Եթե մինչև Պուտին-Սարգսյան նախօրեի հեռախոսազրույցը ՀՀ իշխանությունների որդեգրած չեզոք պահվածքը ողջունվում էր Հայաստանի ողջ քաղաքական դաշտի կողմից, ապա երեկվանից սկսած ` Սերժ Սարգսյանի կողմից Ղրիմի հանրաքվեի, ըստ էության, ողջունումն առաջ բերեց քննադատության և մտահոգությունների ալիք:
Թեև ` հարկ է նկատել, որ այդ հարցում ընդդիմադիր դաշտում առանձնապես մեծ դիմադրություն չկա: Ավելին ` ՀԱԿ-ը երեկ շտապեց գնահատել Ղրիմի հանրաքվեն որպես «Ղրիմի ժողովրդի հստակ կամարտահայտության» դրսևորում և, ըստ էության, ինքնորոշման իրավունքի իրացում, իսկ մնացած քաղաքական ուժերն էլ, բացառությամբ «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատներ»-ի, այս հարցում, կարծես թե, առայժմ չեն շտապում ընդգծված տեսակետներ արտահայտել:
Մինչդեռ սա այն հարցն է, որն անմիջապես պրոյեկտվելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Առավել ևս` որ ԼՂՀ խորհրդարանն իր հայտարարությամբ, փաստորեն, Ղարաբաղի ինքնորոշման պայքարն ու բազում զոհերի գնով ձեռքբերված հաղթանակը նույնացրեց Ղրիմի բռնակցման հետ:
Եվ ահա այս իրավիճակում ամենավտանգավորն այն է, որ Ղարաբաղի ճակատագրի համար կարևորագույն որոշումների կայացման գործընթացում ընդհանրապես օտարված է ոչ միայն հանրությունը, այլև ողջ քաղաքական դաշտը:
Մենք տեսնում ենք, որ Հայաստանի համար վճռորոշ խնդիրների շուրջ որոշումներ կայացնելիս Սերժ Սարգսյանը չի խորհրդակցում ոչ միայն ՀՀ ազդեցիկ քաղաքական ուժերի, այլև սեփական կուսակցության հետ:
Թե՛ Մաքսային միությանն անդամակցելու հայտարարության, թե՛ Ղրիմի հարցով դիրքորոշման դեպքում Սերժ Սարգսյանը, փաստորեն, կայացրեց միանձնյա որոշումներ և առանց որևէ խոչընդոտի դրանք փաթաթեց ժողովրդի ու քաղաքական բացարձակապես բոլոր ուժերի վզին:
Եվ որքան որ վտանգավոր է Սարգսյանի որոշումներին քիչ թե շատ հակազդելու ունակ քաղաքական ընդդիմության բացակայությունը, նույնքան վտանգավոր է Ս. Սարգսյանի կողմից այդ ուժերի հետ թեկուզ ձևականորեն հաշվի չնստելու ` վերջին շրջանի գործելաոճը: Մինչդեռ նախկինում նա նման կարևոր հարցերի (ինչպես օրինակ ` հայ-թուրքական արձանագրությունների) շուրջ ՀՀ բոլոր քաղաքական ուժերին հրավիրում էր քննարկման Մարզահամերգային համալիրում, կամ էլ ` առավել ազդեցիկ խորհրդարանական ուժերի հետ փակ խորհրդակցություն էր անցկացնում նախագահականում:
Իսկ հիմա, փաստորեն, դրա անհրաժեշտությունն էլ չկա:
Վլ. Պուտինը Ս. Սարգսյանին անգամ նման ֆորմալ խորհրդակցությունների իրավունքից է զրկել: Նա, այլևս, պետք է հանձնվի շատ արագ և առանց սեթևեթանքների, անհրաժեշտության դեպքում ` նաև հեռախոսով: Ըստ որում ` սեփական նախաձեռնությամբ: