Ապրիլի 15-ին հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպը՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի եւ քաղաքացի Սամվել Վարդանյանի միջեւ, ակնհայտ դարձավ քաղաքական հետապնդման գործիք։
«Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով գնահատական տալ կատարված խայտառակ աննախադեպ բռնությանը եւ սեռական նսեմացման դեպքին:
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած դիմակավորված անձինք ոստիկանական մեքենայից դուրս էին հանել Սամվել Վարդանյանին, տարել էին մի քանի մետր այն կողմ՝ խոտերի մեջ, չոքեցրել, գլուխը խփել գետնին (ըստ երեւույթին՝ նրա ճակատի ուռածությունը հենց այդ դեպքի հետեւանքն էր) ու սկսել էին ձեռքերով հարվածել։ Այդ ամբողջ գործընթացը ուղեկցվել էր սեռական բնույթի հայհոյանքներով, վերջին խոսքերով։
Ընդ որում, ծեծողները պահանջել էին Սամվելից, որ կրկնի իր նկատմամբ հնչեցրած սեռական բնույթի հայհոյանքները, վերջում թքել էին նրա վրա։ Այնուհետեւ, նրան՝ չոքած վիճակում, ձեռքերը՝ հետեւի կողմից ձեռնաշղթայված, տաբատը իջեցրել էին, փայտը կամ «դուբինկան» դեմոնստրատիվ պահել ոտքերի արանքում՝ այդպիսով ցանկանալով ինչ-որ բան ցուցադրել, սպառնալ կամ վախեցնել։
Ժողովրդավարությունը որպես թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավար, ի՞նչ գնահատական ունեք այս երեւույթին եւ ինչ քայլեր եք ձեռնարկել այս անպատժելիության առիթով:
«Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին, սակայն, Նիկոլ Փաշինյանը, խուսափել է պատասխանելուց եւ հանձնարարել է այն հասցեագրել դեպքի փաստացի հանցակից ՀՀ ներքին գործերի նախարարությանը։
ՆԳՆ-ից մեզ պատասխանել են, որ ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությունում իրականացվում է ծառայողական քննություն։
Հավելել են. «Արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ»։
Ստացվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմում ոչ միայն հարցերի բովանդակությունը չեն կարդում, այլեւ խմբային խուսափում են գնահատական տալուց իրենց իշխանության օրոք տեղի ունեցած խայտառակ բռնությունների կոնկրետ դեպքին:
Ապրիլի 15-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն էր ժամանել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը: Վերջինս հանդիպումներ էր ունեցել Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի եւ Վահագն Խաչատուրյանի հետ: «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ պաշտոնական այցով Հայաստան եկած Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն այդպես էլ չայցելեց Ծիծեռնակաբերդ, որը մինչ այս պարտադիր էր գրեթե բոլոր պետական այցերի ժամանակ: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԳՆ՝ պարզելու՝ Ղազախստանի նախագահի այցի շրջանակներում ինչո՞ւ չի նախատեսվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այց եւ հարգանքի տուրքի մատուցում: Հետաքրքրվեցինք՝ հայկական կողմից Ղազախստանի նախագահին արդյոք նման առաջարկ արվե՞լ է, եւ գուցե նա՞ է մերժել: ՀՀ ԱԳՆ-ից պատասխանեցին, թե Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ. «Պաշտոնական այցերի համար սահմանված արարողակարգային ընթացակարգերին համապատասխան՝ Ղազախստանի նախագահի այցի ընթացքում կայացել են հանդիպումներ ՀՀ նախագահի, վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի հետ: Պաշտոնական այցերի ծրագիրը կազմվում է փոխադարձ համաձայնեցմամբ՝ հաշվի առնելով այցի ընդհանուր օրակարգը եւ քննարկվելիք հարցերի շրջանակը»: Նկատենք, որ մինչ այս, թե’ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների, թե’ պատվիրակությունների պաշտոնական այցերի օրակարգում Ծիծեռնակաբերդ այցը մշտապես պարտադիր է եղել. հասկանալի է, որ սա հայկական կողմի պարտադիր պահանջն է եղել, որին գործընկերները համաձայնել են: Հիմա, փաստորեն, «իրավիճակ է փոխվել», ու Ծիծեռնակաբերդ այցը այլեւս պարտադիր չէ: Հաշվի առնելով ՀՀ իշխանությունների՝ Ցեղասպանությունը եւ դրա զոհերի թիվն ու ինքնությունը կասկածի տակ դնող հայտարարությունները, կարելի է ենթադրել, որ հենց նրանց նախաձեռնությամբ էլ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցն այլեւս արարողակարգային պայման չէ:
Գնել Սանոսյանը «գովերգում է», իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. ո՞վ է ի վերջո խոշոր գործարար Գեւորգ Նալբանդյանը, ում կենսագրության մեջ միայն նշված է վերջինիս՝ Շվեդիա տեղափոխվելու փաստը, իսկ լուսանկարը չի հանդիպում ոչ մի բաց աղբյուրում։ Ավելին՝ ՏԿԵՆ փոխնախարար Արմեն Սիմոնյանը բառացի հայտնում է, թե «անձը մեքենայությունների մեջ է եղել, բայց թղթերը ներկայացրել է, ստացել վկայական, օդանավն առեւանգել ու այլ երկիր տարել»։ Այսպիսով՝ հեղափոխության հերթական նվաճում համարվող «Հայվեյզ» ավիաընկերությունը, ում «Բոինգը» առեւանգվեց եւ հայտնվեց Իրանի Իսլամական Հանրապետությունում, պարուրված է մութ անցյալ ունեցող հիմնադիրների հետ. պատմությունը, թերեւս, կարող էր լուսաբանել ՏԿԵՆ փոխնախարար Արմեն Սիմոնյանը. բայց նա խոսում է ակնարկներով:
Մինչ Տավուշում իրավիճակը լարված է, եւ քաղաքացիները պայքարում են իրենց հող ու ջրի համար, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, այս իրավիճակին զուգահեռ, դատախազությունում կադրային փոփոխությունների մասին է հայտարարում, եւ ըստ հայտարարության՝ պաշտոնից ազատում է Տավուշի մարզի դատախազ Գոռ Ալոյանին։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Տավուշի դատախազ Գոռ Ալոյանը ինքն է անձամբ դիմում գրել հեռանալու համար՝ այլ ուժային կառույցում աշխատելու նպատակով, սակայն, այս իրավիճակում ուշագրավն այն է, որ Գոռ Ալոյանը Տավուշի դատախազի պաշտոնը լքում է Տավուշի համար ճակատագրական պահին։