Ի՞ՆՉ ԽՆԴԻՐ ԵՆ ԼՈՒԾԵԼ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, օրերս իր հարցազրույցներից մեկում անդրադառնալով «Ֆրիդոմ Հաուսի» զեկույցում արձանագրված ժողովրդավարական հետընթացին, այն կապել է Արցախից տեղահանվածների խնդիրների հետ՝ ասելով, որ պետական իշխանության մարմինները զբաղված էին տեղահանվածների հարցերով ու դանդաղել են ժողովրդավարությունը զարգացնելու հարցում։

 

ArmLur.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, արձագանքելով Հասմիկ Հակոբյանի հայտարարություններին, նկատում է` մինչ 2018 թվականը Արցախը ոչ մի խնդիր չուներ, Հայաստանը՝ առավել եւս. 2020 թվականից հետո իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում՝ Արցախը կորավ խնդիրների մեջ. «Հենց այս իշխանությունների ձեռքով Արցախը հանձնվեց, իրենց նախաձեռնությամբ մենք տեղահանվեցինք մեր հայրենիքից, մեր տներից եւ հայտնվեցինք հայրենիքի մյուս հատվածում: Այսինքն՝ այս բոլոր խնդիրներն իրենք ստեղծեցին, էլ չեմ ասում, որ Արցախում այլեւս չկա ընտանիք, որը զոհ չունենա, եւ մեր վերքերը դեռ թարմ են»,-նշում է Մետաքսե Հակոբյանը:

Նրա խոսքով՝ իշխանություններն այն բոլոր խնդիրները, որոնք կան Հայաստանում, փորձում են բարդել արցախցիների վրա. «Սա իրենց օրակարգն է, որը բերել են 2018 թվականի իշխանազավթումից հետո, այսինքն՝ այն գլխից խնդիրների մեղավոր էին «կարգել» Արցախն ու արցախցիներին, հիմա էլ շարունակում են նույն քաղաքականությունը: Սյսօր ՀՀ քաղաքացուն ոստիկանական բաժնում ստորացնում են, եւ դա հանրայնացվում է, եւ իրենք նորից արդարանում են ու մեղքը բարդում են արցախցիների վրա. ի՞նչ կապ ունեն արցախցիները իրենց ագրեսիվ ու ոչ ժողովրդավարական պետության հետ… Որեւէ կապ չեն կարող ունենալ: Ի՞նչ խնդիրներ են արցախցիների համար լուծել, որը շեղել է իրենց ուշադրությունը Հայաստանի Հանրապետության խնդիրներից, կամ որ դրանից ժողովրդավարությունը տուժել է. որեւէ խնդիր իրենք լուծո՞ւմ են արցախցիների համար:

Մեր գլխավոր նպատակը Արցախի վերադարձն է, որը հիստերիա է առաջացրել իշխանությունների մոտ, բայց իրենք որեւէ հարց չեն լուծում»,-ասում է Մետաքսե Հակոբյանը:

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

ԱՐՑԱԽՑԻ ՀԿ-Ն ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿՈՒՆԵՆԱ

Արցախյան «Արդարություն եւ վերադարձ» հայ ազգային եւ մշակութային արժեքների պահպանման ՀԿ-ն շարունակում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագրի շրջանակներում հանդիպումներ ունենալ բռնի տեղահանված արցախցիների հետ:

Ծրագրի մեկնարկը տրվել էր մարտի 30-ին՝ Կապան քաղաքից, ապրիլի 6-ին «Արդարություն եւ վերադարձ» ՀԿ ներկայացուցիչները բռնի տեղահանված արցախցիների հետ Գյումրիում էին հանդիպել:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հաջորդ կանգառը Կոտայքի մարզում է. ապրիլի 22-ին արցախցի պատգամավորները կլինեն Հրազդան քաղաքում. ««Արդարություն եւ վերադարձ» հայ ազգային եւ մշակութային արժեքների պահպանման ՀԿ-ի կողմից մշակված «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը շարունակվում է։

Մենք շարունակում ենք այցելել մարզ առ մարզ, քաղաք առ քաղաք եւ լսել մեր արցախցի հայրենակիցների ձայնը։ Խոսել արցախցիների մասին, ներկայացնել նրանց դժվարությունները: Փորձել ինչ-որ տարբերակով փոխել բռնի տեղահանված մեր հայրենակիցների կյանքն անհնար է, եթե դուք անձամբ չգիտեք, թե ինչ խնդիրների են նրանք բախվել, ինչպես են նրանք հաղթահարում ամեն օր իրենց կյանքը կեղեքող հազարավոր մարտահրավերները… Մենք շարունակում ենք լսել մեր հայրենակիցներին, մենք շարունակում ենք հավաքագրել այն բոլոր փաստերը, որոնց մասին վստահ ենք՝ շատերն են անտեղյակ։

Մեզ սպասում են եւս 8 մարզում բռնի տեղահանված հայրենակիցներ, որոնց հետ քննարկելու ենք բոլորիս ներկայի եւ ապագայի վերաբերյալ օր օրի ավելի ահագնացող հիմնախնդիրները։

Հաջորդիվ՝ մենք կլինենք Կոտայքի մարզկենտրոն Հրազդան քաղաքում: Հանդիպում ենք ապրիլի 22-ին՝ ժամը 18։30-ին։

Հանդիպման վայրը՝ «Իմպերիալ» ռեստորան։ ՄԻԱՍԻՆ ՄՇԱԿՈւմ ԵՆՔ ԱՐՑԱԽ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԸ»,- «ֆեյսբուքում» այս մասին հայտնել է Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

 

 

 

ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԶԳՈՒՇԱՎՈՐ ԵՆ ԴԱՐՁԵԼ

Ապրիլի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել էր Տավուշի մարզ։ Վարչապետը եղել է Ոսկեպար, Կիրանց եւ Բերքաբեր բնակավայրերում:

ArmLur.am-ի հետ զրույցում Ոսկեպարի համայնքապետարանի աշխատակիցներից մեկը ասաց, որ հանդիպումը բնականոն է անցել: Քննարկվել են սահմանային հարցեր:

Նրա խոսքով՝ առաջին անգամ հանդիպման ժամանակ բնակիչները պահանջ էին ներկայացրել վարչապետին, նա խոստացել էր, որ կվերադառնա եւ կպատասխանի գյուղացիների առաջարկին, եւ հանդիպման ժամանակ չեն եղել հարցեր, որոնց պատասխանը չի հնչել:

Հանդիպման ընթացքում հավաքվել են բնակիչների հեռախոսները, աշխատակցի խոսքով՝ անվտանգությունից ելնելով:

«Փաշինյանի այցից հետո բնակիչները դարձել են մի քիչ զգուշավոր ու լավատես»,-ասաց համայնքապետարանի աշխատակիցը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, երբ մարտի 18-ին այցելել էր Ոսկեպար, բնակիչների խոստացել էր, որ 10 օրից կրկին կվերադառնա, բայց այցելեց մեկ ամսից։

Ք. ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԱՐՑԸ

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում շոշափել է նաեւ Լեռնային Ղարաբաղի տարածքից տեղահանված հայ բնակչության վերադարձի հարցը:

«Ինչ վերաբերում է Ղարաբաղի տարածքը լքած հայ բնակչությանը, ապա Ադրբեջանի իշխանություններն ընդունել են վերաինտեգրման հատուկ ծրագիր, ՌԴ-ն ողջունում եւ աջակցում է այդ քայլը: Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան վերադառնալ իրենց իրավունքների եւ, իհարկե, անվտանգության պատշաճ ապահովման դեպքում: Մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել այս գործընթացին»,- ասել է նա։

Խոսելով 80-ականների վերջի եւ 90-ականների սկզբի հակամարտության արդյունքում Հայաստանից հեռացած ադրբեջանցիների, ինչպես նաեւ այդ նույն ժամանակ Բաքուն, Սումգայիթը եւ ադրբեջանական այլ քաղաքներ լքած հայերի մասին՝ Զախարովան ընդունել է, որ այդ կատեգորիայի քաղաքացիների հնարավոր վերադարձի պայմաններ ստեղծելու համար անհրաժեշտ է մեծ ծավալի աշխատանք կատարել, համակողմանի կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունները, երկու երկրի միջեւ ձեւավորել վստահության մթնոլորտ, իրականացնել եռակողմ հայտարարությունների դրույթները, կնքել խաղաղության պայմանագիր, ապաշրջափակել տրանսպորտային հաղորդակցությունները տարածաշրջանում, սահմանազատել եւ սահմանագծել սահմանը, կանոնավոր շփումներ հաստատել քաղաքացիական հասարակությունների միջեւ։

«Ժողովուրդների հաշտեցման գործընթացի մեկնարկի մասին հնարավոր կլինի խոսել կատարված աշխատանքի արդյունքի հիման վրա: Մարդիկ պետք է կարողանան առանց վախենալու ճանապարհորդել հարեւան երկիր ու բնակվել նրա տարածքում»,- եզրափակել է Զախարովան։

 

 

 

ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՄՆԱԼ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ

Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը. Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանավորված։

Պաշտպանական կողմը պատրաստվում է դիմել վերաքննիչ դատարան։

Հիշեցնենք` 2021 թվականի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով. նույն օրը Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվեցին։

Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին եւ ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:

Ստեփան Գալստյանը 2023 թվականի դեկտեմբերին ազատ արձակվեց՝ 25 մլն դրամ գրավի դիմաց։

 

 




Լրահոս