ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՇԱԲԱԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն 20 տարի շարունակ ապրիլը գրքառատ է հայաստանյան գրադարանների համար։ Գրական միջոցառումներն ու շնորհանդեսները ընթերցասերների համար նոր անակնկալներ են խոստանում։ Գրական մարաթոնն այս տարի կմեկնարկի վաղվանից՝ ապրիլի 15-ից եւ կտեւի մինչեւ ապրիլի 22-ը՝ «Գրադարանը՝ նորարարության հարթակ» կարգախոսով։ Գրադարանային թեժ շաբաթը մի շարք գրադարանային և մշակութային իրադարձություններով է հագեցած լինելու, հատկապես Հայաստանի ազգային գրադարանում։ Այս տարի այն համընկնում է նաև Ազգային գրադարանի և ազգային գրադարանային հավաքածուի ձևավորման 105-ամյակների հետ։

 

Հայաստանում Ազգային գրադարանային շաբաթներ (ԱԳՇ) կազմակերպելու նախաձեռնությունը սկսվել է 2002 թվականից, երբ Հայկական գրադարանային ասոցիացիան եւ հայ գրադարանավարները գործարկեցին ամերիկյան գրադարանային ասոցիացիայի իրենց գործընկերների փորձը։ Ահա, օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում այն սկիզբ է առել դեռեւս 1958 թվականին։

Հրատարակչական ոլորտի ներկայացուցիչները մեկ շաբաթվա ընթացքում քննարկելու են տպագիր արտադրանքի պարտադիր օրինակների հատկացման եւ պահպանության խնդիրները, ինչպես նաեւ հայ մշակույթի վկայությունների հավաքման ու պահպանության համար հույժ կարեւոր պարտադիր օրինակի ձեւաչափի հետագա զարգացման միտումները։ Միջոցառումները կհամալրեն նաեւ հանրային դասախոսությունները։ Հանդես կգան գրականագետ, թարգմանիչ Աշոտ Ալեքսանյանը եւ ԳԱԱ թղթակից անդամ Լեւոն Աբրահամյանը։ Գրադարանի աշխատակիցներն էլ կներկայացնեն ազգային գրադարանի եւ EBSCO բազմալեզու տեղեկատվական շտեմարաններից օգտվելու կարգը։ Ընթերցասերները կարող են ծանոթանալ սպասվող միջոցառումներին եւ մասը դառնալ գրադարանային շաբաթվա։

Գրադարանային շաբաթվա բացմանն ու փակմանը ընթերցողներին երկու գրադարանային ցուցահանդես կներկայացվի՝ արվեստաբան, գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանի ծննդյան 75-ամյակի առթիվ, ինչպես նաեւ ցուցադրություն կներկայացվի գրադարանի թատերական եւ համերգային ազդագրերի ուղեկցությամբ։

Ապրիլի 15-ին՝ 14։00-ին, Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում արվեստաբան, գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանի 75-ամյակի առթիվ Ազգային գրադարանը կազմակերպել է նրա հեղինակած եւ աշխատասիրած գրքերի ցուցադրություն, ինչպես նաեւ նրան նվիրված նոր գրքի ներկայացում։

Թամանյանական փոքր ցուցասրահում բացված ցուցադրությունը, ի թիվս այլ հրատարակությունների, ներառում է արվեստաբանի կազմած, խմբագրած, ծանոթագրած ավելի քան ութ տասնյակ գրքեր եւ պատկերագրքեր. Կոստան Զարյան (20 գիրք), Սփյուռքի գրողներ (19 գիրք), Վիլհելմ Մաթեւոսյան, Հակոբ Հակոբյան, Փանոս Թերլեմեզյան, աշխարհահռչակ նկարիչներ եւ այլն։ Երվանդ Տեր-Խաչատրյանի ստեղծագործական ուղին կներկայացնի գրող, գրականագետ, թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանը։

Ապրիլի 15-ին՝ 12։45-ին, Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում Ազգային գրադարանի աշխատակից Արմինե Վարդանյանը ներկայացրեց EBSCO բազմալեզու տեղեկատվական շտեմարաններից օգտվելու կարգը։ EBSCO Publishing-ն առաջարկում է լիատեքստ գիտական ամսագրեր, որոնք հրապարակում են բարձրորակ եւ վստահելի հոդվածներ՝ ճանաչված հրատարակիչների ընտրությամբ՝ ըստ հետազոտողների կարիքների: Առաջին անգամ EBSCO-ն առաջարկում է նաեւ հայերեն նյութեր։

Ապրիլի 16-ին՝ 14։00-ին, Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում Հայաստանի ազգային գրադարանը Ֆրանկոֆանիայի երկամսյակի առիթով կազմակերպել է հանրային դասախոսություն «Տպագրությունը Ֆրանսիայում 19-րդ դարի առաջին կեսին» թեմայով:

Հայաստանի ազգային գրադարանի ֆրանսիացի ստաժոր Վադիմ Բեմը, օգտվելով Ազգային գրադարանի ֆրանսիական հավաքածուի իր հետազոտությունից, «Տպագրության, հրատարակչական գործի եւ հրատարակիչների պատմությունը՝ Ֆիրմին Դիդոյից մինչեւ Ժյուլ Էցել (1800 -1860)» վերնագրով զեկույց կներկայացնի:

Նա կցուցադրի նաեւ Ազգայինի հարուստ հավաքածուի բացառիկ նմուշներ:

Ապրիլի 19-ին էլ Հայաստանի ազգային գրադարանը կազմակերպելու է ընթերցանության մարաթոն, որը նվիրված է հայ նշանավոր գրող Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակին։ Մասնակիցներն իրար հաջորդելով եւ 5-ական րոպե հերթական հատվածը կարդալով կշարունակեն Բակունցի «Կյորես» վեպի ընթերցումը մինչեւ ավարտը, եւ կընթերցվեն գրողի մի շարք պատմվածքներ։ Ընթերցանության ընթացքն ուղիղ կհեռարձակվի ZOOM հարթակում եւ ՀԱԳ յութուբյան ալիքում։

 

 

 

ՊԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ

«Կամուրջ» մշակութային կենտրոնն ապրիլի 27-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացնի պարի «Ծաղկունք» միջազգային 5-րդ փառատոնը, որը նվիրված կլինի ապրիլի 29-ին նշվող Պարի միջազգային օրվանը։

 

Ինչպես տեղեկացնում են Կամուրջ» մշակութային կենտրոնից, փառատոնի նպատակն է՝ մեկ միասնական հարթակում միավորելով ներկայացնել աշխարհի տարբեր ազգերի պարերը՝ Հայաստանի ու արտերկրի մանկապատանեկան եւ երիտասարդական խմբերի միջոցով։ Փառատոնն իրենց մասնակցությամբ կգեղեցկացնեն Հայաստանի, Ֆրանսիայի, Ստասբուրգ եւ Լիոն քաղաքների, Վրաստանի, Լեհաստանի ու Ուկրաինայի մի շարք պարային համույթներ, անսամբլներ եւ երգչախմբեր։ Փառատոնին ներկա կգտնվեն նաեւ սիրված եւ ճանաչված երգիչներ Հայաստանից:

Նշվում է, որ «Կամուրջ» մշակութային կենտրոնը մշտապես միտում ունի նպաստել պարարվեստի հանրայնացմանը:

«Պարը մշակութային հաղորդակցման լեզու է, ազգային մշակութային արժեք:  Այն արվեստների յուրօրինակ համադրում է։ Պարի միջոցով մարդիկ փոխանցում են իրենց զգացողությունները, հույզերը, ուրախությունը, ոգին, նաեւ ազգի մտածողությունն ու  մշակույթը, մղում ինքնաճանաչման, ազգային արժեքների բացահայտման՝  կամրջելով տարբեր աշխարհագրությունների մշակույթներ, ստեղծելով փոխճանաչման հիմքեր: Այն արվեստի միասնական ձեւ է, որը չի ճանաչում քաղաքական, էթնիկ, մշակութային որեւէ սահման: Պարը զորեղ միջոցներից է`  ներաշխարհի հարստացման, ինքնաճանաչման եւ ազգը  համախմբելու առումով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՆՈՐ ՆՊԱՏԱԿԸ

Իտալական «Ինտեր»-ի եւ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի համար ընթացիկ մրցաշրջանի կարեւոր նպատակներից է իտալական Սկուդետոն նվաճելը:

«Սա հետքայլ չէ: Մենք ցանկանում էինք հաղթել, բայց մեկ միավոր վաստակեցինք: Մեկ նպատակ ունենք՝  նվաճել Սկուդետոն։ Յուրաքանչյուր չեմպիոնական տիտղոս նվաճվում է դժվարություններով: Իտալիայում մեծ ուշադրություն է դարձվում մարտավարությանը, այստեղ լավ թիմեր են եւ շատ ուժեղ խաղացողներ»,- Մխիթարյանի խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հայ կիսապաշտպանը հույս է հայտնել, որ իրենց կհաջողվի, այնուամենայնիվ, դառնալ Իտալիայի չեմպիոն:

«Մենք չենք հանձնվի եւ պետք է հաղթենք առաջիկա խաղերում, որպեսզի մրցաշրջանն ավարտենք՝ կատարելով մեր խնդիրը: Ես ինձ հիանալի եմ զգում եւ ցանկանում եմ խաղալ յուրաքանչյուր խաղում»,-ասել է Մխիթարյանը:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 32-րդ տուրում «Ինտեր»-ը հյուրընկալել էր «Կալյարի»-ին: Միլանում կայացած հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով: Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 65-րդ րոպեին։ Այս տուրից հետո էլ «Ինտերը» 83 միավորով գլխավորում է Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակը:

 

 

5 ՄԵԴԱԼ

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական թիմը Եվրոպայի առաջնությունում, ընդհանուր առմամբ, նվաճել է 5 մեդալ:

Երիտասարդ  բռնցքամարտիկները նվաճեցին 3 արծաթ եւ 2 բրոնզ:

Պատվո հարթակի երկրորդ աստիճանին են կանգնել 51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 92 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը եւ գերծանր քաշային Միսակ Տեպանյանը: Հայաստանի հավաքականի կազմում Էրիկ Առստամյանն ու Լուսյա Ավետիսյանը նվաճեցին բրոնզե մեդալ։

Առաջիկա օրերին բռնցքամարտում ուշադրությունը եւեռվելու է արդեն Սերբիայի վրա, որտեղ կայանալու է մեծահասակների Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանը ներկայացնելու է 13 տղա եւ 6 աղջիկ։

 

ՊԱՀՊԱՆԵԼ Է ԴԻՐՔԸ

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը պահպանել է դիրքը ATP դասակարգման նոր աղյուսակում:

Ապրիլի 15-ին վարկանիշային աղյուսակում Խաչանովը կրկին 17-րդն է, ինչպես նախորդ շաբաթ: Առաջին հնգյակում փոփոխություն չկա, միմյանց հաջորդում են Նովակ Ջոկովիչը, Յանիկ Սիները, Կարլոս Ալկարասը, Դանիել Մեդվեդեւը, Ալեքսանդր Զվերեւը:

Լավագույն տասնյակում են նաեւ Կասպեր Ռուդը, Ստեֆանոս Ցիցիպասը, Անդրեյ Ռուբլյովը, Հուբերտ Հուրկաշը, Գրիգոր Դիմիտրովը:

 




Լրահոս