոցառումներ է անում, որ ոչ մի արդյունք չկա, Կարապետյանցը նշեց, որ աշխատանքներ պետության կողմից տարվում են, սակայն պետք է բացահայտել դրանց՝ Հայաստանում հարտնվելու աղբյուրը, ինչ եղանակով են գալիս։ Իրավապաշտպանի խոսքով՝ թմրանյութը «օդից չի ընկնում», այսքան մեծ քանակ կա Հայաստանում, որ դա կա՛մ անօրինական ճանապարհով է բերվում, կա՛մ Հայաստանում է ստեղծվում, սակայն Հայաստանում ստեղծվելու համար բարձր որակավորմամբ մասնագետներ են անհրաժեշտ։ Ինչ էլ լինի, պիտի բոլոր ճանապարհները փակվեն բերելու, արտադրելու եւ վաճառելու։

«Մենք աշխատել ենք ոստիկանության հետ, նրանք ահռելի մեծ աշխատանք են տանում, սակայն նման քանակի դեմ դժվար է մինչեւ վերջ պայքարել։ Նրանք աջակցություն են խնդրում, որ տեղյակ լինելու դեպքում աջակցենք իրենց»։ Իրավապաշտպանը փաստում է, որ այս խնդրի լուծման գործը ոչ միայն իրավապահների վրա է, այլ նաեւ ընտանիքի։ «Ծնողները պետք է շատ ուշադիր լինեն երեխաների հարցում. տրամադրության կտրուկ փոփոխություն, անկումների, երեխաների ինքնամփոփվելու։ Բոլորս սթրեսի մեջ ենք, բայց պետք է սթափ լինել։ Բոլորս բոլորիս հանդեպ պետք է ուշադիր լինենք, սա այդ ժամանակաշրջանն է, ուսուցիչ, հարեւան, ծնող, ընկեր։ Պետք է իրար հանդեպ ուշադիր լինենք, ինչպես պատերազմի ժամանակ, տարբեր արհավիրքների ժամանակ։ Մենք կտրվել ենք իրարից, ամեն մեկս մեր հեռախոսի մեջ ենք. պիտի վերադառնանք ադեկվատ կյանքի։ Չի կարելի թույլ տալ, որ հասարակությունը գնա քայքայման. սա մեր պետականության հարցին է կպնում նաեւ»։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

ՎԻՃԱԿԸ՝ ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Հայաստանի ջրային ոլորտում բավականին ծանր եւ բարդ իրավիճակ է. այս մասին ասաց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:

 

«Ջրային ոլորտում բավականին ծանր եւ բարդ իրավիճակ է. մի կողմից բախվում ենք առկա ենթակառուցվածքների վիճակի հետ, որոնք, մեղմ ասած, լավ վիճակում չեն, մյուս կողմից՝ բախվում ենք կլիմայական ազդեցություններին եւ նրանց հետեւանքով մի շարք ջրաղբյուրների հետ կապված հարցերին, առկա ջրի պաշարներին՝ լինեն խմելու, ոռոգման, թե ջրամբարային ջրեր։

2023 թվականը բավականին բարդ եւ ծանր տարի էր այդ առումով։

Խմելու ջրի կորստի պատկերը կազմում է 63 տոկոս, որը սարսափելի մեծ թիվ է, բայց 2018 թվականին այդ թիվը կազմում էր 73 տոկոս։ Այսինքն՝ իրականում ինչքան էլ 63 տոկոսը սարսափելի է, ապա 73 տոկոսը ավելի սարսափելի էր, եւ թվերի այս տարբերությունը  ցույց է տալիս, որ այս ոլորտում իրականում աշխատանք կա, կորուստների նվազում կա, այլ բան է, որ բոլորս կցանկանայինք ավելի արագ տեմպով իջեցնել այս կորուստները։

Նույնը վերաբերում է ոռոգման ջրի ոլորտին, որտեղ, իհարկե, պատկերը մի փոքր մեղմ է։

Այստեղ ջրի կորուստը կազմում է 44-45 տոկոս՝ 2018 թվականի քառասունվեց տոկոսի համեմատ։ Այսինքն՝ 1 տոկոսից ավել նվազում ունենք»,- ասաց Սանոսյանը։

 

 

 

ԴԻՊԼՈՄ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ

2023 թվականի սեպտեմբերին, ի պատասխան մեր տեղեկատվական հարցմանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հայտնել է, որ մարզի հանրակրթական դպրոցներում աշխատող, միջնակարգ կրթությամբ 4 զինղեկ ազատվել է աշխատանքից, 9 զինղեկ կամավոր ատեստավորման համար հայտ է ներկայացրել։ Մարզպետին հարցրել ենք, թե կամավոր ատեստավորմանը մասնակից 9 զինղեկներից քանիսն է, ատեստավորումից բացասական արդյունք ունենալով, ազատվել աշխատանքից։ Տավուշի մարզպետարանից հայտնել են, որ 9 զինղեկներից 2-ը, ատեստավորումից բացասական արդյունք ունենալով, ազատվել է աշխատանքից: Այսպիսով, այս ուսումնական տարում Տավուշի դպրոցներից աշխատանքից ազատված զինղեկների թիվը դարձավ 6։ Մարզի հանրակրթական 76 դպրոցներում աշխատող, բարձրագույն կրթություն չունեցող 55 ուսուցչի ազատել են աշխատանքից։ Աշխատանքից ազատվածների զգալի մասը ուսուցչական աշխատանքի երկար տարիների  հաջողված  փորձ ուներ, հմտացած էր մանկավարժության մեջ, սակայն ֆինանսական, ընտանեկան եւ այլ պայմանների պատճառով աշխատանքին  զուգահեռ չէր կարողացել բուհում հեռակա սովորել, դիպլոմ ձեռք բերել։

 

 

 

«ՀՐԱԺԵՇՏԻ ՈՂՋՈՒՅՆ»  

Տավուշի մարզի տարածքից նախկինում ադրբեջանաբնակ 4 գյուղերի տարածքները Ադրբեջանին հանձնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց, Բաղանիս, Ոսկեվան գյուղերը հայտնվել են լրատվամիջոցների ուշադրության կետրոնում, բազմաթիվ լրագրողներ են այցելում սահմանամերձ  այդ գյուղեր, բնակիչներից հարցազրույցներ վերցնում: Վերջերս  Ոսկեվան գյուղի բնակիչ, 27-ամյա Նվեր Եգանյանը լրատվամիջոցներից մեկին Բաղանիս գյուղում տված հարցազրույցում 4 գյուղերի տարածքները Ադրբեջանին հանձնելու մտադրության համար խիստ քննադատել է Նիկոլ Փաշինյանին, նրան համարել հոգեկան հիվանդ: Նվեր Եգանյանը լրատվամիջոցին հայտնել է, որ  թավշյա  հեղափոխության ժամանակ ինքը սատարել է Նիկոլ Փաշինյանին, մասնակցել ցույցերին, ճանապարհներ փակել։  Հարցազրույցում Ն. Եգանյանը Նիկոլ Փաշինյանին հայհոյել է՝ նշելով Փաշինյանի «տիրու մերը, տիրու հերը», սակայն չասելով սեռական գործողություն  նշանակող բառը։ Նոյեմբերյանի տարածաշրջանում կեղծ լուր էր տարածվել, որ այդ հարցազրույցի պատճառով  Ն. Եգանյանին ձերբակալել են: Իրականում այդ հարցազրույցը Նվեր Եգանյանը տվել էր Բաղանիսում՝ Ռուսաստան մեկնելու ճանապարհին։  Այժմ նա գտնվում է Ռուսաստանում, նրա հարցազրույցը հեղափոխության մասնակցի «հրաժեշտի ողջյունն»    էր Նիկոլ Փաշինյանին։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս