ՍՈՑՎՃԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարներն այսուհետ կվերադարձվեն ավտոմատ համակարգի միջոցով:

Ի՞նչ պետք է իմանալ սոցիալական վճարի վերադարձի մասին
Մի քանի աղբյուրից հաշվարկված եւ փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները ֆիզիկական անձանց վերադարձվում են ինքնաշխատ եղանակով եւ հարկային մարմին դիմելու անհրաժեշտություն չկա: Ավտոմատ համակարգի միջոցով Կենտրոնական բանկը պետական եկամուտների կոմիտեին տրամադրում է ֆիզիկական անձին պատկանող մեկ վավեր հաշվեհամար (անկախ արժույթից), որին էլ փոխանցվում է գումարը։

Ովքե՞ր կարող են օգտվել սոցիալական վճարների վերադարձից
Մի քանի աղբյուրից հաշվարկված եւ փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարների վերադարձից կարող են օգտվել այն ֆիզիկական անձինք, որոնք մի քանի գործատուների մոտ աշխատում են որպես վարձու աշխատող, կամ, միաժամանակ, հանդիսանում են վարձու աշխատող եւ անհատ ձեռնարկատեր կամ նոտար, որի արդյունքում նրանց համար հաշվարկված եւ փոխանցված սոցիալական վճարի ընդհանուր գումարը գերազանցում է սահմանված առավելագույն չափը։

Ինչպե՞ս է հաշվարկվում սոցիալական վճարը
Եթե ֆիզիկական անձի ամսական եկամուտը չի գերազանցում 500 հազար դրամը, ապա սոցիալական վճարը հաշվարկվում է եկամտի 5 տոկոսի չափով, իսկ գերազանցելու դեպքում՝ եկամտի 10 տոկոսի եւ 25 հազար դրամի տարբերության չափով, բայց ոչ ավելի՝ 87 հազար 500 դրամից։
Եթե ֆիզիկական անձի տարեկան եկամուտը չի գերազանցում 6 մլն դրամը, ապա սոցիալական վճարը հաշվարկվում է եկամտի 5 տոկոսի չափով, իսկ 6 մլն դրամը գերազանցելու դեպքում՝ եկամտի 10 տոկոսի եւ 300 հազար դրամի տարբերության չափով, բայց ոչ ավելի՝ 1 մլն 50 հազար դրամից։

Ո՞ր դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը
Սոցիալական վճարների գումարները վերադարձվում են, եթե մի քանի աղբյուրից ստացված ընդհանուր եկամուտը գերազանցում է ամսական 1 մլն 125 հազար դրամը (նվազագույն ամսական աշխատավարձի՝ 75 հազար դրամի 15-ապատիկը) եւ (կամ) տարեկան 13 մլն 500 հազար դրամը (նվազագույն ամսական աշխատավարձի 180-ապատիկը)։ Սոցիալական վճարների հաշվարկն իրականացվում է աշխատավարձից, քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակում կատարված աշխատանքների եւ մատուցված ծառայությունների դիմաց ստացված եկամուտներից եւ ձեռնարկատիրական եկամտից:

Ի գիտություն
Այն դեպքում, երբ շահառուն ցանկանում է՝ գումարները փոխանցվեն իր նախընտրած վավեր հաշվեհամարին, ապա կարող է այցելել ՊԵԿ սպասարկման ցանկացած սրահ կամ հաշվեհամարը ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ Էլեկտրոնային հարցումների միասնական www.e-request.am հարթակի միջոցով:
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԸ ՉԵՆ ՍՐՍԿՎԵԼ
Դեռ մարտ ամսից Երեւան քաղաքում տեղի էր ունենում ծառերի սպանդ։ Երեւանյան հին եւ հաստաբուն ծառերը փոխարինվել են թեղիներով, սակուրաներով, որոնց սաղարթը չի համեմատվի երեւանյան հնաբնակ եւ սաղարթախիտ ծառերի հետ։
Քաղաքացիների շրջանում դժգոհություն են առաջացել՝ նոր եւ երիտասարդ ծառերի վերաբերյալ, քանի որ ծառերը ոչ միայն չեն պաշտպանում կիզիչ արեւից, այլեւ ծառերի վրայից միջատներ, մոծակներ եւ մլակներ են լցվում ներս։
Չնայած նրան, որ արդեն ապրիլ ամսվա վերջն է, ծառերի թունաքիմիկատները չեն փչվել։
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի հետ՝ հասկանալու համար, թե ե՞րբ են սկսվելու ծառերը փչելու աշխատանքները։ Մեզ հետ զրույցում Արմեն Բեգոյանն ասաց, որ այսօրվանից մեկնարկելու են ծառերի սրսկման աշխատանքները եւ շարունակվելու են մինչեւ հոկտեմբեր ամիս։
«Աշխատանքները մեկնարկում են այսօր, շարունակվելու են գրեթե ամենօրյա գրաֆիկով, սրսկվելու են մի քանի անգամ, ամեն վարչական շրջանում մինչեւ հոկտեմբեր ամիս»։
Հետաքրքրվեցինք նաեւ՝ արդյո՞ք այդ սրսկումները ինչ-որ օգուտ կարող են տալ, ինչին ի պատասխան, Բեգոյանն ասաց. «Թեղիների դեպքում ունենք մի փոքր կասկած, օգտավետություն ոչ շատ քիչ կտա։ Մնացած բոլոր ծառերի դեպքում, այո, օգուտ կլինի։ Բավականին լավ թունաքիմիկատներ են օգտագործվում»։
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

ԿԵՐԿԱՐԱՁԳՎԻ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր։
Քննարկվել են նաեւ ենթակառուցվածքների զարգացման, միջտարածաշրջանային համագործակցության, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

2.72 ՄԼՆ ԵՎՐՈՅԻ ՆՈՐ ՏՐԱՆՇ
Կառավարությունն իր երեկվա՝ ապրիլի 25-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016 թ. մայիսի 11-ին ստորագրված՝ «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 2 համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Ըստ հիմնավորման՝ ծրագրի իրականացման նպատակով ՎԶԵԲ-ից ներգրավվել են 14.6 մլն եվրո ծավալով վարկային եւ 5.3 մլն եվրո ծավալով դրամաշնորհային միջոցներ: Մեկ այլ դրամաշնորհ՝ 2 մլն եվրո ծավալով, ներգրավվել է Արեւելյան Եվրոպային էներգախնայողության ու շրջակա միջավայրի գործընկերության («E5P») տարածաշրջանային հիմնադրամից: Համաձայնագրով կնախատեսվի 2.72 մլն եվրո արժողությամբ նոր՝ Դ տրանշ՝ ուղղված Գյումրու Անի եւ Ավստրիական թաղամասերում իրականացվելիք աշխատանքների համաֆինանսավորմանը:

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿ
ՀՀ ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը։
Ըստ այդմ, խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Մոբայլ սենթր արթ» ՍՊԸ-ն, որը վճարել է 19 մլրդ 907 մլն 415 հազար դրամի հարկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ընկերությունը 6-րդ հորիզոնականն էր զբաղեցնում՝ վճարելով 5 մլրդ 339 մլն 559 հազար դրամ։
2-րդ տեղում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, որ վճարել է 18 մլրդ 162 մլն 346 հազար դրամ. 2023-ին «Գազպրոմ Արմենիա»-ն գլխավորում էր խոշոր հարկատուների ցանկը։
3-րդ տեղում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է՝ 15 մլրդ 626 մլն 783 հազար դրամ հարկով։ Այս ընկերությունը նախորդ տարի երկրորդ տեղում էր։
4-րդ տեղում «Գրանդ տոբակո» ընկերությունն է, որ վճարել է 13 մլրդ 215 մլն 530 դրամ։
5-րդ տեղում «Փրիթի ուեյ» ՍՊԸ-ն՝ «Վեստա» խանութների ցանցը, որ այս տարի մուծել է 8 մլրդ 810 մլն 850 հազար դրամ։

ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԱՃԵԼ Է
Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը տարեսկզբից կայուն աճել է: Այդ մասին փաստող ցուցանիշներ է ներկայացրել ՀՀ վիճակագրական կոմիտեն:
Երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների մասին հաշվետվությունից հետեւում է, որ այս տարվա մարտին արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է 3 մլրդ 568.2 մլն դոլար: Մեկամյա վաղեմության ցուցանիշը գերազանցվել է 2.1 անգամ: Այս տարվա փետրվարի համեմատ աճը կազմել է 7.3 տոկոս: Ընթացիկ տարվա առաջին քառամսյակում այն կազմել է 9 մլրդ 169.7 մլն դոլար, ինչը նույնպես 2.1 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Ծավալը արտահանման մարտին կազմել է 1 մլրդ 845.4 մլն դոլար՝ 3 անգամ գերազանցելով 2023 թվականի նույն ամսվա ցուցանիշը: Այս տարվա փետրվարի համեմատ աճը կազմել է 13.1 տոկոս: Հունվար-մարտ ամիսներին Հայաստանից արտահանվել է 4 մլրդ 422.8 մլն դոլարի ապրանք, ինչը 2.7 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Այս տարվա մարտին երկիր է ներմուծվել 1 մլրդ 722.8 մլն դոլարի ապրանք: Ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստան ներկրված ապրանքների ծավալը կազմել է 4 մլրդ 746.9 մլն դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցվել է 75.8 տոկոսով:
2024-ի մարտին դրամի փոխարժեքը ներկայացված է՝ ԱՄՆ 1 դոլարի դիմաց 400.42 դրամի հաշվարկով: Հունվար-մարտ ամիսներին դոլարի արժեքը կազմել է 403.22 դրամ:




Լրահոս