ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մի կողմից, քննադատում է ռուսներին, ակնհայտ հակառուսական քայլեր իրականացնում, մյուս կողմից՝ քավորին, ՔՊ խմբակցությունից եւս 2 հոգու, որպես դիտորդ, ուղարկում է ՌԴ նախագահական ընտրությունները դիտարկելու: Ավելին՝ նրանք տվել են դրական եզրակացություն՝ ՌԴ նախագահական ընտրությունների թափանցիկության, արդարության եւ օրինականության վերաբերյալ:
Այսպիսով, մարտի 15-ին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ, երկկողմ փոխհարաբերությունների բերումով ՌԴ նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար 2024 թվականի մարտի 14-18-ը Մոսկվա են գործուղվել Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը եւ Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Գեւորգյանը: Դրանից բացի, ԱՊՀ միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափով դարձյալ Մոսկվա են գործուղվել ՔՊ անդամ երկու պատգամավորներ Ալեքսանդր Սանդիկովը եւ Միքայել Թումասյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջիններս նաեւ միասնական եզրակացություն են ստորագրել, համաձայն որի՝
ՌԴ նախագահի ընտրություններն անցել են ազատ, արդար եւ թափանցիկ: Ասել է թե՝ Պուտինը լեգիտիմ նախագահ է: Եզրակացությունը կհրապարակվի առաջիկայում:
«Ժողովուրդ» օրաթերթը Նիկոլ Փաշինյանի քավոր, ՔՊ-ական Վահե Ղալումյանից փորձեց պարզել՝ արդյոք ինքն անձամբ այնտեղ Պուտինի ընտրության մշտադիտարկման աշխատանքներին մասնակցել է. եթե այո, ինչ-որ խախտումներ արձանագրել է արդյոք։ ՔՊ-ականն իրեն հատուկ ոճով հարցը լսելիս անջատեց ու այլեւս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Որպես ամփոփում թերեւս արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական անկայունությունը դրսեւորվում է նաեւ ամենասուր պահերին։ Մի կողմից՝ ՌԴ-ի դեմ արշավներ է անում, մյուս կողմից՝ իր միջազգային գորընկերների պատկերացումներին տրամագծորեն հակառակ քայլեր է անում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարմանը մնացել է 730 օր՝ գրեթե 2 տարի, եթե չոր հաշվարկ անենք։ Այս տարիների ընթացքում նախկինների կողմից արմատացած մոլությունները մերժող այսօրվա իշխանությունները ստեղծեցին նոր պաշտամունքներ՝ թեժացնելով աթոռապաշտությունն ու անձի պաշտամունքի գաղափարը։ Նրանք, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կախված են սեփական աթոռից, իսկ հեռանալու վտանգը, հաշվարկված օրերի համաձայն, դամոկլյան սրերի պես կախված է նրանց գլխին։ Անհայտ է, թե վերջին տարիներին Արցախի 11.458 կմԱ տարածքը հանձնած եւ ՀՀ սուվերեն որոշ տարածքների նկատմամբ ակնհայտ հակահայ նպատակներ հետապնդող ՀՀ վարչապետը ինչպես է պատրաստվում հուսալ, որ կարժանանա ժողովրդի վստահության քվեին։ Անգամ «Գելլափ»-ի հարցումները, ամերիկյան կազմակերպությունների հարցումները հրապարակավ վկայում են, որ հաջորդ ընտրություններում Նիկոլ Փաշինյանը այսօրվա միահեծան կառավարման համակարգը չի ունենալու, եթե չասենք, որ Սահակաշվիլու նման նրան կմերժի ժողովուրդը. Փաշինյանի այսօրվա կարգավիճակին մնացել է 730 օր:
Առաջիկայում ՔՊ-ն կհանդիպի ՍԴ դատավորի թեկնածուի հետ։ Մեզ հայտնի դարձավ, որ ՔՊ-ականները դրական են տրամադրված Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբոր՝ Դավիթ Խաչատուրյանի հետ հանդիպմանը եւ, ինչպես ներքին խոսակցությունների ժամանակ են ասել, արդեն նրան մեկ անգամ լսել են ու քվեարկել, որ նա Վճռաբեկ դատարանի դատավոր դառնա, ուստի այս անգամ էլ որոշումը դրական կլինի։ Ըստ էության, ՔՊ-ականները Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին հաճոյանալու համար կքվեարկեն նրա եղբոր օգտին հնարավոր քրեական պատասխանատվությունից իրենց ապահովագրելու համար։ Երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն էր տարածել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջարկելու մասին: «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը»,- ասվում է հայտարարության մեջ: Նկատենք,որ Դավիթ Խաչատուրյանին առաջին անգամ դատավորները մերժեցին, եւ նրա փոխարեն ԱԺ գնաց Դավիթ Բալայանը, սակայն ՔՊ-ն մերժեց նրան։ Արդյունքում դատավորները երկրորդ անգամ հավաքվեցին եւ, ըստ էության, ճնշումների արդյունքում քվեարկեցին Սասուն Խաչատրյանի եղբոր օգտին, ու նա կգնա ԱԺ՝ ներկայանալու ՔՊ-ի դատին։
ArmLur.am-ի ապրիլմեկյան կատակների շարքը, հերիք չէ, իշխանականների վերնախավը սրտին շատ մոտիկ ընդունեց, հիմա էլ այդ կատակներից մեկը կարծես աստիճանաբար ճշմարտություն է դառնում։ Խոսքն «Ակադեմիական քաղաք» նախագծի մասին է։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը մոտ կանգնած՝ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ լուրջ քննարկում է ունեցել, որի հիմնական թեման «Ակադեմիական քաղաք» նախագիծն է եղել։ Փաշինյանը կարծիք է հայտնել, որ նախագիծը դժվար իրագործելի է, դժգոհություններ է հարուցել, եւ դժվար թե մինչեւ 2030 թվականն այն իրականանա։ ՀՀ վարչապետի խոսակցությունը գնացել է նախագծի չեղարկման ուղղությամբ։ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԿԳՄՍ նախարարության մամուլի քարտուղարին, որը մեզ հետ զրույցում ասաց հետեւյալըգ ««Ակադեմիական քաղաք» նախագիծը սահմանված ընթացակարգով առաջ է գնում եւ սահմանված կարգով իրականացվում է։ Առաջիկայում սպասվում է «Ակադեմիական քաղաք» նախագծի հանրայնացում, որին կհրավիրվեն նաեւ ԶԼՄ ներկայացուցիչները»։ Նախարարությունը պնդում է, որ հստակ որոշում ունի՝ ամեն գնով իրագործել «Ակադեմիական քաղաք» նախագիծը, սակայն մինչ օրս բարձրագույն ուսումնական հաստատություններից՝ ե՛ւ պետական, ե՛ւ մասնավոր, հստակ համաձայնություն ու կարծիք չեն ստացել: Հիշեցնենք, որ բուհերը ինքնավար մարմիններ են եւ, ըստ օրենսդրության, անկախ են: