Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի մեքենայությունները. հետաքննություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որոտանի Հէկ-ը, ՀՀ էներգետիկ համակարգի համար ունենալով առանցքային նշանակություն,  իր վրա է սևեռել իշխանությունների ուշադրությունը:

ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը դեռ փետրվարի 5-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, թե «Որոտանի կասկադն արդեն 40 տարեկան է դառնում, իսկ նման սարքավորումների համար, նման կասկադների համար 40 տարին սահմանային տարիք է, որտեղ պետք են լուրջ ու խոշոր կապիտալ ներդրումներ: Սա է եղել պատճառը, որ կառավարությունը որոշել է վաճառել «Որոտանի կասկադ» ՓԲԸ-ի գույքը»:

Ըստ նրա ՝  հէկ-ի շահույթը բավարար չէ համապատասխան ներդրումներ իրականացնելու համար: Չնայած, ՀՀ կառավարությունը տարիներ շարունակ բազմաթիվ ծրագրեր է մշակել ու իրականացրել ՝ Որոտանի հէկ-ի առողջացման, վերազինման համար: Օրինակ ՝  ՀՀ կառավարության ՝ 2003թ. նոյեմբերի 6-ի N1694-Ն որոշմամբ,  սահմանվել է ՀՀ էներգետիկ ոլորտի պետական ընկերությունների ՝ 2003-2007թթ. ֆինանսական առողջացման ծրագիրը, որով «Որոտանի հէկ»-ին զիջել են չվճարած հարկերը՝ գույքահարկ, հողի հարկ: Հէկ-ն ազատվել է նաև չվճարած հարկերի դիմաց հաշվարկված տույժերից ու տուգանքներից:

Որոտանի հէկ-ի վերազինման նպատակով նաև վարկային միջոցներ են հատկացվել: Դեռ 2010թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ ֆինանսների նախարարությունը գերմանական Kfw բանկի հետ ստորագրել է վարկային համաձայնագիր ՝ «Որոտանի հէկ» -երի համալիրի վերազինման ծրագիր իրականացնելու նպատակով: Գերմանական բանկը 15 տարի մարման ժամկետով տրամադրել է 51 մլն եվրո վարկ, տարեկան՝ միջինը 2.78 % տոկոսադրույքով:

Փաստաթղթերով նախատեսված է «Որոտանի հէկ»-երի համակարգի վերակառուցման ու վերազինման աշխատանքներն ավարտին հասցնել 2015թ.: Այնինչ, «Ժողովուրդ»-ին հաջողվել է պարզել, որ վարկային գումարները ոչ միայն չեն ուղղվել Որոտանի հէկ-ի վերակառուցմանն ու վերազինմանը, այլեւ հիմա՝ հէկ-ի վաճառքից հետո, անհայտ է վարկի հետագա ճակատագիրը: Փոխարենը հայտնի է մեկ բան. այդ 51 մլն եվրո վարկային պարտքը վճարելու ենք մենք՝ ՀՀ քաղաքացիներս:
Այս վարկի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան ՀՀ ֆինանսների,ինչպես նաեւ՝ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություններից ուշագրավ պատասխաններ են ուղարկել, որոնք համադրելով` հետաքրքիր պատկեր է բացահայտվում:

«Տվյալ վարկային ծրագիրը վերաբերում էր «Որոտանի հէկ-երի՚» համակարգի վերակառուցմանն ու վերազինմանը: Հետեւաբար, քննարկվող միջոցները կարող են օգտագործվել միայն վերը նշված ուղղություններով, քանի դեռ ծրագրում չեն կատարվել համապատասխան փոփոխություններ: Ծրագրի շարունակականությունը եւ ձեւաչափը քննարկվում են: Նշված վարկային ծրագրի շրջանակներում: «Որոտանի հէկ-երի» համակարգի վերազինման ուղղությամբ որևէ շինաշխատանք չի կատարվել,  քանի որ ծրագրի համաձայն, նախ՝ պետք է կատարվեին վերազինման եւ վերակառուցման նախագծային աշխատանքները»,- ասված է ՀՀ էներգետիկայի նախարարության պատասխանում:

Իսկ ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացրել են, որ Որոտանի հէկ-ի գույքի առքուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո, «Պայմանավորված այս փոփոխությամբ՝ Որոտանի հէկ-երի կասկադի վերակառուցման ծրագրի շարունակականության եւ ձեւաչափի հարցը քննարկման փուլում է: Այս պահի դրությամբ, վարկային միջոցներից օգտագործվել է 698 հազար եվրո: Այդ գումարն օգտագործվել է Վարկ 1-ի առաջին մասնաբաժնից եւ ուղղվել է խորհրդատվական եւ նախագծման ծառայությունների իրականացմանը»:

Փաստորեն, վարկային պայմանագիրը կնքվել է 2010թ., եւ այս չորս տարվա ընթացքում այդպես էլ որեւէ լուրջ գործ չի արվել, չնայած,նախատեսված է՝ Որոտանի վերազինման ծրագիրն ավարտին հասցնել 2015թ.: Ավելին՝ ծրագրի ավարտին մնացել է մեկ տարի, սակայն այս ողջ ընթացքում միայն խորհրդատվական ու նախագծման աշխատանքներ են իրականացվել, եւ դրա համար 698 հազար եվրո է ծախսվել,  ավելի ճիշտ՝ փոշիացվել ու մսխվել:

Թեեւ, Տիգրան Սարգսյանի կառավարության դեպքում,  սա բնական երեւույթ է. այս կառավարության համար սովորույթ է դարձել խորհրդատվական ծառայություններ ու դասախոսություններ կազմակերպելով, «ատկատ»անել. այս առումով,շատերը, հավանաբար,  կհիշեն «Հազարամյակի մարտահրավերներ»  ծրագրի շրջանակներում գյուղացիների համար 16,6 մլն դոլարի դասախոսություն կարդալու պատմությունը:

Որոտանի հէկ-ի դեպքում իրավիճակն այլ է. ծախսվել է 698 հազար եվրո, ու ստացվում է՝ այդ ամենն անիմաստ է, քանի որ հիմա Որոտանի հէկ-ի նոր սեփականատերը պետք է ներդրումներ անի, վերազինի ու վերակառուցի համակարգը: Ավելին՝ Որոտանի հէկ-ի վաճառքից հետո կողմերը դեռ պետք է քննարկեն ու որոշեն,  թե մնացած վարկն ինչ անեն:

Չէ, էլի, նետ


Որոտանի հէկ-ի վաճառքի վերաբերյալ «Ժողովուրդ» -ին հաջողվել է փոքրիկ ճեպազրույց ունենալ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ:

-Պարոն Մովսիսյան, ինչպես կմեկնաբանեք,  որ Որոտանի հէկ-ը մասնավորեցվել է օրենքի խախտումներով:

– Օրենքի խախտում չի կատարվել: Բացատրել է արդարադատության նախարարը:

-Իսկ Որոտանի հէկ-ի գույքի շրջանակներում պետական նշանակության ջրամբարների մասնավորեցման մասին ինչ կասեք:

– Էդ ջրամբարները կառուցվել են Որոտանի համար, եւ այդ կարգի հէկ-երը չեն կարող առանց ջրամբարի գոյություն ունենալ: Չէ որ դա կուտակային ջրի վրա է աշխատում:

– Բայց «Ջրի ազգային ծրագրի մասին»  օրենքի համաձայն՝ մասնավորեցված երկու ջրամբարները՝  Սպանդարյանի եւ Տոլորսի ջրամբարները համարվում են պետական նշանակության, իսկ պետական նշանակության ջրամբարները նույն օրենքի համաձայն՝ ենթակա չեն մասնավորեցման:

-Հիմա կնայենք,  թե ինչ նշանակության են համարվում: ԱԺ-ում էլ այդ հարցը բարձրացրել են« խոստացել ենք պատասխանել:

– Հնարավոր է՝ գործարքը չեղյալ համարեք:

– Ոչ, մեզ ձեռք չի տալիս հետ գործարքել: Ամբողջ գործարքը օրենքի սահմաններում է եւ որեւէ նման խնդիր չկա:

– Որոտանի հէկ-ի վաճառքի մասին կառավարության որոշում կայացվե՞լ է, թե ոչ:

– Բա ո՞նց չի կայացվել: Բա առանց դրա ո՞նց կլինի:

– Եթե կար կառավարության որոշում, ինչու որեւէ մեկն այդ մասին չէր խոսում,չնայած՝ ընդդիմությունը բազմիցս բարձրաձայնել է այդ մասին:

– Իսկ ո՞վ է ասել, որ հենց կառավարության որոշում է դուրս գալիս, մենք էլ պետք է դուրս գանք՝  հայտարարենք: Կայքում ամեն ինչը բաց դրված է: ԱԺ-ում քանի անգամ հարցրել են,  ասել եմ ՝  բանակցությունները գնում են, հենց որոշակի կլինի, ձեզ կասենք:

– Որոտանի հէկ-ի վաճառքի մասին կառավարության որոշումն ընդունվել է կառավարության՝  2013թ. նոյեմբերի 21-ի նիստում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ նիստի օրակարգում չի եղել Որոտանի հէկ-ի վաճառքի մասին որոշման նախագիծը:

– Կարող ա լրացուցիչ է մտել այդ հարցը: Չեմ հիշում արդեն:

– Այդ օրը Դուք երկու որոշման նախագիծ եք ներկայացրել կառավարության նիստում, որից մեկը՝ գաղտնի: Արդյոք դա Որոտանի վաճառքի մասին որոշումը չի եղել:

– Ես գաղտնի որոշումներ շատ եմ ներկայացնում, շաբաթ չի լինում, որ գաղտնի որոշում չներկայացնեմ: Բնական է,  որ այս համակարգը պետք է ունենա գաղտնի որոշումներ:

– Դա Որոտանի վաճառքի մասին որոշումը չի եղե՞լ:

– Չէ, չէ: Եթե գաղտնի լիներ,ո՞նց կբացեինք: Ենթադրենք՝ գաղտնի է, հետո պիտի բացեի՞նք: Հո ասեղ չի, որ թաքցնես, ախր:

– Ընդդիմությունը կասկածում է, որ հետին թվով եք որոշումն ընդունել:

– Ինչ թվով ուզում ա, լինի: Ենթադրենք՝ մի տարի առաջ է եղել, բայց պիտի բացես, չէ՞: Ո՞նց կլինի՝ ասենք պետական է, տակից մասնավորին տանք:

– Հնարավոր է՝ Որոտանի հէկ-ը Ձորահէկ-ի ճակատագրին արժանանա, երբ սկզբում գույքը վաճառվեց, հետո վեց ամիս անց լուծարվեց նաեւ հէկ-ը:

– Այնտեղ ուղղակի իմաստ չուներ Ձորահէկ-ը պահել: Այստեղ խնդիրն այլ է: Որոտանի կասկադն ունի բավականին լավ ինժեներական անձնակազմ: Մեր խնդիրն է այդ անձնակազմն օգտագործել Մեղրիի հէկ-ի շինարարության ժամանակ: Եվ հետո,  Որոտանի ամբողջ գույքը չի վաճառվել,  փոքր հէկ ունենք՝ Հերհերի հէկ-ը, որ մնացել է Որոտանի կազմում: Բայց Որոտանի հիմնական խնդիրը հիմա դառնալու է Մեղրիի հէկ-ի կառուցումը:

– Չեք լուծարի՞ Որոտանի հէկ-ը:

– Չէ,  չէ,  չէ: Մենք կօգտագործենք դա Մեղրիի հէկ-ի շինարարության համար:

Արման Գալոյան

«Ժողովուրդ» օրաթերթի մարտի 19-ի համար




Լրահոս