Ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած հանդիպման եւ ադրբեջանական վերջին սադրանքների վերաբերյալ ArmLur.am-ը զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ։
-Պարո՛ն Օհանյան, ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած հանդիպումից հետո՝ մինչ օրս, Ադրբեջանը ամենօրյա ռեժիմով սադրանքների է դիմում մեր սահմանի ուղղությամբ՝ Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի հատվածներում. ինչո՞ւ այս հանդիպման արդյունքում չհաջողվեց զսպել Ադրբեջանի քայլերը:
-Այս հանդիպման ընթացքում Ադրբեջանը ցույց է տվել, որ առաջին՝ ինքնուրույն խաղացող է տարածաշրջանում, եւ իր գործողությունները կապ չունեն այդ հանդիպումների հետ, դեռ ավելին՝ այս հանդիպումների ժամանակ իրենք հատուկ լարվածություն են ստեղծում, որպեսզի դրանց ժամանակ ի վնաս իրենց ինչ-որ որոշումներ չընդունվեն, երկրորդը, քանի որ այդ լարվածությունը, արձակված անկանոն կրակները նաեւ համատեղվում են ապատեղեկատվության հետ Ադրբեջանի կողմից՝ իբրեւ թե իրենք պատասխանում են հայկական կողմին, նշանակում է՝ լարվածության օղակը Հայաստանի Հանրապետության շուրջ սեղմած են ուզում են պահել, եւ սա պետք է Հայաստանի ռաղմաքաղաքական ղեկավարության կողմից լուրջ ուսումնասիրման առարկա լինի: Այսինքն՝ պետք է ուսումնասիրել ռազմաքաղաքական իրավիճակը, նրանց զորքերի դասավորվածությունը, հնարավոր գործողությունների բնույթը, որպեսզի, կարողանանք հակադրվել վերջիններիս: Իսկ ինչ վերաբերում է Բրյուսելի հանդիպմանը. բոլորը իրենց շահերն ունեն Հայաստանի Հանրապետությունում եւ Հարավային Կովկասում, եւ բոլորը գործում են՝ իրենց շահերից բխող քայլերով: Օգնությունները, որոնք տրվում են տնտեսության զարգացման համար, առաջին անգամ չէ, որ Հայաստանի Հանրապետությունը ստանում է ԱՄՆ-ից կամ Եվրամիությունից, դրանք կային 1994-1995 թվականներից սկսած եւ շարունակական են: Կարծում եմ՝ դրանց հիմնական նպատակը խաղաղությանը նախապատրաստելն է եւ ՀՀ իշխանությունների մոտ համապատասխան տրամադրություն ստեղծելը: Այսինքն, որպեսզի Ադրբեջանի հետ գնան խաղաղության, քանզի այդ համագործակցությունը Եվրամիությունը ավելի լայն սպեկտորով է տեսնում՝ հատկապես էներգակիրների եւ Ադրբեջանի տարածքում ունեցած տնտեսական հնարավորությունների շրջանակում: Ընդհանուր առմամբ, ՀՀ իշխանությունները շատ են խոսում այս կամ այն գործընթացի դիվերսիֆիկացիայի մասին՝ ե՛ւ անվտանգության, ե՛ւ արտաքին հարաբերությունների առումով. սակայն, դիվերսիֆիկացիա չի նշանակում մեկ ամբողջության կազմաքանդում եւ կամ անվտանգության մեկ ուղղությունը մի կողմ դնել՝ անցնելու մյուս կողմ. այն նշանակում է, որ ունեցած անվտանգային, արտաքին հարաբերությունների բնագավառում պետությունը ռազմավարական գործընկերոջ հետ համագործակցության լավագույն պայմաններում նաեւ այլ հնարավորություններ փորձի ստեղծել այն ուժային կենտրոններում, որոնք մեր շահերից են բխում:
-Պարո՛ն Օհանյան, իշխանությունները նաեւ հայտարարություններ են անում, թե վերջին օրերի սահմանային լարվածությունից տպավորություն է, որ Ադրբեջանը միայնակ չի գործում, եւ համագործակցում է նաեւ ռուսական կողմի հետ. այսինքն՝ ակնարկում են, որ Ադրբեջանին ռուսական կողմն է լարում: Դուք ի՞նչ դիտարկում ունեք, արդյո՞ք սա է դիվերսիֆիկացիայի այն գինը, որ Հայաստանը վճարում է:
-Դիվերսիֆիկացիա ասելով՝ մենք այսօր տեսնում ենք, որ ՀՀ իշխանությունները փորձում են վեկտորի փոփոխություն իրականացնել, որը մեր տարածաշրջանում անվտանգային խնդիրների առումով անընդունելի է եւ իրատեսական չէ: Եվրոպայից մեզ օգնություն չի եղել, եւ ոչ էլ կլինի՝ չնայած Եվրոպայի հետ ունենք գործընկերային հարաբերություններ. գետնի վրա մեր ռազմավարական գործընկերը Ռուսաստանի Դաշնությունն է, մենք սա ասում ենք ելնելով ե՛ւ աշխարհագրական դասավորվածությունից, ե՛ւ պատմամշակութային մեր անցյալից, ե՛ւ տնտեսության ու անվտանգության զարգացման մեր լավագույն փորձից. եթե այդ հարաբերությունները հիմա վատ վիճակում են, ապա նշանակում է, որ ՀՀ իշխանությունները պետք է մտածեն այս ուղղությամբ, որովհետեւ հարաբերությունները հենց այնպես չեն ձեւավորվում, դրանց անցած ճանապարհում քրտնաջան աշխատանք է թաքնված: Այսինքն, եթե տվյալ հարաբերությունները ի շահ Հայաստանի են, ապա այդ հարաբերությունների խնդիրներից ոչ թե պետք է խոսափել, այլ հանդիպակաց մարտ հայտարարել, ասինքն՝ գնալ եւ փորձել լուծել դրանք, որովհետեւ լուծումներն ի նպաստ Հայաստանի Հանրապետության են:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 196
2019 թվականի հոկտեմբերի 16-ին «Գլոբալ ինովացիոն ֆորում-2019»-ի բացմանը Նիկոլ Փաշինյանը հրապարակավ խոստացավ. «Մեր կառավարությունը մի շատ ամբիցիոզ ծրագիր է մշակել, որը պետք է իր գագաթնակետին հասնի 2020թ. հոկտեմբերի 10-ին, եւ այդ օրը մենք պլանավորում ենք Հայաստանի Հանրապետությունում տնկել 10 մլն ծառ, 10-րդ ամսի 10-րդ օրը, որը կխորհրդանշի 10 մլն հայության միասնությունը Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության շուրջ եւ Հայաստանի Հանրապետությունում»։
Իրականում, սակայն, Հայաստանում 2020թ. հոկտեմբերի 1-ին չտնկվեց ոչ մի ծառ. պատճառը, իհարկե, քովիդն ու պատերազմն էին։ «Ժողովուրդ» օրաթերթը չկարողացավ պարզել, թե ուր են 10 մլն տնկիները, որ պետք է տնկվեին եւ ինչու չտնկվեցին դրանից հետո գոնե։ Խոստումը չկատարելուց ավելի քան 3 տարի անց՝ 15.01.2024թ., շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները հիշեցրին խոստումը։ «2020 թվականին նախատեսված միջոցառումը չկատարվեց հայտնի իրադարձությունների արդյունքում՝ առաջին հերթին քովիդը, հետո՝ պատերազմը։ Մենք չենք վերադարձել ծրագրի իրականացմանը, բայց 2024 թվականին 3 մլն ծառ կտնկենք»,- ասաց նա։ Նախարարը, սակայն, նշեց, որ տնկվող ծառերի կպչողականության մակարդակը չի բավարարում։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԻՐԱՎԻՃԱԿԸ՝ ԿՐԿԻՆ ՍՐՎԱԾ
Դատելով ՔՊ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ելույթներից՝ նա կարծես մտադիր է հասնել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի պաշտոնանկությանը։
Պատգամավորն ԱԺ նիստերում հետեւողականորեն «հարձակումներ» է գործում Անահիտ Ավանեսյանի դեմ՝ քննադատելով նախարարության ենթակայության տակ գտնվող բուժկենտրոնների գործունեությունը։
Հերթական դեպքն այսօր էր, երբ Ալեքսանյանը կրկին հայտարարեց, թե դիմել է բուժկենտրոնների ղեկավարների պարգեւավճարների մասին տեղեկատվություն ստանալու համար, բայց այդպես էլ պատասխան չի ստացել, ոչ էլ իրեն պատասխանել են բժիշկների աշխատանքային ժամերի հետ կապված։ Եւ նա, մեղադրական ու հանդիմանական տոնով դիմելով Անահիտ Ավանեսյանին, հիշեցրել է, որ պատգամավորները բյուջե են հաստատում եւ այդ բյուջեից նաեւ բուժհիմնարկներին են գումարներ տալիս։
Թե ինչու է Վահագն Ալեքսանյանը սեւեռվել Անահիտ Ավանեսյանի ու նրա գլխավորած գերատեսչության վրա, անհասկանալի է, սակայն փաստ է, որ տեւական ժամանակ իշխող ուժի փոխնախագահը անհարմար դրության մեջ է դնում նախարարին. պատճառների մասին մնում է միայն ենթադրել։ Եվ որքան էլ Ավանեսյանը ձեւացնի, թե որեւէ խնդիր չկա, որ աշխատանքային քննարկումներ են, ԱԺ-ում նա իր պատասխանով պատգամավորին «տեղը դրեց»՝ բացատրելով, որ պարտադիր չէ, որ բարձր մակարդակի պետական գաղտնիքին հասանելիության թույլտվություն ունեցող անձը նաեւ մարդու անձնական կյանքի մանրամասներին, առողջական գաղտնիքին հասանելի լինի։
Սա, թերեւս, այն դեպքերից է, երբ պատգամավորին իրոք չէր խանգարի մի փոքր իրավաբանություն ուսումնասիրել։
ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՉ
Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Էրիկ Հելսբորնը կոչ է անում աշխարհին շարունակել հետեւել Հարավային Կովկասում զարգացող իրադարձություններին եւ աջակցելով Հայաստանին՝ վստահ լինել, որ ոչ ոք չի հանդուրժի ու թույլ չի տա Ադրբեջանին սրել իրավիճակը տարածաշրջանում։
Այս մասին շվեդ պատգամավորը գրառում է կատարել ֆեյբուքյան իր էջում։
«Հանգստյան օրերին ադրբեջանական զինվորականները կրկին մի քանի անգամ գնդակոծել են հայկական սահմանային դիրքերը։ Այս վարքագիծը կարծես խառնուրդ է այն բանի, որ կռվարարը ցանկանում է ցույց տալ իր ուժն ու ռազմավարությունը պատասխան հրահրելու համար, որն այնուհետեւ կարող է օգտագործվել որպես արդարացում՝ ավելի մեծ բռնության: Որքան էլ դա դատապարտելի թվա, ես հիմա մեծ թեթեւություն եմ զգում, որ իրավիճակը չի վատացել։ Երեքշաբթի օրը խորհրդարանի մի քանի գործընկերների հետ քննարկելով իրադարձությունների զարգացումը՝ ես նրանց ասացի, որ վախենում եմ, որ Ադրբեջանը երեք օրվա ընթացքում կհատի սահմանները։ Դա տեղի չունեցավ… դեռեւս։ Արտաքին աշխարհը պետք է շարունակի հետեւել Հարավային Կովկասին, աջակցի Հայաստանին եւ համոզվի, որ Ադրբեջանի կողմից էսկալացիան չի հանդուրժվի»,- գրել է Հելսբորնը: