«ԱՆԱՐԳՈՒՄ ԵՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ». ՊԱՊՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծիծեռնակաբերդում ապրիլի 24-ին տեղի ունեցած միջադեպից հետո «Ժողովուրդ» օրաթերթը հարցազրույց է ունեցել «Ազգային ժողովրդավարական բեւեռ» շարժման անդամ Արա Պապյանի հետ:

-Պարոն Պապյան, երեկ տեսանք, թե «Ազգային ժողովրդավարական բեւեռ»-ի նախաձեռնող ցույցը ինչ միջադեպերով ուղեկցվեց, ոատիկանները բիրտ ուժի կիրառմամբ փորձում էին ցրել ցույցը, կան բերման ենթարկվածներ: Խնդրում եմ մանրամասնեք, թե երեկ ի՞նչ կատարվեց ակցիայի ժամանակ, եւ ինչո՞վ կբացատրեք ոստիկանների բիրտ ուժը:
-Նախ՝ երեկոյան միջադեպը նկարագրեմ, չնայած նրան, որ այդ պահին հրապարակում չեմ եղել: Ելույթից հետո գնացել էի. կարեւոր հեռախոսազանգ ունեի, բայց խոսել եմ ներկաների հետ, մանրամասն դիտել եմ շատ բաներ: Այդ հանրահավաքը եւ ցույցը լրիվ խաղաղ էին, որեւէ քայլ կամ բռնության կոչ չի եղել: Պարզապես տեղի է ունեցել հարձակում, որի ընթացքում բերման են ենթարկել 96 հոգու՝ ըստ իրեց տվյալների, որոնց տարել են 3-ից 4 ոստիկանական բաժիններ: Օրենքի համաձայն՝ մեծ մասին 3 ժամ անց բաց են թողել եւ միայն 7-8 հոգու ճակատագիրը հայտնի չէ: Կիսապաշտոնական աղբյուրներից սակայն, գիտենք, որ ուզում են տարբեր գործեր հարուցել՝ քրեական կամ վարչական:
-Տեղյա՞կ եք, թե ում:
-Ցուցակը ունենք, ավելի ուշ անուն առ անուն կնշենք:
-Պարո՛ն Պապյան, ուշագրավ է, որ ոստիկանների կիրառած բիրտ ուժը հաջորդեց Ծիծեռնակաբերդում վարչապետի տիկնոջ մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին: Կա տեսակետ, որ ոստիկանները փորձում էին վրեժ լուծել՝ վերոնշյալի համար:
-Նման ենթադրության համար հիմքեր կան, ինչը ավելի վատ է: Նշանակում է տվյալ անձինք պետական ապարատը յուրացրել են եւ օգտագործում են սեփական իշխանության համար: Ենթադրենք՝ որեւէ մեկը ուրիշ մեկին վիրավորել է. դրա համար ընթացակարգ կա: Դու դիմում ես դատարան, եւ դատարանը որոշում է՝ մեղավոր է տվյալ անձը, թե ոչ, եւ որն է մեղավորության չափը: Պատկերացրեք՝ փողոցում ինձ վիրավորեն եւ ես հարվածեմ: Ինձ կարդարացնե՞ն, ո՛չ: Կասեն՝ դիմեիր ոստիկանություն: Որեւէ մեկը Աննա Հակոբյանին չի թիրախավորել: Ես արդեն դուրս էի եկել, բայց ժողովուրդը, որքան լսել եմ, գնահատական է տվել այն պաշտոնյային, որին վարձել է աշխատելու համար:
-Այստեղ քննադատության առիթն այն է, որ միջադեպը տեղի ունեցած մանկահասակ երեխայի՝ վարչապետի դստեր ներկայությամբ է եղել:
-Մանկահասակ աղջիկ երեխային որեւէ մեկը չի թիրախավորել, եւ որեւէ խոսք չի ասել նրա հասցեին:
-Բայց ակնհայտ էր, որ նա այլայլվել է:
-Ես պատկերացնում եմ ինը եւ տասնմեկ տարեկան եղբայրների դեմքը, որոնց մորթում էին: Ի՞նչ է նշանակում՝ այլայլվել է: Այստեղ կա տեսակետ առ այն, որ դա արվել է դիտավորությամբ: Մենք ժամը 12-ին պիտի քայլեինք Մերգելյան ինստիտուտից եւ մեկ, մեկն անց կես հասնելու էինք Ծիծեռնակաբերդ: Հենց այս ժամանակ էլ եկել են՝ շատ լավ հասկանալով, որ իրենց հանդեպ վերաբերմունքը այդպես է լինելու: Հիմա հարց է առաջանում անչափահասի խնդի՞րն է այստեղ հարցը:
-Նկատի ունեք, որ դա դիտավորյալ մտածված է եղել՝ հրահրելու համար:
-Ես կարծում եմ, որ իրենք առնվազն տեսել են, որ Բեւեռն այնտեղ է եւ կարող էին տասը րոպե սպասել: Սակայն նրանք դիտավորյալ մտել են եւ հենց այն ժամանակ, երբ ասվում էր՝ «Նիկոլ Դավաճան», քանի որ վանկարկումները ավելի վաղ էին սկսել եւ Աննա Հակոբյանը հետո է եկել:
Ենթադրենք արարքը քրեորեն պատժելի է. դրա համար ընթացք կա: Իսկ երեխայի ներկայությունը ինչ է փոխում, դրանով սահմանափակվում է ազատության խոսքը: Երեխային ոչ ոք չի թիրախավորել, ընդհուպ Աննա Հակոբյանին էլ դիմել են տիկինով:
Արա Պապյանը նշել է, որ դա հենց այդ տեղն էր նման բացականչությունների համար, քանի որ այս մարդիկ հենց այդ զոհերի հւիշատակն են անարգում եւ Հայոց Ցեղասպանությունը կասկածի տակ առնում:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՀԱՆԳԻՍՏ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանություններին շատ է անհանգստացրել վերջին օրերին տարբեր քաղաքական ուժերի կազմակերպած ակցիաները:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանություններին հատկապես ծանր են տարել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի հիմնած «Հայոց համազգային միասնություն» կուսակցության քաղաքական ակտիվությունը եւ նրանց ակցիաները:
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների՝ իրավապահներին հրահանգել են ուշադրության կենտրոնում պահել Միհրան Պողոսյանի թիմակիցներին, ավելին՝ ՊԵԿ-ն էլ իր հերթին վերջին օրերին ստուգումներ է անում նրա ընտանիքին պատկանող կամ կապ ունեցող բոլոր կազմակերպություններում:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ ՊԵԿ, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Պետական եկամուտների կոմիտեի բոլոր ստուգումներն իրականացվում են ռիսկերի գնահատման հիման վրա։ ՊԵԿ-ը, տարբեր գործիքակազմերի կիրառմամբ, մշտապես իրականացնում է տնտեսվարող սուբյեկտների հարկային ռիսկերի ուսումնասիրություններ եւ վերլուծություններ: Ցանկացած տնտեսվարող սուբյեկտի գործունեության մեջ ռիսկային երեւույթների արձանագրումից հետո ՊԵԿ-ը, ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, կարող է իրականացնել ստուգումներ: ՊԵԿ-ի օրինական գործողությունների հետ կապված շահարկումներն անընդունելի են»։

ՃԱՆԱՉԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Չիլիի Խորհրդարանի ստորին՝ Ներկայացուցիչների պալատը ցեղասպանություն է ճանաչել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները։ Հարավամերիկյան երկրի խորհրդարանում նախօրեին ընդունված բանաձեւի դեմ Թուրքիան այսօր բողոքել է՝ հայտարարելով, թե այն «ուժ չունի»։ Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից։

ԴԵՍՊԱՆԸ՝ ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ
Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելն ասել է, որ Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վարչակարգի նախագիծն է։
Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում՝ կից տեղադրելով տեսանյութ, թե ինչպես են ադրբեջանցիները հեռացնում Լեռնային Ղարաբաղի կառավարական շենքի հայատառ գրություններն ու զինանշանը։
«Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վարչակարգի նախագիծն է։ Եկեղեցիներից, խաչքարերից եւ Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը», – գրել է նա։

ՊԵՏՔ Է ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ ԼԻՆԵՆ
Չինաստանն ու ԱՄՆ-ն պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ, եւ կողմերը պետք է ընդհանուր լեզու փնտրեն։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ժամանակ։
Ինչպես նշել է Սի Ծինփինը, որին մեջբերում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը, 2024 թվականին լրանում է Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 45 տարին։
«45 տարվա ընթացքում Չինաստան-ԱՄՆ հարաբերություններն անցել են բազմաթիվ փորձությունների միջով, ինչը մեզ շատ կարեւոր դասեր է տվել՝ երկու երկրները պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ։ Մենք պետք է ընդհանուր լեզու փնտրենք, այլ ոչ թե մրցակցության ոլորտներ», – հավելել է պետության ղեկավարը։

ՏՈՒԺՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ Բագրատաշենի հարակից մայրուղում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ։
Նա մայրուղին փակած ցուցարարների ու ոստիկանների միջեւ բախման ընթացքում բերման ենթարկվելիս վնասվածքներ էր ստացել, ոստիկանություն հասնելուց հետո ինքնազգացողությունը վատացել էր ու տեղափոխվել հիվանդանոց, որտեղ ախտորոշել են ուղեղի ցնցում եւ սալջարդ։ Մախսուդյանը բազմաթիվ կապտուկներ ունի թեւերին ու մեջքին։
Քննչական կոմիտեից «Ազատության»-ը հայտնեցին, որ Նոյեմբերյանի հիվանդանոցից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգման հոդվածով։ Քննությամբ կպարզվեն հանգամանքները, հավելեցին ՔԿ-ից։

ԼԻՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը հասել է մի կետի, որտեղ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դնում սեղանին։ Փաշինյանն այս մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպմանը։ «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին։ Եվ սա շատ կարեւոր փուլ է։ Եվ մենք այս փուլում պետք է շատ ակտիվ լինենք՝ որպես կուսակցություն»,- ասել է վարչապետը։
Խոսելով Տավուշի մարզի որոշ հատվածներում Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման՝ արդեն մեկնարկած գործընթացի մասին՝ Փաշինյանն ասել է, որ դա շատ ցավոտ հարց է՝ կա ճանապարհի, տների հետ կապված խնդիր, սակայն արձանագրել է, որ հիմա լուծում են ոչ թե որեւէ գյուղի, որեւէ ճանապարհի կամ որեւէ տան, այլ առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը։




Լրահոս