ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նորաձեւության ոլորտի զանգվածային շուկայի, կամ ինչպես հայտնի է «մասս մարկետ»-ի հիմնադրման հարցում մեծ է ZARA ապրանքանիշի դերը. այն հագուստի առաջին ապրանքանիշն է, որը արտադրել է նորաձեւ հագուստ՝ մատչելի գներով:

Առհասարակ, զանգվածային շուկան նպատակ ունի նորաձեւության վերջին թրենդները հասանելի դարձնել հասարակության ոչ շատ վճարունակ հատվածին՝ հնարավորություն ստեղծելով լինել նորաձեւ: Միակ բացասական կողմն այն է, որ նման ապրանքանիշների կողմից արտադրված հագուստը երբեմն ոչ այնքան որակյալ է լինում, սակայն կան ապրանքանիշներ, որոնց հագուստի որակը չի զիջում «լյուքս» դասի ապրանքանիշների որակին:
Զանգվածային շուկայի հիմնադրման հարցում էական նշանակություն ունի կարի մեքենաների արտադրությունը: Այն մեծ թափ առավ 19-րդ դարի կեսերին՝ սկիզբ դնելով հագուստի զանգվածային արտադրությանը: Եվ միայն 20-րդ դարում նորաձեւությունը դարձավ օրինական արդյունաբերություն՝ բառի ինստիտուցիոնալ իմաստով:
Անդրադառնալով նորաձեւության ոլորտում զանգվածային շուկայի դերակատարներին՝ պետք է նշել, որ առաջիններից մեկը, որը հիմք դրեց մատչելի նորաձեւությանը, իսպանական ZARA ապրանքանիշն է:
Այն հիմնադրել է չափազանց աղքատ ընտանիքում ծնված Ամասիո Օրթեգան, ով 13 տարեկանից ստիպված էր աշխատել կարի արտադրամասում: Հագուստի մոդելավորողը, որի մոտ Ամասիոն աշխատում էր Գալիսիայում, նկատում է նրա կազմակերպչական տաղանդն ու կտորի ու կարի հետ աշխատելու ցանկության պակասը եւ նրան տեղափոխում է այլ աշխատանքի: Տասը տարի կառավարման փորձ ձեռք բերելուց հետո՝ Ամասիո Օրթեգան, կինը, քույրն ու եղբայրը անձնական գործ են սկսում՝ կարելով գիշերազգեստներ եւ ներքնազգեստներ:
1975 թվականին, երբ Օրթեգաների գերմանացի գործընկերները չեն վերցնում արտադրած մեծ քանակությամբ ներքնազգեստի պատվերը, Ամասիո Օրթեգան վաճառում է իր ողջ ունեցվածքն ու խանութ բացում Լա-Կորունյա քաղաքի գլխավոր փողոցներից մեկում, որտեղ էլ վաճառքի է հանում պատրաստ օրինակները: Խանութն ի սկզբանե անվանվում է Zorba, սակայն գրանցման հետ կապված խնդիրների պատճառով ստիպված են լինում վերանվանել այն՝ կոչելով ZARA: 1985 թվականին խանութների ցանցի վերածված ZARA-ի հիմքի վրա ստեղծվում է Inditex Group-ը, որին ապագայում մաս է կազմում Massimo Dutti-ին, ստեղծվում են Pull and Bear-ն ու Bershkan, ապա նաեւ Stradivarius-ը եւ Oysho-ն:
1988 թվականին Ամասիո Օրթեգան սկսում է ցանցի խանութներ բացել նաեւ իսպանիայից դուրս: Այսօր Inditex Group-ը ողջ աշխարհում ունի ավելի քան 7 հազար խանութ:
ZARA ապրանքանիշը հիմնադրելով՝ Օրթեգան նպատակ ուներ նորաձեւության թրենդները հասանելի դարձնել հասարակությանը՝ ավելի արագ եւ ավելի մատչելի արտադրությամբ: Հայտնի է, որ նորաձեւության ոլորտում հայտնի «լյուքս» դասի ապրանքանիշների հիմքում կանգնած նորաձեւության տները հավաքածուներ էին թողարկում տարին երկու անգամ, եւ դրանցում ընդգրկված հագուստները շուկա էին դուրս գալիս ցուցադրությունից մի քանի ամիս անց միայն: Ամասիո Օրթեգան նպատակ է դնում հնարավորինս սեղմ ժամկետում արտադրել մեծ քանակությամբ նորաձեւ հագուստ եւ այնպես անել, որ դրա վրա ծախսված գումարը շատ չլինի՝ թույլ տալով ապահովել մատչելի գներ: Հեռատես գործարարի այս քայլը նորաձեւության տներին ստիպում է արագացնել արտադրական գործընթացը եւ ավելացնել տարվա ընթացքում տեղի ունեցող ցուցադրությունների քանակը՝ հիմք դնելով միջսեզոնային հավաքածուներին:
Ապրանքանիշի հաջողության հիմքում հագուստի գեղեցկությունն է, պարզությունը, հարմարավետությունն ու կայունությունը: Պետք է նշել նաեւ, որ ZARA-ն երբեք գովազդային արշավներ չի իրականացրել, սակայն համարվում է ամենաշատ սպառում ունեցաղ ապրանքանիշներից մեկը:
Այսօր ZARA խանութները նորաձեւության ոլորտի զանգվածային շուկայում միակն են, որոնց կարելի է հանդիպել «լյուքս» դասի ապրանքանիշերի խանութների կողքին: Ապրանքանիշն այնքան որակյալ եւ նորաձեւ է, որ այն կրում են նաեւ թագավորական ընտանիքների ներկայացուցիչները՝ էլ ավելի հաջողություն բերելով ZARA-ին:
ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ՀԱՅՏՆԻ Է ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԸ
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ArmLur.am-ը, «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը վերակազմավորման ձեւով միացվել էր «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը, ինչից հետո, «Գոյ» թատրոնի դերասանական անձնակազմը սկսել էր բողոքի ակցիաներ իրականացնել, որին էլ հաջորդեց անժամկետ նստացույցը։

ArmLur.am-ը կապ հաստատեց թատրոնի ռեժիսոր Սարգիս Արզումանյանի հետ՝ հասկանալու համար, թե հիմա ինչ փուլում են գտնվում թատրոնի գործերը։
Մեզ հետ զրույցում Սարգիս Արզումանյանն ասաց, որ հիմա բանակցային փուլում են եւ առաջիկայում դատական նիստ է սպասվում։
«Հիմա բանակցային փուլում ենք, դեռ չենք ավարտել, խոսում ենք, զրուցում, ընթացքի մեջ ենք. տեխնիկական հարցեր կան, այսպես ասած, փաստաթղթեր կան, որ փորձում ենք կարգավորել։ Մայիսի 7-ին դատական նիստ ունենք».-ասաց Արզումանյանը։
Հարցին, թե ինչ սպասելիքներ ունեն դատական նիստից, Արզումանյանն ասաց, որ կարծում են՝ պետք է որ արդարադատություն լինի ամեն դեպքում, եւ իրենց ակնկալիքը դա է։
Հիշեցնենք, որ «Գոյ» թատրոնի 23 դերասաններ դիմել են ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության՝ պահանջելով ԿԳՄՍ նախարարության գործողությունները եւ որպես հետեւանք՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից սույն թվականի հունվարի 30-ին Օրենքի 45-րդ հոդվածով սահմանված կարգով կատարված կազմակերպությունների՝ «ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲԵՄԱՐՎԵՍՏԻ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ «ԳՈՅ» ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «Գ. ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ միացման ճանապարհով վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումները ոչ իրավաչափ ճանաչել։
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ԱԶՆԱՎՈՒՐԻ 100-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Two Arcs պատկերասրահում բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի հայաստանյան առաջին ցուցահանդեսը։
Ցուցահանդեսին ներկայացված են վարպետի՝ Ազնավուրին պատկերող դիմաքանդակները, կոմպոզիցիոն աշխատանքներն ու գծանկարները։ Մազմանյանական Ազնավուրը ուղիղ վերարտադրություններ չեն, այլ էմոցիոնալ պատկերներ են՝ վերաբերմունք ու հարգանքի տուրք մեծ շանսոնյեին։
Միջոցառմանը մասնակցում էին «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր եւ հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը եւ նրա կինը՝ «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը։
«Շառլ Ազնավուրի կյանքն ու անցած ուղին մշտապես ոգեշնչել են բազմաթիվ արվեստագետների ոչ միայն երաժշտության բնագավառից, այլեւ արվեստի այլ ոլորտներից։ Մկրտիչ Մազմանյանի աշխատանքներում մենք տեսնում ենք քանդակագործության հանդեպ նրա ունեցած սերը եւ արվեստի փոխակերպող ուժը։ Ցանկանում ենք «Ազնավուր» հիմնադրամի անունից շնորհակալություն հայտնել պարոն Մազմանյանին՝ Շառլ Ազնավուրին նվիրված ստեղծագործությունների վրա աշխատելու եւ արտիստի հարյուրամյակի առթիվ դրանք ցուցադրելու համար», – նշում է Նիկոլա Ազնավուրը։
Ցուցահանդեսի բացման միջոցառմանը ներկա են եղել կառավարության անդամներ, մշակույթի նշանավոր գործիչներ եւ արվեստը գնահատող բազմաթիվ հյուրեր։ Ցուցահանդեսը կգործի մինչեւ մայիսի 10-ը։

Բ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Բարեղամ Հարությունյանը նվաճեց արծաթե մեդալ։
48 կիլոգրամ քաշային կարգի եզրափակչում նա մենամարտեց Ռուսաստանի ներկայացուցիչ Էդմոնդ Խուդոյանի հետ, որն առավելության հասավ 5:0 հաշվով։
Տիտղոսի համար ռինգ դուրս կգա նաեւ Նարեկ Մանասյանը (92 կգ)։ Նա կմենամարտի ռուսաստանցի Մուսլիմ Գաջիմագոմեդովի հետ։
Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմից բրոնզե մեդալակիրներ են դարձել Անուշ Գրիգորյանը (50 կգ), Անի Հովսեփյանը (70 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ) եւ Արարատ Հարությունյանը (67 կգ):




Լրահոս