Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակումից հետո հասկացել է, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանի արձանագրումն է, որ կարող է լրացուցիչ եւ որոշիչ գործոն դառնալ մեր երկրի կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ անվտանգությունն ապահովելու հարցում:
Փաշինյանն այս մասին երեկ հայտարարեց ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ունեցած ելույթում:
«Կառավարությունը եւ անձամբ ես հանգել ենք այն համոզման, որ պատմական Հայաստանը եւ իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլ նաեւ հաճախ հակոտնյա են միմյանց, նույնիսկ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար: Ես եւ կառավարությունը, երկար ժամանակ լինելով պատմական Հայաստանի հոգեբանության եւ ավանդույթի կրող, միայն 2022 թվականին արձանագրեցինք, որ Հայաստանի անվտանգության ապահովման առանցքային գործոնն արհամարհված է, եւ մեր պետականության առաջին տարիներից է դա տեղի ունեցել: Այդ գործոնը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններն են, Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը: Միայն 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմից հետո ես աներկբա եւ միանշանակ համոզվեցի, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի արձանագրումն է, որ կարող է լրացուցիչ եւ որոշիչ գործոն դառնալ մեր երկրի կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ անվտանգությունն ապահովելու հարցում: Եվ այդ պահից փաստացի քաղաքական եւ հոգեբանական մի գործընթաց մեկնարկեց, որ կարելի է անվանել սահմանազատման գործընթաց իրական Հայաստանի եւ պատմական Հայաստանի միջեւ»,-ասաց Փաշինյանը:
Ըստ նրա՝ իրական եւ պատմական Հայաստանների միջեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացն ավելի հեշտ չի ընթանում, քան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացը:
«Եթե անկեղծ ասեմ՝ իրական Հայաստանի եւ պատմական Հայաստանի միջեւ սահմանազատման գործընթացը շատ ավելի ցավոտ է ընթանում նաեւ այն պատճառով, որ այդ սահմանազատումը տեղի է ունենում մեզնից յուրաքանչյուրի ներսում եւ ի հայտ է բերում անսպասելի շերտեր ու նրբերանգներ: Ըստ այդմ՝ պատմական Հայաստանը չի ճանաչում իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որովհետեւ իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը սահմանափակող գործոն է պատմական Հայաստանի համար, եւ նրան դրսեւորվելու հնարավորություն չի տալիս»,-ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ այս առումով կամա թե ակամա պատմական Հայաստանը ձայնակցում է մի շարք երկրների հետ, որոնք նկրտումներ ունեն իրական Հայաստանի ինքնիշխանության, անկախության, տարածքների նկատմամբ, որովհետեւ իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանը նույն կերպ սահմանափակող գործոն է այդ երկրների ախորժակի համար: Վարչապետի խոսքով՝ պատմական Հայաստանն առանցքային նշանակություն ունի մի շարք երկրների հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների համար: «Պատմական Հայաստանը այդ երկրների խմբի հետ մեր թշնամանքի հարատեւ երաշխիքն է, եւ երաշխիք, որ այդ երկրները Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն վարելու պատճառաբանություն ու բացատրություն կունենան: Պատմական Հայաստանի տեսլականը միշտ կառաջնորդի դեպի ցեղասպանության թակարդը։ Որպես Հայաստանի վարչապետ՝ ես ինձ պարտավոր եմ համարում արձանագրել եւ բարձրաձայնել, որ մենք պետք է կենտրոնանանք իրական Հայաստանի շահերի սպասարկման գործին վրա՝ ընդ որում, արձանագրելով պատմական Հայաստանի գործելակերպին եւ մտածողությանը երբեւէ վերադառնալու կենսական անհնարինությունն ապագայում, հակառակ պարագայում մենք անվտանգային, արտաքին մարտահրավերները հասցեագրելու շանս չենք ունենա նույնիսկ, որովհետեւ կունենանք արտաքին սպառնալիքներ գեներացնող հարատեւ աղբյուր մեր իսկ ներսում, մեր ամենօրյա իրականության մեջ՝ առանց այս փաստը խորությամբ եւ ամբողջությամբ ըմբռնելու ու գնահատելու»,-ասաց նա:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ
Ռուսաստանի Դաշնությունն Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ է անում զերծ մնալ տարածաշրջանում լարվածություն հրահրելուց։
Այս մասին ապրիլի 10-ին կայացած ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ առկա են անհրաժեշտ բոլոր մեխանիզմները Հարավային Կովկասում խաղաղության ու կայուն զարգացման ապահովման համար:
«Առաջին հերթին խոսքը կողմերի եռակողմ պայմանավորվածությունների մասին է, որոնք ձեռք են բերվել 2020-2022 թվականների ընթացքում։ Հետեւողականորեն կոչ ենք անում կողմերին վերադառնալ իրեն արդարացրած ձեւաչափին։ Մեր կողմից միշտ պատրաստ ենք ցուցաբերելու անհրաժեշտ գործնական ազդեցություն՝ Բաքվի ու Երեւանի կողմից փոխընդունելի որոշումների կայացման համար, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցում»,- ասել է Զախարովան՝ կրկին պնդելով, որ հավաքական Արեւմուտքի դերակատարությունը Հարավային Կովկասում, ինչպես ցույց է տվել այլ տարածաշրջանների փորձը, կհանգեցնի աղետալի հետեւանքների:
Ըստ Զախարովայի՝ ցանկացած վիճահարույց հարց պետք է լուծել կառուցողական մոտեցմամբ, փոխզիջմամբ, պատասխանատվության սկզբունքով, որոնք համաձայնեցվել են Թեհրանում 2023 թվականի հոկտեմբերի 23-ին՝ «3+3» ձեւաչափով կայացած հանդիպման ժամանակ։
ԲԺԻՇԿՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄ
ԱԺ-ում քննարկվում է մի նոր օրենք՝ «Լիցենզավորման մասին օրենքում լրացում կատարելու մասին», ըստ որի, բժիշկների մոտ սկսվելու է լիցենզավորման գործընթաց:
ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանը առաջարկել է վերանայել նախագծի 9-րդ հոդվածով լրացվող 5.1 գլխի եւ այդ գլխում շարադրվող հոդվածների համարակալումները՝ հաշվի առնելով 2-րդ ընթերցմամբ ընդունված Պ-609 նախագծի համարակալումը:
ArmLur.am-ի հետ զրույցում «Առողջության իրավունք» ՀԿ-ի տնօրեն Անուշ Պողոսյանը, անդրադառնալով այս որշմանը, ասաց. «Այստեղ խնդիրն այն է, որ բժիշկները կրեդիտավորվեցին, եւ բավականին խնդրահարույց անցավ այդ ճանապարհը, եւ հիմա գնում են անհատական լիցենզիային: Այս պահին բժիշկները, որոնք աշխատանքային փորձ չունեն, գնում են քննության հանձնելու, տեսնում են անհասկանալի թեստեր. բոլորը հանձնում են նույն թերապեւտիկ պրոֆիլի տեքստը, այսինքն՝ մասնագիտական առումով այդքան էլ կազմակերպված չէ, եւ ավելի շատ ձեւական բնույթ է կրում»:
Նրա խոսքով՝ այս փուլում ամբողջ հանրապետության բժիշկների համար չեն կարողացել հավաստագրման քննությունը կազմակերպել ըստ պատշաճի, եւ հիմա ասում են, որ սկսելու են բժիշկների լիցենզավորումը:
Հիշեցնենք, որ սույն որոշումը ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից:
ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ