Հայաստանի վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում անցկացվող Եվրոպայի ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին։ Գագաթնաժողովին մասնակցում են ԵԺԿ անդամ կուսակցությունների ներկայացուցիչ քաղաքական ղեկավարներ, երկրների նախագահներ, վարչապետեր, նախարարներ։
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե ԵԺԿ գագաթնաժողովին ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձ է կատարվել առկա մարտահրավերներին, որոնք վերաբերվում են Եվրոպային եւ տարածաշրջանին։ Խոսելով Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձություններին Տիգրան Սարգսյանն ասել է. «Ուկրաինայի ճգնաժամն այսօր համաշխարհային ուշադրության կենտրոնում է: Այն լուրջ մտահոգություն է մեր մայրցամաքի համար եւ մարտահրավեր մեր տարածաշրջանի խաղաղությանը եւ կայունությանը: Հայաստանը, գտնվելով աշխարհաքաղաքական բարդ միջավայրում եւ կանգնած լինելով անվտանգության լուրջ մարտահրավերների առջեւ, մշտապես աջակցել է վեճերի եւ ճգնաժամերի բացառապես խաղաղ կարգավորմանը: Եվ մենք վստահ ենք, որ ուկրաինական ճգնաժամը պետք է լուծվի նախեւառաջ այս սկզբունքի հիման վրա: Այն պետք է կարգավորվի երկխոսության եւ բանակցությունների ճանապարհով՝ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա»:
Կարեւորելով խաղաղության եւ կայունության դերը ՀՀ վարչապետն ասել է, որ անցյալ դարի ընթացքում Եվրոպայի ժողովուրդները, այդ թվում՝ հայերը, բարձր գին են վճարել մայրցամաքում խաղաղության եւ կայունության համար: Ժամանակակից Եվրոպան, ուր իշխում է համագործակցության եւ գործընկերության ոգին, մարդկության մեծագույն նվաճումներից է: Այսօրվա Եվրոպայում պարզապես տեղ չկա առճակատող մոտեցումների համար:
Տիգրան Սարգսյանը վստահություն է հայտնել, որ անցյալի զինանոցից վերցրած այս մոտեցումներն անընդունելի են ԵԺԿ ընտանիքի քաղաքական ուժերի համար: Այսօրվա փոխկապակցված աշխարհում բաժանարար գծեր ստեղծելու ձգտումն այլեւս չի կարող համարվել որպես ընդունելի տարբերակ:
Պատասխանելով ԵԺԿ նախագահի տեղակալի հնչեցրած հարցին ՀՀ վարչապետն ասել է. «Արտաքին քաղաքականության մեջ մենք ունենք մի շատ զգայուն հարց. դա նախեւառաջ Լեռնային Ղարաբաղի հարցն է: Մենք հավատարիմ ենք մնում հակամարտությունների կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից հայտարարված սկզբունքներին՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ազգերի ինքնորոշման իրավունք: Մենք համոզված ենք, որ ուկրաինական ճգնաժամը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ երկխոսության եւ բանակցությունների միջոցով, միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան: Սա մեր պաշտոնական դիրքորոշումն է»։
Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ մի գործընկերոջ հետ հարաբերությունների ընդլայնումը եւ խորացումը չպետք է տեղի ունենա մեկ այլ գործընկերոջ հետ հարաբերությունների հաշվին: Հայաստանը կշարունակի վարել շահերի ներդաշնակեցման իր քաղաքականությունը: «Մենք ձգտում ենք լինել մեր գործընկերներին կապող կամուրջ, այլ ոչ թե նրանց շահերի բախման հարթակ: Մաքսային միությանը միանալու մասին որոշումը կայացնելիս մենք առաջնորդվել ենք հենց այս սկզբունքով: Միաժամանակ, մենք բազմիցս հայտարարել ենք, որ ԵՄ հետ մեր հարաբերությունները կշարունակեն մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւոր առաջնահերթություն», – ասել է Տիգրան Սարգսյանը։
Հայաստան – Եվրոպական միություն հարաբերություններին անդրադառնալով ՀՀ վարչապետն ասել է. «Բարեփոխումը Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում ամենալայնորեն կիրառվող եզրույթն է: Մենք բարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Հայաստանը տարիներ շարունակ ստացել է Եվրոպական միությունից: Այդ աջակցության շնորհիվ մենք շոշափելի առաջընթաց ենք գրանցել ժամանակակից ինստիտուտների կառուցման գործում: Մենք ցանկանում ենք շարունակել զարգացնել մեր հարաբերությունները Եվրոպական միության հետ: Այն կենսական նշանակություն ունի մեր երկրի հետագա առաջխաղացման, քաղաքական եւ պետական կառավարման ինստիտուտների կատարելագործման, տնտեսական զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման եւ տարածաշրջանում հավասարակշռության ու կայունության պահպանման համար: Այս փուլում մենք մեծ կարեւորություն ենք տալիս ԵՄ հետ համագործակցության նոր շրջանակի մշակմանը: Որպես առաջին քայլ՝ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրման առաջարկությունը, առանց Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի մասի, Հայաստանի համար, հավանաբար, լավագույն ուղին է: Մի կողմից այս շրջանակը պետք է արտացոլի ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորությունը եւ բնույթը, մյուս կողմից՝ այն պետք է համատեղելի լինի մեր այլ միջազգային գործընկերների հետ: Հայաստանի հանրապետական կուսակցությունում մենք դա դիտարկում ենք որպես մեր տարածաշրջանում շահերը ներդաշնակեցնելու լավագույն ճանապարհ»,- ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։