Կիրանցի դպրոցը հիմա էլ է Ադրբեջանի կողմից դիտարկվող: Այս մասին, այսօր՝ մայիսի 1-ին, Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմությն պնդմանը, որ Կիրանցի կառուցվող դպրոցն Ադրբեջանի սահմանից լինելու է չնչին հեռավորության վրա և լինելու է դիտարկվող, ինչը նշանակում է, որ այն չի կարող լինել անվտանգ:
«Տեսեք, ասում են՝ այդ գյուղերը, տարածքները դառնում են խոցելի: Չնայած, նախորդ օրը գյուղի հարգելի ներկայացուցիչները պնդեցին, թե չէ, հիմա խոցելի չէ, այն առումով, որ ուղիղ նշանառության տակ չէ: Ես հատուկ այդ հանդիպումից հետո մեր զինվորականերին հրավիրել եմ և հարցրել՝ հիմա Կիրանց գյուղը և Կիրանց գյուղի դպրոցն այս պահին խոցելի՞ է, թե՞ խոցելի չէ, ուղիղ նշանառության տա՞կ է, թե ուղիղ նշանառության տակ չէ: Ինձ ասել են, որ ուղիղ նշանառության տակ է: Եվ այս է տարբերությունը՝ այսօր դպրոցն ուղիղ նշանառության տակ է, և դպրոցի և մոտակա ադրբեջանական դիրքի միջև ոչ մի խոչընդոտ չկա, իսկ սահմանազատման գործընթացից հետո լինելու է խոչընդոտ՝ ի դեմս սահմանազատված սահմանի: Ես այդ եմ մեր սիրելի գյուղացիներին և քաղաքացիներին փորձում ներկայացնել»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ զուտ սոցիալական, կենցաղային տեսակետից՝ նրանք վիզուալ հեռու էին դպրոցից, հիմա այդ աշակերտները տեսնելու են ադրբեջանցիներին, վարչապետն ասաց. «Նախ եկեք արձագանագրենք, որ գետնի վրա աշխատանք չի արվել, դեռ շատ հարցեր կան, որոնց պատասխանները չունենք, քանի դեռ գետնի վրա աշխատանք չենք իրականացրել: Մենք քարտեզի վրա տեսնում ենք, մենք google քարտեզի վրա տեսնում ենք, բայց միևնույն է, այդ թվում՝ Ոսկեպարի և Բերքաբերի փորձը ցույց տվեց, որ երբ այդ կոորդինատով գնում ես տեղանք, պարզվում է, որ, այնուամենայնիվ, այդ տեղանքի մասին քո պատկերացումները մի քիչ ուրիշ են, քան տեղում, որովհետև ինչքան էլ ճշգրիտ լինեն քարտեզները, արբանյակային լուսանկարները, այնուամենայնիվ, գետնին շոշափելի տեսնելն ուրիշ է:
Այդպիսի դեպք չի եղել այս ընթացքում, որ մենք արբանյակային լուսանկարի վրա դնենք կետ և արբանյակային լուսանկարի կետը, որ գնանք, հետո ֆիզիկապես գետնի վրա դնենք իրար վրա՝ համընկնեն: Ընդ որում, այստեղ և՛ հնարավորություն կա, և՛ ռիսկ կա: Ուզում եմ կրկնել՝ կարող է մի քիչ այս կողմ լինել, մի քիչ այն կողմ: Իմ պատասխանը ձևակերպելուց առաջ փորձեցի այս ճշտումն անել, եթե երևալու խնդիր է, ես ասել եմ՝ կարող ենք ծառ տնկել, կարող ենք պատ կառուցել, եթե երևալու խնդիրն է»:
Անդրադառնալով անվտանգության զգացողությանը, նա ասաց. «Անվտանգության զգացողությունը սահմանն է, պետական դելիմիտացված սահմանն է, անվտանգության զգացողությունը խաղաղությունն է, էսկալացիայի բացակայությունն է, տարածաշրջանային կայունությունն է: Ինչո՞ւ, որ 2022 թվականի սեպտեմբերի պատերազմը կար, ասենք Երևանի կենտրոն համայնքի դպրոցի աշակերտներն իրենց անվտա՞նգ էին զգում, կամ Գյումրիի աշակերտներն իրենց անվտա՞նգ էին զգում, կամ Վանաձորի, Ստեփանավանի աշակերտներն իրենց անվտա՞նգ էին զգում 44-օրա պատերազմի ժամանակ: Կամ, երբ էսկալացիա է լինում սահմանին, ամբողջ սոցիալական ցանցերը, մամուլը և այլն, որ այդ քաղաքներում զոհված զինվորների հուղարկավորություններ են լինում, այդ դպրոցների երեխաններն իրենց անվտա՞նգ են զգում, որ դպրոցների պատերին շարունակվում են կախվել զինվորների նկարներ, այդ դպրոցի շրջանավարտները, այդ դպրոցի աշակերտներն իրենց անվտա՞նգ են զգում»: