Եթե Նիկոլ Փաշինյանը կոնկրետ մարդկանց անուններ տա. Մանվել Բադեյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am լրատվականի թղթակիցը ՀՀԿ  անդամ, պատգամավոր  Մանվել Բադեյանից փորձեց պարզել` ինչ հետևություններ է արել ՀՀԿ-ական պատգամավորը «Դեմ եմ»  շարժման մարտի 22-ի հանրահավաքից: «Ոչ մի հետևություն չարեցի, որովհետև  տեղյակ չեմ հանրահավաքից»,- ասաց  պատգամավորը:

-Պրն Բադեյան,  թեև այսօրվա հանրահավաքին չեք հետևել, բայց  տեղյակ եք` ինչի համար է պայքարում «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը: Կարծես թե ակնհայտ է, որ քաղաքացիական նախաձեռնությունը գնում է քաղաքական  ճանապարհով, որտեղ միասնաբար  կանգնած են նաև ԱԺ   չորս ոչ իշխանական ուժերը:Մտահոգված չե՞ք, որ այս միասնականությունը կվերածվի հայկական մայդանի:

-Հայկական մայդան  մենք երբեք չենք ունենա, քանի որ մայդան նշանակում է միայն ավերածություն,  այն, ինչ կատարվում է հիմա Ուկրաինայում: Քաղաքական ուժերն էլ, որոնք փորձում են օգտագործել  քաղաքացիների դժգոհությունները, էլի ձախողվելու են: Եթե բողոքավորներն ունեն կոնկրետ խնդիրներ, որոնք երբեք քաղաքական չեն եղել, ուզում են լուծել: Կառավարության հետ բանակցելուց կամ այլ ձևաչափով ուշ թե շուտ դրանք կլուծվեն: Թե սրա հետ ինչ կապ ունեն քաղաքական ուժերը, սա է անհասկանալի: Դժգոհող հատվածներ միշտ կարող  են լինել հասարակության մեջ, բայց դեռ չի նշանակում,  որ դժգոհող հատվածի շահերի արտահայտողն օպոզիցիոն ուժերն են:  Կառավարությունը հենց նրա համար է, որ վերացնի խնդիրները:

-Դուք խոսեցիք կառավարության հետ բանակցության մասին,սակայն «Դեմ եմ» նախաձեռնության մեծամասնությունը  չի ցանկանում կառավարության հետ բանակցել: Իրենք որոշել են  հանրահավաքների ու ակցիաների միջոցով հասնել նրան, որ շրջանառությունից հանվի կենսաթոշակային համակարգի  մասին օրենքը:

-Կարող է «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամների միջև լինեն  ռադիկալներ, բայց կարծում եմ` այդ խոսքը բոլորի խոսքը չէ, այլ մեկ-երկուսի: Բայց դա դեռ չի նշանակում, որ  կառավարությունը չպետք է մտածի  մարդկանց կենսաթոշակների մասին:

-Մարտի 22-ի հանրահավաքին ելույթ է ունեցել   նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը և որպես տնտեսագետ  հիմնավորել է կենսաթոշակային նոր համակարգի մասին օրենքի թերի կողմերը`մասնավորապես Բագրատյանն ասել է`ինչո՞ւ է մեր պետությունը  մեր գումարները վերցնում 45 տարով: Իհարկե, Բագրատյանի խոսքերը  ուղղված են կառավարությանն ու վարչապետին,  և մինչ նա կպատասխանի, Դուք, որպես տնտեսագետ, ինչ հակափաստարկներ կներկայացնեք:

-Մարդիկ թոշակի տարիքի անցնելուց հետո թոշակ պետք է ստանան: Խոսքը գնում է այդ աղբյուրների որոնման մասին: Աշխարհի շատ երկրների փորձը ցույց  է տալիս, որ միակ ստաբիլ աղբյուրը կուտակային ֆոնդն է, որի կառավարումը դուրս է հանվում  լոկալ կառավարման մակարդակից: Արդեն ապացուցված է, որ աշխարհի շատ երկրներում այն էֆֆեկտիվ գործում է: Ցանկացած քննադատ  թող ինձ աղբյուրը ցույց տա թոշակ ստանալու, որովհետև ռադիկալ տրամադրվածների մեջ կան  այնպիսիք, որ ասում են` մեզ թոշակ պետք չէ, մենք հիմա ենք ուզում այդ 5 տոկոսը վայելել: Թե դա ինչ վայելքի փող է, ես չեմ հասկանում: Ծայրահեղ մտքերը միշտ սխալ են, դրանք պետք է դեն շպրտվեն: Բագրատյանը թող ցույց տա այն տեղը, որտեղից կարելի է  մարդկանց կենսաթոշակն ապահովել, միգուցե քննարկենք:

-Հրանտ Բագրատյանը նաև հայտարարել է. «Ինչո՞ւ են մեր գումարները պահվում երկու ֆոնդում, եթե ՌԴում կա 200 ֆոնդ, այլ երկրներում՝ դրանից քիչ»:

-Այդտեղ վիճելու խնդիր կա իրոք, որովհետև  200 կենսաթոշակային ֆոնդն արդեն ռիսկային է, քան երկուսը, հատկապես այն դեպքում, երբ դրանք միջազգայնորեն ճանաչված են և կենսունակ: Գտեք նման 200 ֆոնդ և միգուցե մենք էլ 200-ի համաձայնենք: Հետո մի համեմատեք ՌԴ-ի և Հայաստանի  մասշտաբներն ամեն առումով: Ոնց էլ չլինի այդ 200-ի մեջ կլինեին ֆոնդեր, որոնք հետագայում սխալ բաներ կանեին կամ վստահելի չէին լինի:

-Այնուամենայնիվ, իշխանությունն անհանգստացա՞ծ չէ ԱԺ  չորս ոչ իշխանական ուժերի և «Դեմ եմ» քաղաքացիական  նախաձեռնության միասնականությունից: Ինչպես հայտարարել է  Բագրատյանը, իշխանությունը շատ է փոշմանել, որ կենսաթոշակային նոր օրենքը դրել է շրջանառության մեջ:

-Այն, որ կենսաթոշակային ֆոնդ ստեղծելու մասին իշխանությունը  պետք է մտածի և միգուցե ուշացրել է, էստեղ 2-րդ կարծիք չկա: Օրենքի որոշ հոդվածներ  կարելի է քննադատել, որի համար ընդդիմությունն ունեցել է 3 տարուց ավելի ժամանակ, սակայն որևէ առաջարկությամբ կամ դիտողությամբ հանդես չի եկել օրենքի բարելավման տեսակետից: Իշխանությունն էլ ենթադրել է, որ օրենքն էլ ընդունելի է, իսկ հիմա սպեկուլացիա են անում,օգտագործում են որոշ մարդկանց դժգոհությունը, փորձում իրենց ներկայացնել  մարդկանց իրավունքների ջատագով:

Ինչ վերաբերում է  անհանգստությանը, իշխանության ներսում անհանգստություն չկա, քանի որ հասարակության հետ իշխանության երկխոսությունը նորմալ է իշխանության համար:

-Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ եթե  իշխանությունը երկարաժամկետ փող է ուզում, թող դիմի  ներկա ու նախկին պաշտոնյաներին: ՀՀԿ-ը կհետևի՞ Նիկոլ Փաշինյանի այս խորհրդին:

Եթե Նիկոլ Փաշինյանը կոնկրետ մարդկանց անուններ տա և կոնկրետ խնդիրներ ներկայացնի, բացի հեղափոխական ճանապարհից, մենք միգուցե դա դիտարկենք:

Սոնա Դավթյան




Լրահոս