ԱՅՍՕՐ ԼՐԱՆՈՒՄ Է 109 ՏԱՐԻՆ….

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրանում է Հայոց Ցեղասպանության իրագործման 109-րդ տարին: Հայտնի է, որ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա ընտրությունը պայմանավորված է հայ մտավորականության տեղահանությամբ, որը հաճախ անվանում են կարմիր կիրակի: Զոհերի հիշատակի օրը առաջին անգամ նշվել է 1919 թվականին՝ Կոստանդնուպոլսում։

 

Օսմանյան կայսրության մայրաքաղաքի հայ համայնքի առաջնորդները, իսկ հետագայում նաեւ կայսրության այլ համայնքների հայտնի ներկայացուցիչները ձերբակալվում են եւ տեղափոխվում Անկարայի մոտ գտնվող երկու համակենտրոնացման կետեր: Գործողությունն իրականացվում է ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի արձակած հրամանով 1915 թվականի ապրիլի 24-ին։

Այդ գիշեր հայ մտավորականների առաջին հոսքը ձերբակալվել է Կոստանդնուպոլիսում։ Տեղահանության մասին օրենքի ընդունումից առաջ ձերբակալվածները տեղաբաշխվում են ամբողջ կայսրության տարածքում. ապա նրանց մեծամասնությունը սպանվել է։ Շատ քչերը, այդ թվում Վրթանես Փափազյանը եւ Կոմիտասը փրկվել են անձնական միջամտության արդյունքում։

Ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի կողմից տեղահանության մասին հրամանը հրապարակվելուց հետո Կոստանդնուպոլսում գործողությունների ղեկավարումը ստանձնում է քաղաքի ոստիկանության պետ Բեդրի Բեյը: Ապրիլի 24-ի լույս 25 գիշերը ձերբակալվում են 235-ից 270 հայ մտավորականներ, հոգեւորականներ, բժիշկներ, խմբագիրներ, լրագրողներ, փաստաբաններ, ուսուցիչներ: Վերոնշյալ թվի տատանումը պայմանավորված է ոստիկանության ցուցակներում առկա անճշտություններով, քանի որ ձերբակալվել էին նույն անուն ազգանուններով տարբեր մարդիկ:

Երկրորդ հոսքով ձերբակալվում են 500-ից 600 հոգի: Ձերբակալվածների ընդհանուր թիվը քիչ քիչ հասնում է 2345-ի։

Տեղահանվածներին տեղափոխում են երկու ուղղությամբ՝ Չանկիրի եւ Այաս: Պոլսո հայոց պատրիարք Զավեն Տեր- Եղիայանը նախաձեռնում է մտավորականների փրկության աշխատանքներ՝ շնորհիվ տեղահանվածներին տեղափոխող շոգենավի հայ աշխատակցից ստացած ցանկերի, սակայն Կոստանդնուպոլսում նստող դեսպաններից միայն ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն է աջակցության ձեռք մեկնում: Ավելի ուշ սպանությունից հաջողվում է փրկել 10-ից 13 մարդու:

Ձերբակալվածներից ոմանց հաջողվում է ազատ արձակվել տարբեր ազդեցիկ մարդկանց ճնշումների եւ միջամտությունների արդյունքում։ Հինգ տեղահանվածներ Չանկիրիից ազատ են արձակվում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի միջամտության շնորհիվ։ Ընդհանուր առմամբ 12 տեղահանվածների Չանկիրիից թույլ է տրվում վերադառնալ Կոստանդնուպոլիս: Նրանք էին՝ Կոմիտասը, Բյուզանդ Քեչյանը, Վահրամ Թորգոմյանը, Բարսեղ Դինանյանը, Հայկ Հոճասարյանը, Նշան Կալֆայանը, Երվանդ Թոլայանը, Արամ Գալենտերյանը, Նոյիկ Տեր-Ստեփանյանը, Վրթանես Փափազյանը, Գառնիկ Ինջիջյանը եւ Հակոբ Բեյլերյանը։  Կոնյայում բանտարկվածներից չորսին նույնպես թույլ է տրվել վերադառնալ Կոստանդնուպոլիս. Աբիկ Մյուբեհեջյանը, Ադամյանը, Խերբեկյանը եւ Նոսրիկյանը։

Մուդրոսի զինադադարից (30 հոկտեմբերի 1918) հետո, ողջ մնացած հայ մտավորականներին թույլ են տալիս վերադառնալ  Կոստանդնուպոլիս, որը գտնվում էր դաշնակից զորքերի վերահսկման ներքո։ Նրանք սկսեցին կարճ բայց ինտենսիվ գրական գործունեություն ծավալել, որին վերջ տվեց 1923 թվականին Թուրքիայի հաղթանակը։ Նրանցից ոմանք գրեցին հուշեր եւ ստեղծագործություններ՝ տեղահանումների ընթացքում իրենց ապրածի մասին:

Վերապրողներից մի քանիսը հոգեկան անհավասարակշիռ վիճակում հայտնվեցին. նման հոգեկան խախտում է վերագրվում նաեւ Կոմիտասին, ով մահացավ 1935 թվականին Փարիզի հոգեբուժարանում: Շատերը կարծում են, որ նա հոգեպես առողջ էր, եւ հոգեբուժարանում հոգեմետ դեղերի ազդեցության տակ փակելը նրան լռեցնելու միակ տարբերակն էր:

ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԽՈՐԱԳԻՐԸ

«Խաչմերուկներ. ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի ապրիլի 29-ից մայիսի 16-ը Երեւանում եւ Դիլիջանում։ 7-րդ անգամ կազմակերպվող փառատոնը կրում է «Հայկական խճանկար» խորագիրը։ Այս տարվա արտիստներից են Անդրիուս Հարությունյանը, Գաշիա Ուզունյանը, Հայկ Մելիքյանը, Ասոնանս անսամբլը, Երեւանի պետական կոնսերվատորիայի Բումերանգ անսամբլը եւ Երեւան լարային քառյակը։

 

«Խաչմերուկներ» ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնը միակն է Հայաստանում, որտեղ ներառվում են համաշխարհային ժամանակակից ակադեմիական երաժշտության մեծաքանակ նոր եւ նշանակալից գործեր։ Ընդ որում, դրանց զգալի մասն առաջին անգամ է կատարվում, այսինքն՝ փառատոնը բեմ է հանդիսանում դրանց հայաստանյան եւ համաշխարհային պրեմիերաների համար։

Փառատոնը մշտապես նպատակ ունի ապահովելու համաշխարհային ժամանակակից երաժշտության տարածումը եւ զարգացումը Հայաստանում։ Ուստի տարբեր տարիներին այն իր ծրագրում ներառում է մի շարք նոր ստեղծագործությունների հայաստանյան պրեմիերաներ։

Փառատոնի շրջանակներում այս տարի կկազմակերպվի 5 համերգ, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, Կամերային երաժշտության ազգային կենտրոնում, ՀԲԸՄ Հայաստան դահլիճում, Դիլիջանի միջազգային դպրոցում եւ The Office-ում։

Փառատոնի բացման համերգը տեղի կունենա ապրիլի 29-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում։

Ասոնանս անսամբլը կներկայացնի Արամ Հովհաննիսյանի, Ալիսիա Թերզյանի, Արթուր Ահարոնյանի, Արսեն Բաբաջանյանի, Ֆրանկ Քրիստոֆ Եզնիկյանի, Ստեփան Ռոստոմյանի ստեղծագործությունները։

Փառատոնի ծրագիրն ամեն տարի հնարավորություն է ստեղծում հայ երաժշտասեր հասարակության համար՝ մշտապես տեղեկացված լինելու արդի ժամանակակից դասական երաժշտության զարգացումներին եւ միտումներին, ինչպես նաեւ նպաստում է նոր ստեղծագործությունների ստեղծմանը։

 

 

 

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ՝ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՉԵՄՊԻՈՆ

Իտալական Ա Սերիայի 33-րդ տուրի շրջանակում կայացել է «Միլան»-«Ինտեր» հանդիպումը, որն ավարտվել է 2-1 հաշվով։ Այսպիսով՝ մրցաշրջանի ավարտից 5 տուր առաջ Հենրիխ Մխիթարյանի թիմը նվաճել է Սկուդետոն՝ անհասանելի դառնալով մրցակիցների համար մրցաշարային աղյուսակում։

Հենրիխ Մխիթարյանը նաեւ 21-րդ դարի առաջին հայ ֆուտբոլիստն է, որը նվաճել է Եվրոպայի թոփ առաջնության տիտղոս:

«Ինտերի» կազմում հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն, քանի որ մինչ միլանյան ակումբը հայ ֆուտբոլիստը թոփ 5 լիգաների շրջանակում հանդես է եկել իտալական «Ռոմայում», անգլիական «Արսենալում» ու «Մանչեսթեր Յունայթեդում», գերմանական «Բորուսիա Դորտմունդում»։ Ա Սերիայի առաջնության 33 տուրից հետո «Ինտերը» վաստակել է 86 միավոր եւ առաջին տեղում է։ «Միլանը» վաստակել է 69 միավոր եւ երկրորդ տեղում է։ «Ինտերը» միակ թիմն է Իտալիայում, որն այդպես էլ չի լքել Իտալիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնը։ Ակումբը նվաճել է 37 տիտղոս Իտալիայում. 20 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, 9 անգամ՝ գավաթակիր եւ 8 անգամ՝ սուպերգավաթակիր: Ակումբը նաեւ երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան։

 

 

 

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ

Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան ներկայացրել է Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք ստացած ծանրորդների անունները: Ցուցակի համաձայն՝ Փարիզի Օլիմպիական խաղերին Հայաստանից կմասնակցեն 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը եւ գերծանր քաշային Վարազդատ Լալայանը: Մինչ այս Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերի 7 ուղեգիր էր նվաճել: 33-րդ խաղերին կմասնակցեն հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Արսեն Հարությունյանը, Վազգեն Թեւանյանը:

 

 

 

ԵԱ-ՈՒՄ 3 ՄԱՍՆԱԿԻՑ ՈՒՆԵՆՔ

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը` ապրիլի 23-ին, Հայաստանն ունի 4 մասնակից: Կանանց 50 կգ քաշային կարգում առաջին մենամարտը կանցկացնի Անուշ Գրիգորյանն, ում մրցակիցը Ռումինիայից Միհաելա Բադեսկուն է:

63 կգ քաշում Սոնա Հարությունն ուժերը կչափի սլովակ Տամարա Կուբալովայի հետ: 70 կգ քաշային Անի Հովսեփյանը կփորձի գերազանցել Ռումինիայից Անդրա Նիկոլետային:

 




Լրահոս