ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրով Կառավարությունը ոչ միայն կսուբսիդավորի ապահովագրավճարները, այլ նաեւ կաջակցի ապահովագրական ընկերություններին՝ ապահովագրական հատուցումների որոշակի շեմը գերազանցելու դեպքում փոխհատուցում տրամադրելու միջոցով։

 

Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը։

Նախարարի խոսքով՝ նախագծի ընդունումը պայմանավորված է 2024 թվականի գյուղատնտեսական տարվա համար Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացումը ապահովելու անհրաժեշտությամբ։ Ծրագրի շրջանակում 2023 թվականին ապահովագրվել էին ծիրան, խաղող, դեղձ, սալոր, խնձոր, կեռաս, բալ, ձմերուկ, սեխ, կարտոֆիլ, աշնանացան/գարնանացան ցորեն, գարի եւ վարսակ մշակաբույսերը։ Ապահովագրվող ռիսկերն էին՝ գարնանային ցրտահարությունը, երաշտը, կարկուտը եւ հրդեհը։

«2023 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրվել էր 11662 հա հողատարածք, ապահովագրավճարը կազմել էր շուրջ 1,8 մլրդ դրամ, դեկտեմբերի 31-ի դրությամբ տրամադրվել էր շուրջ 3864 ապահովագրական հատուցում՝ շուրջ 2.7 մլրդ դրամի չափով։

2024 թվականին, պայմանավորված ՀՀ գյուղատնտեսության ապահովագրության շուկայից վերաապահովագրական ընկերության դուրս գալով, ապահովագրական ընկերությունները չէին կարող ստանձնել ապահովագրության ռիսկերն ամբողջությամբ՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված բարձր վնասաբերությունը։ Այդ է պատճառը, որ ծրագիրը ժամկետից ուշ մեկնարկեց. ուստի անհրաժեշտություն է առաջացել այս տարվա համար ժամանակավոր լուծում գտնել եւ վերափոխել ծրագրի մոտեցումները»,- ասաց Պապոյանը։

Նախարարը նշեց, որ ծրագրին ապահովագրական ընկերությունների մասնակցությունը ապահովելու համար առաջարկվում է, որ այս տարի կառավարությունը, բացի ապահովագրավճարների սուբսիդավորումից, մասամբ կիսի ապահովագրական ռիսկը, այսինքն՝ աջակցի նաեւ ապահովագրական ընկերություններին՝ ապահովագրական հատուցումների որոշակի շեմը գերազանցելու դեպքում՝ փոխհատուցում տրամադրելու միջոցով. «Մասնավորապես՝ գործակալության անդամ յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը փոխհատուցել ապահովագրական ընկերության կողմից ընդհանուր հավաքագրված ապահովագրավճարի հանրագումարի 70 տոկոսի չափը գերազանցող տնտեսվարողներին՝ փոխհատուցված ապահովագրական հատուցումների 80 տոկոսը»,- ասաց նախարարը։

Պապոյանի խոսքով՝ 2024 թվականին կառավարությունը աջակցություն է ցուցաբերելու նաեւ գյուղատնտեսությանը ապահովագրողների ազգային գործակալության գործառնական եւ մնացած այլ ծախսերի համար։

«Հիմք ընդունելով մշակաբույսերի ապահովագրության ժամկետներն ըստ մշակաբույսերի եւ ռիսկերի՝ նախատեսում ենք, որ այս տարի կկարողանանք ապահովագրել դեղձը, սալորը, խնձորը, կեռասը, բալը, ձմերուկը, սեխը, կարտոֆիլը կարկուտի ռիսկից, իսկ հացահատիկային մշակաբույսերը՝ ցորենը, գարին եւ վարսակը՝ երաշտի ռիսկից»,- եզրափակեց Պապոյանը։

ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 

 

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

Հայաստանում բյուջետային ծրագրերի գնահատման գործընթացի ներդրման կարիք է առաջացել։ Այս մասին ապրիլի 22-ին Ազգային ժողովում «Բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։

Ըստ փոխնախարարի՝ բյուջետային ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նախատեսվում է ներդնել դրանց գնահատման կանոնավոր գործընթաց։ Այն մշակվել է Հայաստանի ֆինանսների նախարարության կողմից։

Նոր օրինագծով նախատեսվում է սահմանել վերը նշված լիազորությունների կարգը։ Այսպիսով՝ կառավարությանը կտրվեն բյուջետային ծրագրերը գնահատելու լիազորություններ։ Այդ գործառույթներն իրականացնելու է ֆինանսների նախարարությունը՝ կառավարության սահմանած կարգով։ Այն իր հերթին կհաստատվի օրենքի ուժի մեջ մտնելուց երեք ամսվա ընթացքում։

 

 

ԴԵՊԻ ՏԱՎՈՒՇ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՓԱԿ ԵՆ

ArmLur.am-ին քաղաքացիների կողմից ահազանգեր հասան այն մասին, որ Տավուշ տանող բոլոր մուտքերը փակ են:

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը կանգնեցնում է մեքենաները, եթե ուղղությունը դեպի Ոսկեպար է, ապա հորդորում է շրջադարձ անել եւ լքել Տավուշը։

Լրագրողների դեպքում պահանջում են անձը հաստատող փաստաթուղթ եւ լրագրողական բեյջ, ապա նոր թույլ են տալիս մուտքը։ Սա արվում է, որպեսզի մարդիկ չհավաքվեն Տավուշում, եւ հանկարծ զանգվածային պրոցեսներ չսկսվեն:

Տեղեկացնենք, որ երեկ եւս փակ էր դեպի Ոսկեպար, Կիրանց տանող ավտոճանապարհը: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որ խոսում է ժողովրդավարության մասին, իրականում արգելում եւ խոչընդոտում է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը: Նախկինում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը դժգոհում էր, թե քաղաքացիների ազատ տեղաշարժը միշտ պետք է անխափան լինի: Հիմա անում է այն, ինչ քննադատում էր նախկինում:

Սա խոսում է Նիկոլ Փաշինյանի վախի մասին, որ ինքն Ադրբեջանին տված խոստումը չի կարողանում իրականացնել։ Հայը չի՛ հանձնվում։

 

 

 

ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՈԽՎԻ

Երեւանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 22-ից երթեւեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Կոմիտասի պողոտա – Գյուլբենկյան փողոց խաչմերուկում:

Մասնավորապես՝ Կոմիտասի պողոտայից դեպի Քոչարի փողոց ձախ շրջադարձը կթույլատրվի առանձին լուսացույցով:

Միաժամանակ նշված խաչմերուկում կկատարվի լուսացույցի աշխատանքային ռեժիմի փոփոխություն:

 

 

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ ՆՇԱՆԱԿԵՑԻՆ

Ամիսներ շարունակ ոստիկանության Դիլիջանի բաժնի պետի պաշտոնը թափուր էր, ինչը բացասաբար էր անդրադառնում Դիլիջանի բաժնի աշխատանքի, Դիլիջան համայնքում կատարված հանցագործությունների բացահայտման վրա: Ապրիլի 2-ին տեղեկատվական հարցում ենք ուղարկել ՀՀ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանին, ի թիվս այլ հարցերի՝ նրան հարցնելով, թե երբվանի՞ց է թափուր ոստիկանության Դիլիջանի բաժնի պետի պաշտոնը, ե՞րբ է նշանակվելու այդ բաժնի պետ։ Ապրիլի 16-ին ստացել ենք ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ, գնդապետ Գուրգեն Խաչատրյանի գրությունը, որտեղ նշված է. «02.04.2024թ. ՀՀ ներքին գործերի նախարարի համապատասխան հրամանով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետի թափուր պաշտոնը համալրվել է»։ Ամիսներ շարունակ Դիլիջանի ոստիկանապետի պաշտոնը թափուր էր, սակայն  մեր հարցման օրը, ուշագրավ զուգադիպությամբ, այդ պաշտոնը համալրվեց։

 

 

 

ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ Է՝ ԲԱՑԻ ԱՇԽԱՏԵԼՈՒՑ

Դիլիջան քաղաքի կենտրոնում հանրահայտ «Միմինո» արձանախմբի մոտ ձգվող ավտոճանապարհին եւ տուրիստական  քաղաքի այլ հատվածներում մեծ փոսեր են։ Դիլիջանի բնակիչներն ասում են, որ Դիլիջան համայնքի ղեկավար, միջնակարգ-մասնագիտական կրթությամբ, անձնական գործում իր սեռը «արու» գրած ՔՊ կուսակցության՝ Դիլիջանի կազմակերպության ղեկավար Դավիթ Սարգսյանը, փոխանակ Դիլիջանի փողոցների փոսերը լցնի, ապրիլի 17-ին սահմանամերձ Ոսկեպարում մասնակցել է ոսկեպարցիների հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը, ապրիլի 20-ին էլ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին է ուղեկցել սահմանամերձ Կիրանցում։

 

 

 

ՌԻՍԿԵՐԸ ԿԱՃԵՆ

ՀՀ վարչապետի աշխատակազմից hայտնել են. «Ճշգրտության համար արձանագրենք, որ Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետեւ Կզըլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ եղել է Ադըրբեջանի տիրապետության ներքո: Իսկ Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված եւ անվտանգային ռիսկերի նվազեցում»: Իրականում, անվտանգային ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ անհամեմատ աճելու։ Գյուղերի տարածքները Ադրբեջանին հանձնելուց հետո խաթարվելու է այդ հատվածով Հայաստան-Վրաստան, Իջեւան-Նոյեմբերյան տրանսպորտային հաղորդակցությունը, Ոսկեպար գյուղի կապը Իջեւանի եւ Նոյեմբերյանի հետ: Ադրբեջանին են հանձնելու սահմանագոտում իշխող բարձունքներ, այդտեղ 30 տարում ամրացված մարտական դիրքեր, ջրերի մեծ ակունքներ։ Այն, որ սահմանի  այդ հատվածում բանակի փոխարեն սահմանապահներ են կանգնելու, ամենեւին չի նվազեցնում անվտանգային  ռիսկերը։ Նիկոլ Փաշինյանն ինքն է խոստովանել, որ 4  գյուղերի տարածքների հանձնումից հետո երաշխիք չկա, որ պատերազմ չի լինելու։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս