«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու՝ ԲԴԽ դատավոր անդամի թեկնածությունից հրաժարվելը բավականին խոր արմատներ ունի։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ժողովից առաջ ՀՀ իշխանության ամենաբարձր օղակներից նրա առաջ կոնկրետ հարցեր են դրել, որոնք անլուծելի են եղել բարոյականության դաշտում, եւ, ահա, դատավորը կայացրել է որոշում հրաժարվել ԲԴԽ գնալու մտադրությունից:
Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված՝ դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին:
Ինձ համար մեծագույն պատիվ կլիներ դատավորներին տվյալ մարմնում ներկայացնելը, սակայն նժարին դրված էին իմ անձի հետ առնչություն չունեցող հարցեր, որոնք, իմ գնահատմամբ, ավելի կարեւոր են, քան Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալը. հակառակ մոտեցումը կարող էր գնահատվել եսասիրական:
Հայցում եմ բոլոր դատավորների ներողամտությունը, հատկապես՝ նրանց, ովքեր իմ՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալու հետ կապված ունեցել են դրական սպասումներ»։
Հանրության հետ կենդանի շփումների եւ տարբեր սոցհարցումների արդյունքները հիասթափեցրել են հայրենի իշխանություններին: Արդեն տեւական ժամանակ է, ինչ Նիկոլ Փաշինյանը թե’ անձամբ է գնում մարզեր, գյուղեգյուղ շրջում, տեղացիների հետ շփվում, թե՛ իր թիմակիցներին է ուղարկում այնտեղ: Փաշինյանի եւ ՔՊ-ականների այս այցերը մեկ հստակ նպատակ ունեն՝ շոշափել հանրային տրամադրությունները եւ հասկանալ՝ ինչ վարկանիշ իրենք ունեն: Ահա այս այցերը, մարդկանց հետ կենդանի շփումները, մեղմ ասած, խորը հիասթափեցրել են իշխանություններին, քանի որ հստակ ցույց են տվել, որ իրենց վարկանիշը շատ կտրուկ անկում է ունեցել: Սրա մասին նաեւ Փաշինյանին պարբերաբար մարզեր «գործուղված» իր թիմակիցներն են զեկուցել: Այսինքն՝ ՔՊ-ականների այցերը տարբեր մարզեր արդյունք չեն տվել ու չեն արդարացրել հույսերը: Դե իսկ մայրաքաղաք Երեւանում իրավիճակն ավելի հուսադրող չէ իշխանության համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հենց այս է եղել նաեւ պատճառը, որ վերջին շրջանում իշխանությունները նաեւ հետ են կանգնել արտահերթ ընտրությունների մտքից, քանի որ այս անգամ վարչական ռեսուրսն էլ անգամ կարող է չօգնել իրենց:
ՀՀ վարչապետի աշխատակազմը 16 մլն 755 հազար դրամի պայմանագիր է կնքել «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ՍՊԸ-ի հետ՝ հանրության շրջանում պետության եւ պետականության վերաբերյալ ընկալումների մասին հետազոտության համար։ Պայմանագրի նկարագրության հատվածից հասկանում ենք, որ հետազոտությունն արվում է ՀՀ քաղաքացիների՝ պետության վերաբերյալ ընկալումների, դիրքորոշումների վերլուծության, ռիսկերի գնահատման եւ կառավարման համար։ Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարմանը մնացել է 730 օր՝ գրեթե 2 տարի, եւ վարչապետին անհանգստացնում է սեփական աթոռից հեռանալու հանգամանքը։ Բանն այն է, որ նա տեղյակ է իր ընկած եւ հողին հավասարվող ռեյտինգի մասին, եւ եթե անգամ որոշակի ձայներ հավաքի, միեւնույնն է, չի կառավարելու։ Նրա աշխատանքի եւ անձի հանդեպ անվստահությունը հատել է թույլատրելի սահմանը։ Փաշինյանը եւ նրա իշխանությունը փորձում են երկարաձգել սեփական կառավարման ժամանակահատվածը, ինչը, «ցավոք», դժվար թե ստացվի։ Հենց այս կասկածն է նրան ստիպել, որ սեփական անձի մասին հետազոտություն իրականացվի, որին պետք է մասնակցի 1200 քաղաքացի, իսկ հարցման վերջնաժամկետը նշանակված է մինչեւ 2024 թվականի հունիս։ Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին խոսակցություններ էին շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է Հայաստանը տանել դեպի նոր խորհրդարանական ընտրություններ, սակայն վախը, որ չի արժանանա հանրության քվեին, նրան հետ պահեց այդ քայլից։
Դատավոր Ռուբիկ Մխիթարյանի գրեթե ողջ ընտանիքը արդարադատական համակարգում է: Դժվար է ասել՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանն է արդյոք նպաստել ընտանիքի նման հաջող կադրային դասավորությանը, թե նրա կինը, բայց «սքրինշոթ»-ների հերոսը իշխանություններից իրավամբ դժգոհելու առիթ չունի։ Նրա կինը` Ալիսա Մկրտչյանը, Սնանկության դատարանում է աշխատում, դուստրը` Ռուբինա Մխիթարյանը՝ Արդարադատության նախարարությունում, իսկ վերոնշյալ անձանց հայտարարագրերում եկամուտները արտացոլված են անվերջ դրամական նվերներով։ Ըստ ամենայնի, դատավոր Մխիթարյանի համար «ապագա կա»-ն վաղուց լուծված հարց է: