Արգենտինյան Todos Noticias հեռուստատեսության եթերում եւ առցանց հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Բուենոս Այրեսում նկարահանված հարցազրույցը:
Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ համագործակցության ընդլայնման հեռանկարներին, պաշտոնական այցի ընթացքում այդ ուղղությամբ կայացած քննարկումներին, ինչպես նաեւ Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին:
Վերջինիս համատեքստում նշվել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների, առկա մարտահրավերների եւ դրանց հանգուցալուծմանն ուղղված ՀՀ ջանքերի մասին:
«Բարդություններ կան, մարտահրավերներ կան, իհարկե, բայց մենք հավատում ենք, որ հնարավոր է հասնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը: Մեր կողմից մենք կառուցողական ջանքեր ենք գործադրում լուծումներ գտնելու համար։
Երբ մենք խոսում ենք պայմանագրի ստորագրման մասին, ապա կան կարեւոր կետեր, որոնց շուրջ պետք է լինի փոխհամաձայնություն: Դրանցից է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն ու սահմանների սահմանազատումը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա»,- ասել է Արարատ Միրզոյանը:
Նախարար Միրզոյանը պատասխանել է նաեւ Եվրոպական միության, ՆԱՏՕ-ի հետ գործընկերությանը վերաբերող եւ այլ հարցերի:
«Մենք ժողովրդավարական երկիր ենք եւ ցանկանում ենք ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները։ Մենք տեսնում ենք, որ, օրինակ, Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը (ԵՄ) հիմնական գործընկերներն են։ Մենք նաեւ տեսանք, որ ԵՄ-ն պատրաստ էր քաղաքացիական առաքելություն ուղարկել, եւ սահմանին իրավիճակը զգալիորեն բարելավվեց, նրանց ներկայությունը մեծապես նպաստում է տարածաշրջանի եւ Հայաստանի մի մասի խաղաղությանը»,- ասել է Միրզոյանը։
Ըստ նախարարի՝ Ռուսաստանը խաղաղության երաշխավորներ էր ուղարկել 2020 թվականին՝ Լեռնային Ղարաբաղում անվտանգության վերահսկման համար, սակայն տեղի են ունեցել բազմաթիվ հարձակումներ Հայաստանի սահմանի վրա։
«Անվտանգության այն մեխանիզմները, որոնք մենք ունեինք մի քանի տասնամյակ շարունակ, չաշխատեցին։ Այդ իսկ պատճառով մենք պետք է խնդրեինք, որ Եվրամիությունը գար ու դիտարկեր իրավիճակը։ Այժմ մենք խորացնում ենք տնտեսական եւ քաղաքական հարաբերությունները Բրյուսելի եւ Վաշինգտոնի հետ։ Ես դա շրջադարձ չէի անվանի, մենք փորձում ենք ապահովել մեր անվտանգությունը, եւ դրա համար տեսնում ենք, որ լավ գործընկերներ կան Արեւմուտքում»,- ասել է Միրզոյանը։
Նրա խոսքով՝ այն խնդիրները, որոնք կան Ռուսաստանի հետ հարաբերություններում, անհնար է թաքցնել։
«Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությանը, ապա ոչ։ Դա այն կետը չէ, որն այսօր Հայաստանի օրակարգում է։ ԵՄ-ի դեպքում կարող եմ ասել, որ հայերն իսկապես ունեն եվրոպական ձգտումներ, եւ կցանկանայի մեջբերել ՀՀ վարչապետի խոսքերը. «Հայաստանը պատրաստ է մոտ գտնվել ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր է համարում»»։
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՈՒՇԱԳԻՐ
Ս.թ. մարտի 29-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը աշխատանքային այցով գտնվել է Սլովենիայի Հանրապետությունում, որտեղ երկու երկրների ֆինանսների նախարարությունների միջեւ ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եւ Սլովենիայի Հանրապետության ֆինանսների նախարարության միջեւ տեխնիկական համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը (այսուհետ՝ Հուշագիր)։ Հանդիպման ընթացքում նախարարները ընդգծել են երկու երկրների միջեւ կանոնավոր երկկողմ (միջգերատեսչական) համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ բյուջետային, հարկային, պետական ֆինանսների կառավարման ոլորտներում։ Այս մասին տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից:
Հուշագրով ստանձնած պարտավորություններին համապատասխան՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել տեխնիկական եւ մասնագիտական գիտելիքների մասով փորձի փոխանակումը, ինչպես նաեւ տեղեկատվության փոխանակումը կարողությունների զարգացման այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են՝ քաղաքականությունների մշակում, որոշումների կայացման գործընթացների արդյունավետություն, ոլորտի օրենսդրության կատարելագործում եւ այլն:
Նշյալ ուղղություններով համագործակցությունը նախատեսվում է իրականացնել նախարարությունների աշխատակիցների ճանաչողական այցերի, վերապատրաստման ծրագրերին եւ սեմինարներին, աշխատաժողովներին եւ ֆորումներին մասնակցության տեսքով:
Այցի շրջանակում նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաեւ Լյուբլյանայի Ֆինանսական զարգացման կենտրոն (CEF), որտեղ կազմակերպության ղեկավարության հետ քննարկվել են ՀՀ ֆինանսների նախարարության՝ որպես տվյալ ոլորտի գիտելիքների ու փորձառության լավագույն ինստիտուտի համագործակցության հնարավորությունները կարողությունների խթանման համատեքստում։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել վերջինիս զարգացման ու արդիականացման ճանապարհային քարտեզի մշակման նպատակով խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ։
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԵՆ ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները ՀՀ սահմանազատման եւ սահմանագծման հարցերով ԱԺ հրատապ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ են հանդես եկել: Այս մասին ArmLur.am-ին հայտնեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ։
Ընդդիմադիրներն առաջարկում են, որ հրատապ նիստին զեկույցով հանգես գան փոխվարչապետ, սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներով զբաղվող հայ-ադրբեջանական հանձնաժողովի աշխատանքների համակարգող Մհեր Գրիգորյանը եւ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նիստը տեղի կունենա ապրիլի 9-ին մեկնարկող քառօրյայի հենց առաջին հիմնական նիստին, այսինքն՝ երեքշաբթի՝ ժամը 2.30-16.00-ին:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՍՊԵԿՏ ՉԿԱ
Հայաստանը ռուսական «Միր» քարտերի սահմանափակման հետ որեւէ կապ չունի: Այս մասին ապրիլի 1-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:
«Դա մասնավոր ոլորտն է որոշում, եւ, եթե չեմ սխալվում, որոշ բանկեր այդ որոշումը կայացրել են, որ դադարեցրել են, եւ կան բանկեր, որ չեն դադարեցրել: Ես այստեղ չեմ ուզում որեւէ քաղաքական ասպեկտ դնել:
«Միր» համակարգը միջազգային չէ, այն գործում է սահմանափակ թվով երկրներում, եւ ուզում եմ արձանագրել, որ Հայաստանը մի երկիր է, որն ունի բանկային համակարգի մաս կազմող բանկ, որտեղ «Միր» քարտերը գործում են: Այլ բան է, որ այն մասայականությունը, որ կար 1-2 տարի առաջ, այժմ չկա: Բայց այս հարցը քաղաքական հարց չէ, տնտեսական եւ մաքուր տնտեսական ռիսկերի գնահատման հարց է. որոշումը կայացրել են բանկերը, ես ձեզ վստահեցնում եմ»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը:
ԵԿԵՂԵՑԻՆ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է
Թուրքիայի Սիվաս (Սեբաստիա) նահանգում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին հանվել է վաճառքի: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Նշվում է, որ 1915-ի Հայոց ցեղասպանությունից հետո լքված եկեղեցին տեղաբնակ Հաթիջե Աքայ անունով մեկի սեփականությունն է դարձել, որն էլ, որոշելով վաճառել այն, դիմել է անշարժ գույքի գործակալություն:
Անշարժ գույքի գործակալն էլ թուրքական «DHA» լրատվական գործակալության հետ զրույցում հայտնել է, որ եկեղեցին վաճառելու հարցում խոչընդոտներ չկան:
«Կա սեփականության վկայական, եւ չկան խոչընդոտներ վաճառքի հարցում: Եկեղեցին 1-ին աստիճանի պահպանվող տարածք է եւ գտնվում է պաշտպանության ներքո: Այսօրվանից ի վեր այն հանել ենք վաճառքի եւ դրա դիմաց ուզում ենք 16 մլն լիրա (շուրջ 500,000 դոլար):
Նշենք, որ եկեղեցին գտնվում է Գյոյդյուն գյուղում եւ կառուցվել է 19-րդ դարում: Այն 2012-ին գրանցվել է որպես 1-ին խմբի պահպանություն պահանջող մշակութային անշարժ գույք:
Սրբատաշ քարերով կառուցված հայկական եկեղեցու ներքին եւ արտաքին պատերին փորագրված են խաչի պատկերներ: