ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՉԿԱ ՎԵՐԱԴԱՐՁ ԱՐՑԱԽ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 20-ին կազմակերպված հանրահավաքի արդյունքներից տեղեկանալու համար ArmLur.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր, «Արդարություն եւ վերադարձ» հասարակական կազմակերպության ղեկավար Մետաքսե Հակոբյանի հետ:

 

«Այն նախաձեռնող խումբ է կազմակերպել, եւ չենք կարող դիտարկել որպես համաարցախյան հանրահավաք: Դա մի քանի հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ է կազմակերպվել, եւ նպատակն էր բարձրացնել սոցիալական մի քանի հարցեր: Ելնելով Կառավարության հեթական որոշումներից՝ ուղղակի ակնհայտ է, որ, միեւնույնն է, ինչ որոշումներ որ կանխավ կային, ոչ մի փոփոխություն դրանք չեն կրել: Այս հարցի վերաբերյալ մենք մեր դիրքորոշումն ունենք եւ գտնում ենք, որ որեւէ սոցիալական ծրագիր չի կարող արդյունավետ լինել՝ անկախ իր ծավալից, եթե այն չի ներառում Արցախ վերադառնալու բաղադրիչը: Այս ամենին զուգահեռ՝ հայաստանյան իշխանություններն իրենց քաղաքականությունում չունեն հայերին Արցախ վերադարձնելու բաղադրիչ եւ, հետեւաբար, միտում ունեն փակելու Արցախի հարցը: Անդրադառնալով Արցախից բռնի տեղահանված անձնաց տրամադրվող 40+10 հազար դրամական աջակցությանը՝ Հակոբյանը նշեց, որ ծրագիրը մինչեւ տարեվերջ շարունակելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր իր ասուլիսի ժամանակ, սակայն չի բացառում նաեւ հանրահավաքների ազդեցությունն այդ որոշման վերաբերյալ: «Բնականաբար հանրահավաքներն ունեցան իրենց ազդեցությունը, քանի որ բողոքներ կլինեին, եւ մարդիկ չէին ընդունի ծրագրի դադարեցման մասին որոշումը: Կարծում եմ՝ այս հանգամանքը հաշվի է առնվել, սակայն, միեւնույնն է, ես (նաեւ շատ արցախցիներ) մնում եմ այն կարծիքին, որ սոցիալական ծրագրերը չեն կարող երբեւէ բավարարել արցախցիների պահանջը, քանի դեռ դրանք չեն պարունակում իրենց մեջ Արցախ վերադառնալու բաղադրիչ»,- նշեց Հակոբյանը:

ArmLur.am-ի հետ զրույցում Մետաքսե Հակոբյանը ներկայացրեց նաեւ «Արդարություն եւ վերադարձ» հասարակական կազմակերպության առաջիկա քայլերն ու ծրագրերը: Նրա խոսքով՝ հասարակական կազմակերպությունը, մարտի 30-ից սկսած, կձեռնարկի այցեր դեպի Հայաստանի 10 մարզեր՝ հանդիպելու տվյալ մարզերում բնակություն հաստատած բռնի տեղահանված երիտասարդ արցախցիների հետ: «Մարտի 30-ին այս ծրագրի շրջանակում մեր առաջին այցը կկատարենք Կապան: Ծրագիրը նպատակ ունի լսելի դարձնել արցախահայության ձայնը, վեր հանել Հայաստանում բնակություն հաստատած՝ բռնի տեղահանված արցախցիների խնդիրները, քննարկել եւ ի մի բերել այն բոլոր հնարավոր տարբերակներն ու ուղիները, որոնք կարող են օգնել բոլորիս վերադառնալ Արցախ, քննարկել այս պահին տիրող իրավիճակը, հասկանալ, թե ինչ խնդիրների են բախվում արցախցի երիտասադրները Հայաստանում, եւ գտնել դրանց լուծման ճանապարհային քարտեզը, հասկանալու արցախցի երտասարդների խնդիրներն ու պահանջները, եւ թե նրանք ինչպես են տեսնում հայերի վերադարձն Արցախ: Բոլոր 10 մարզերի այցելությունից հետո կկատարվի արդյունքների վերլուծություն, եւ կներկայացվեն ՀՀ Կառավարությանը՝ որպես արցախցիների ձայն»,- նշեց Մետաքսե Հակոբյանը:

Ծրագրի ավարտին ՀԿ-ն հանդես կգա մամուլի ասուլիսով, որի ընթացքում կներկայացվի քննարկումների ամփոփ պատկերը: Աշխատանքների արդյունքները կներկայացվի ՀՀ կառավարությանը, միջազգային կազմակերպություններին եւ բարերարներին հետագա ծրագրերի իրականացման նպատակով:

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 

 

ՄԻ ՇԱՐՔ ԾՐԱԳՐԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ

Երեւանի քաղաքապետարանը թատերական կյանքն է՛լ ավելի ակտիվացնելու նպատակով 2024 թվականին մի շարք ծրագրեր է իրականացնելու:  Այս մասին հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ Թատրոնի համաշխարհային օրվա կապակցությամբ  հրապարակած իր ուղերձում:

 

«Սիրելի՛ երեւանցիներ, թատերաշխարհի սիրելի՛ ներկայացուցիչներ,

ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Թատրոնի համաշխարհային օրվա առիթով: Վստահաբար կարելի է ասել, որ Երեւանի մշակութային կյանքում թատրոններն առանցքային տեղ են զբաղեցնում:

Այդ երեւանցիներն ու մեր քաղաքի հյուրերն են, նշանավոր դերասաններն ու բեմադրիչներն են, հանդերձապահներն ու տեխնիկական մասի պատասխանատուներն են իրենց ներկայությամբ եւ հոգատարությամբ շենք- շինություններն ապրեցնում՝ արժանացնելով դրանք թատրոն կոչվելու պատվին:

Այդ մշակութային օջախներն են քաղաքին շունչ ու կենդանություն տալիս՝ ճարտարապետությանը հաղորդելով մշակութային դիմագիծ:

Երեւանի քաղաքապետարանը թատերական կյանքն է՛լ ավելի ակտիվացնելու նպատակով մի շարք ծրագրեր է իրականացնելու այս տարի: Մասնավորապես, հրատարակվելու են համաշխարհային ճանաչում ունեցող 5 ժամանակակից դրամատուրգների շուրջ 20 պիեսներ:

Այնուհետեւ կհայտարարվի «Թատերական Երեւան» անունը կրող դրամաշնորհի բաց մրցույթը, որի շրջանակում նոր թարգմանված պիեսների հիման վրա թատրոններին եւ թատերական նախաձեռնություններին ֆինանսական աջակցություն կտրամադրվի բեմադրություններ իրականացնելու նպատակով:

Վստահեցնում եմ՝ մեր քաղաքում մշակութային, այդ թվում՝ թատերական կյանքը շարունակաբար աշխուժանալու է թե՛ որակական, թե՛ քանակական առումով: Միայն այս ճանապարհով է հնարավոր Երեւանը դասել աշխարհի առաջավոր մշակութային քաղաքների շարքին, ինչն էլ մեր միասնական նպատակն է:

Սիրելի՛ երեւանցիներ, քաղաքի հյուրե՛ր, մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս Թատրոնի համաշխարհային օրվա կապակցությամբ»,- ասված է քաղաքապետի ուղերձում:

 

 

ՊՏՂԱՏՈՒՆԵՐԸ ՉԵՆ ՎՆԱՍՎԻ

Նախորդ գիշեր Արարատյան դաշտում եւ դրա նախալեռնային գոտիներում օդի ջերմաստիճանը կտրուկ նվազել է, սակայն ծաղկած պտղատուների համար վտանգավոր ցուցանիշներ չեն գրանցվել. այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:

Օդի նվազագույն ջերմաստիճանն առավոտյան՝ 06։00-07։00 ընկած ժամանակահատվածում, Արարատում գրանցվել է + 0,5C, Արտաշատում՝ + 0,8C, Մերձավանում՝ – 0,7C, Արմավիրում՝ 0 C, Աշտարակում՝ – 0,8C, Արենիում՝ – 0,6C, Ուրցաձորում՝ + 0,3C:

Ցածր ջերմային ֆոնը կպահպանվի նաեւ առաջիկա գիշերվա ընթացքում, սակայն մարտի 29-30-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում գիշերը կբարձրանա 6-8, ցերեկը՝ 5-6 աստիճանով։

Մարտի 27-ի լույս 28-ի գիշերը՝ լուսադեմին՝ ժամը 06։00-07։00 ընկած ժամանակահատվածում, Արարատյան դաշտի առանձին հատվածներում օդում սպասվում է 0… -1 աստիճան ցուրտ։

Մասնագիտական վերլուծությունները ցույց են տվել, որ սպասվող բացասական ջերմաստիճանի շատ կարճ տեւողությունը եւ փոքր արժեքները առանձնապես չեն կարող ազդել ծաղկած պտղատուների վրա։

 

 

 

ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՆՈՐՈԳՈՒՄ

Հայաստանում 2023 թվականին կառուցվել, հիմնանորոգվել ու վերանորոգվել է 803 կմ ճանապարհ, որից 556 կմ-ը՝ պետական բյուջեից իրականացվող ծրագրերի շրջանակներում:

Այս մասին ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:

«Ընդհանուր առմամբ, եթե բոլոր ճանապարհաշինական ծրագրերը միավորենք, հանրապետությունում կառուցվել, հիմնանորոգվել կամ վերանորոգվել է 803 կմ ճանապարհ»,-ասաց Սանոսյանը:

556 կմ-ն ամբողջությամբ պետական բյուջեից իրականացված ծրագրերն են: 556-ից 501-ն  ամբողջությամբ արված, ավարտված աշխատանքներն են: Դեռեւս կան 55 կմ ճանապարհի աշխատանքներ, տեղադրված են առաջին կամ երկրորդ շերտը, բացակայում է վերջնական շերտը:

«Դա արել ենք մի պարզ պատճառով. արդեն նոյեմբեր կամ դեկտեմբերն էր: Չենք ցանկացել, որ որակի հետ կապված խնդիր լինի: Շինարարին ասել ենք, որ հաջորդ տարի վերջին շերտը կտեղադրենք»,- ասաց նախարարը։

Կատարվել են նաեւ սուբվենցիոն ծրագրերով իրականացված ասֆալտապատման աշխատանքներ, 210 կմ ասֆալտապատում եւ 38 կմ սալարկում:

 

 




Լրահոս