ՉԲԱՎԱՐԱՐՎԵԼՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՌԱՋԸՆԹԱՑՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ  Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ եռակողմ հանդիպմանն ընդառաջ մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթը սկսեց գործընկերներին շնորհակալական խոսքով՝ ինքնիշխան, դիմակայուն եւ բարգավաճ Հայաստանի համար հավաքական հանձնառության համար։

 

Վարչապետը կարեւորել է եռակողմ այս հանդիպումը՝ այն անվանելով Միացյալ Նահանգների եւ ԵՄ-ի հետ ընդլայնվող գործընկերություն։ «Չբավարարվելով ձեռք բերված առաջընթացով՝ մենք կքննարկենք Հայաստանի ջանքերը՝ ուղղված ժողովրդավարական ինստիտուտների դիմակայունության ամրապնդմանը։ Մենք համոզված ենք, որ մեր համագործակցության հիմքում ընկած է մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը: Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է արդարադատության եւ հանրային հատվածի բարեփոխումներն առաջ մղելու իր հանձնառությունն՝ ավելի ուժեղ, ավելի ապահով եւ առաջադեմ երկիր կառուցելու համար», – ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն իր ելույթում նշեց՝ հիմնվելով արդյունավետ քաղաքական համագործակցության վրա՝ ճիշտ ժամանակն է առաջ մղել տնտեսական համագործակցությունը, խթանել առեւտուրը եւ ընդլայնել գործընկերությունը շարժունակության ոլորտում։ «Մենք վճռական ենք բարձրացնելու Հայաստանի մասնավոր հատվածի մրցունակությունը նոր շուկաներ մուտք գործելու նպատակով: Ավելին՝ մենք պատրաստ ենք բարելավել մեր ներդրումային միջավայրը եւ այն ավելի գրավիչ դարձնել եվրոպական եւ ամերիկյան ընկերությունների համար: Մենք ակնկալում ենք, որ մեր գործընկերները մեզ կաջակցեն արդիականացնել Հայաստանի որակի ենթակառուցվածքը, կառուցել բիզնես ցանցեր եւ ուսումնասիրել առեւտրի դյուրացման հնարավոր սխեմաները»,-ասաց վարչապետ Փաշինյանը։

Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայերի կարիքներին՝ վարչապետը կարեւորեց նրանց արժանապատիվ կյանքը վերականգնելը բնակարանային եւ տնտեսական ակտիվացման քաղաքականությունների միջոցով։

Խոսելով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումից՝ Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ վերահաստատեց Հայաստանի հավատարմությունը գործընթացին՝ հիմնված միմյանց ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի: Նա հավելեց, որ Հայաստանը նաեւ լիովին հավատարիմ է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատմանը եւ տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակմանը, որը հիմնված է երկրների ինքնիշխանության եւ իրավազորության, հավասարության եւ փոխադարձության սկզբունքների լիարժեք հարգման վրա»։

Իր ելույթի վերջում վարչապետ Փաշինյանը նշեց, որ այդ ամենին հասնելու համար կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, եւ հույս հայտնեց, որ գործընկերները կաջակցեն, որպեսզի նախաձեռնությունն ինտեգրվի ԵՄ Գլոբալ դարպասների ռազմավարության հետ։

«Ես հավատում եմ, որ ժողովրդավարական, խաղաղ եւ բարգավաճ ապագայի մեր ընդհանուր տեսլականը կշարունակի ծառայել որպես մեր փոխվստահելի հարաբերությունների հիմնասյունը ու առաջնորդող փարոս», – եզրափակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

 

 

 

ՈՂՋՈՒՆԵԼԻ Է ՀԱՄԱՐՈՒՄ

Եվրոպական խորհրդարանի իտալացի պատգամավոր Մասիմիլիանո Սալինին ողջունելի է համարում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության բանակցությունները եւ հանդիպումները, սակայն կարծում է, որ չպետք է մոռանալ հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից։

«Ողջունելի են բանակցությունները, խաղաղության համար հանդիպումները, երկխոսությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչը վկայակոչում են միջազգային հանրությունը եւ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Զատկի իր ուղերձում։ Բայց մենք չենք կարող եւ չպետք է մոռանանք կամ ձեւացնենք, թե չենք հիշում քրիստոնյա ժողովրդի ողբերգական ջնջումը Լեռնային Ղարաբաղից, որն արմատախիլ է արվել մի հողից, որտեղ ապրում է չորս հազար տարի: Այժմ, երբ ուշադրությունը պատերազմի այս օջախի վրա է նորից, հայ ժողովրդի դեմ ագրեսիան չի կարելի եւ չպետք է թերագնահատել կամ օրակարգից հանել»,- «Ինստագրամ»-ի իր էջում գրել է ԵԽ պատգամավոր, Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի անդամ (քրիստոնյա դեմոկրատներ) Մասիմիլիանո Սալինին։

 

 

 

ՎԱՐԿ Է ՎԵՐՑՆԵԼՈՒ

Հայաստանը պատրաստվում է 25,1 մլն եվրոյի վարկ վերցնել՝ Երեւանի շենքերի էներգաարդյունավետությունը բարելավելու համար։ Այս մասին ապրիլի 5-ին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ ֆինանսական, վարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ փուլը» ֆինանսական համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ, որը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ։

Վարկը, նրա խոսքով, ուղղված է լինելու շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանը։ Խոսքն էլեկտրաէներգիայի սպառումը նվազեցնելու եւ էներգիայի այլընտրանքային աղբյուրներով փոխարինելու միջոցառումների մասին է։ Ծրագիրը կընդգրկի 32 մանկապարտեզ եւ 6 կլինիկա։

Ծրագրի ընդհանուր չափը գնահատվում է 37,1 մլն եվրո։ Մայրաքաղաքի քաղաքապետարանի համաֆինանսավորումը կկազմի 2 մլն եվրո։ Բանկի կողմից տրամադրվող վարկի չափը կկազմի 25 մլն եվրո։ Եվս 10,1 մլն եվրո կստացվի դրամաշնորհի տեսքով։

 

 

ՍՊԱՍԱՐԿՈՒՄ Է ՍԵՓԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ

Բրյուսելում Փաշինյան-Բլինքեն-Լայեն հանդիպումը եւ դրանից ակնկալիքները պետք է լինեն համաչափ. այն ի սկզբանե նախատեսված է եղել տնտեսական համագործակցության խորացման եւ ՀՀ տնտեսության զարգացման այլ հեռանկարներ սպասարկելու օրակարգով, հետեւաբար ակնկալիքներն էլ պետք է ձեւավորվեն՝ ըստ դրա: Այս մասին ապրիլի 5-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը:

Անդրադառնալով Մոսկվայից, Բաքվից եւ Անկարայից հնչող մեղադրանքներին, որ այս հանդիպումը կարող է սրել իրավիճակը, եւ որ այն, իբր, ուղղված է Ռուսաստանի կամ Ադրբեջանի դեմ, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Հայաստանը երբեք որեւէ երկրի դեմ որեւէ օրակարգ չի սպասարկում, Հայաստանը սպասարկում է իր սեփական շահերը:

Թե ինչու են մտահոգվել կոնկրետ Թուրքիան կամ Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, ճիշտ կլինի իրենց հարցնել: Այո, նաեւ ԱՄՆ-ից է եղել հայտարարություն, որ դա տնտեսական դիվերսիֆիկացիային եւ տնտեսականհամագործակցությանն ուղղված հանդիպում է, եւ կարծում եմ, որ բոլոր կողմերը պետք է կարողանան ճիշտ գնահատել այդ հանդիպումը, դրա հնարավորություններն ու արդյունքները»:

Նրա խոսքով՝ տնտեսական դիվերսիֆիկացիան ենթադրում է նաեւ նոր շուկաներ մուտք գործելու հնարավորություն. «Հայաստանը քայլ առ քայլ ե՛ւ իր ապրանքների որակի, ե՛ւ ստանդարտների վրա պետք է աշխատանքներ տանի, որը մեզ թույլ կտա մուտք գործել ոչ միայն եվրոպական, նաեւ այլ շուկաներ»:

 

 

 

 

ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ՆԻՍՏ

Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախաձեռնող նիստ էր արել:

Նիստին ներկա էին նաեւ փոխքաղաքապետեր Սուրեն Գրիգորյանը եւ Լեւոն Հովհաննիսյանը, ինչպես նաեւ ավագանու ՔՊ խմբակցության անդամները:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՔՊ-ականների եւ փոխքաղաքապետերի քննարկման հիմնական թեման Երեւանի փողոցների փոսալցման հարցն է եղել, որն արդեն տեւական ժամանակ է՝ վարորդներին ամենաանհանգստացնող խնդիրն է եւ խաթարում է նաեւ երթեւեկությունը:

ՔՊ-ականները փոխքաղաքապետերից հետարքրքվել են՝ երբ կլուծվի այդ խնդիրը, փոխքաղաքապետերն էլ ասել են, որ խնդրի կարգավորմանը խոչընդոտում են օրենսդրական կարգավորումները, մասնավորապես՝ տենդերի հայտարարման հետ կապված, թե որ կազմակերպությունը պետք է փոսալցման աշխատանքներն անի:

 

 




Լրահոս