1950-ականներին սկսվեց օդային ճանապարհորդությունների ոսկե դարաշրջանը։
Այդ ժամանակ օդային ճանապարհորդությունները աչքի էին ընկնում շքեղությամբ, նրբագեղությամբ ու էլիտար մթնոլորտով: Ի տարբերություն այսօրվա մարդաշատ տերմինալների քաշքշուկներին ու շտապողականությանը՝ 1950-ականներին ուղեւորները նախապես պատրաստվում էին թռիչքներին՝ հագնելով իրենց ամենալավ հագուստները: 1950-ականներին ինքնաթիռ նստելը նշանակում էր մուտք գործել նրբագեղության, շքեղության աշխարհ:
Օդային ճանապարհորդությունների ոսկե դարաշրջանը հաճախ հիշվում է՝ որպես գործին լավ չտիրապետող բորտուղեկցորդուհիների եւ ավիաընկերությունների ճոխ ճաշերի ժամանակաշրջան: Այնուամենայնիվ, դա ժամանակ էր, երբ ինքնաթիռ նստելու համար մարդիկ անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու կարիք չունեին, իսկ ինքնաթիռում ծխելը միանգամայն նորմալ էր համարվում:
Եվ քանի դեռ քաղաքացիական իրավունքների շարժումը թափ չէր առել, օդային ճանապարհորդությունները հիմնականում հասանելի էին սպիտակամորթ ուղեւորների համար, ինչը, իրականում, հեռու է «ոսկե դարաշրջանից»:
Օդային ճանապարհորդությունների ժամանակակից ուղեցույցներն ու կանոննրը կարող են դժվարություններ առաջացնել, սակայն դրանք նախատեսված են ուղեւորներին անվտանգ պահելու համար:
1950-ականների ոսկե դարաշրջանում օդանավերն ավելի հարմարավետ էին ուղեւորների համար. նստատեղերն ու դրանց միջեւ տարածությունն ավելի լայն էր, եւ հսկայական ազատ տարածք կար, որտեղ կարելի էր հանգստանալ, քայլել: Այսօր ինքնաթիռները որոշակի ստանդարտներ ունեն. ավելի նեղ են եւ ամբողջ տարածքը զբաղեցնում են աթոռները՝ ապահովելով մի քանի անգամ ավելի նստատեղեր: Հենց այս փոփոխություններով պայմանավորված էլ ժամանակի ընթացքում թռիչքների համար նախատեսված տոմսերի արժեքը իջել է ՝ հասանելի դառնալով հասարակության գրեթե բոլոր շերտերին:
Ոսկե դարաշրջանում մի շարք ինքնաթիռներ ունեին քնելու համար նախատեսված տարածքներ, որոնք կախված էին նստատեղերի վերեւում՝ փոխարինելով ճամպրուկների համար նախատեսված խցիկներին. այսպես հիմնականում ճանապարհորդում էին երեխաների հետ ինքնաթիռ բարձրացող ուղեւորները:
Անդրադառնալով ծխախոտի օգտագործմանը՝ պետք է նշել, որ դեռեւս նախորդ դարի կեսերին շատերը հասարակական վայրերում չէին ծխում, սակայն դա կտրուկ արգելված չէր:
Ժամանակին ծխելը թույլատրվում էր գրեթե ամենուր, այդ թվում՝ ինքնաթիռներում։ Թեեւ սա կարող էր լուրջ խնդիր չլինել, սակայն, իհարկե, այն հաճելի չէր այն ճանապարհորդների համար, որոնք չէին ծխում:
Օդային ճանապարհորդությունների ոլորտում հեղափոխական էր 1964 թվականի քաղաքացիական անհնազանդությունը, որից հետո հաճախորդների միջեւ անհավասարությունը ու խտրականությունը սկսեցին կոտրվել եւ ինքնաթիռներով ճանապարհորդել սկսեցին նաեւ միջին խավի մարդիկ եւ սեւամորթները:
Բացի հասարակական մտածելակերպի փոփոխությունից, ժամանակի ընթացքում փոփոխվեց նաեւ ոլորտը. ինքնաթիռները դարձան ավելի որակյալ եւ ավելի արագընթաց: Օդանավակայանները հստակ կանոններ սահմանեցին, ձեւավորվեցին միջազգային չափորոշիչներ, որոնք պարտադիր են բոլոր միջազգային օդանավակայանների եւ դրանք սպասարկող ավիաընկերությունների համար:
ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Ր. ԳՐԵԳՈՐՅԱՆԸ՝ «ԱՎՐՈՐԱ»-Ի ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտնել է, որ նախկին դիվանագետ եւ ռազմածովային ուժերի վետերան Րաֆֆի Գրեգորյանը, որը հայտնի է ԱՄՆ Պետդեպարտամենտում, ՆԱՏՕ-ում եւ ՄԱԿ-ում իր գործունեությամբ, միացել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Տնօրենների խորհրդին. նախաձեռնություն, որի համահիմնադիրը նրա հայրն է՝ երջանկահիշատակ Վարդան Գրեգորյանը: Րաֆֆի Գրեգորյանը եղել է ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակի ստեղծման ջատագովը՝ 2019 թ. դառնալով առաջին տնօրենը, միաժամանակ ծառայելով որպես Գլխավոր քարտուղարի տեղակալ՝ Գլխավոր քարտուղարի տեղակալների կոմիտեում: Շուրջ 25 տարի հակամարտություններին եւ հետկոնֆլիկտային մարտահրավերներին առնչվող գործունեություն ծավալելուց հետո՝ Րաֆֆի Գրեգորյանը միանում է «Ավրորայի» Տնօրենների խորհրդին` ներդնելու իր փորձառությունը «Ավրորայի»՝ աշխարհը դրականորեն փոխելու ջանքերին: Գրեգորյանն ունի Ջոնս Հոփքինսի միջազգային առաջադիմական հետազոտությունների դպրոցի ռազմավարական գիտությունների դոկտորի աստիճան:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը բարերարներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որն ստեղծվել է 2015 թվականին: «Ավրորան» ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Այն օգնության ձեռք է մեկնել արդեն ավելի քան 3.2 միլիոն մարդու: Նախաձեռնության՝ իր բնույթով եզակի «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակն աջակցում է աշխարհի տարբեր անկյուններում մարդասիրական գործունեությամբ զբաղվող անհայտ հերոսներին, որոնք շոշափելի դրական փոփոխություն են իրականացնում ամենախոցելի համայնքներում: Առ այսօր «Ավրորան» նախաձեռնել է եւ աջակցել ավելի քան 427 նախագծի 56 երկրում եւ տարածքում:
««Ավրորան» աջակցում է մարդկանց, որոնք վտանգում են սեփական անձը, որպեսզի օգնության ձեռք մեկնեն ճնշվածներին, ձայնազուրկներին եւ անպաշտպաններին: Ես երախտապարտ եմ այս ջանքերին միանալու հնարավորության համար», – ասել է Րաֆֆի Գրեգորյանը: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 2024 թ. հատուկ միջոցառումները տեղի կունենան մայիսի 8-10-ը Լոս Անջելեսում՝ Կալիֆորնիայի համալսարանի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի հետ համագործակցությամբ:
ԿՍՏԵՂԾՎԻ ՔԿ ՓՈՐՁԱՔՐԵԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀՀ կառավարության որոշմամբ կստեղծվի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպություն։
Կառավարության մայիսի 2-ի նիստում ընդունված որոշման նախագծի համաձայն՝ կենտրոնը նախատեսվում է ստեղծել ՀՀ ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական վարչության հենքի վրա:
ԿԱԼԱՆՔԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵՑ
ՀՅԴ Գերագույն մարմնի նախկին անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է կալանքը. նա 2022 թվականի օգոստոսի 11-ից անազատության մեջ է։ Ս. Մանուկյանը եւ 3 այլ անձինք մեղադրվում են գործարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի զառամյալ հորը առեւանգելու, նրան ազատ արձակելու համար գումար ստանալու գործով։ Սուրեն Մանուկյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ այն համարելով սարքովի, շինծու: Ս. Մանուկյանի պաշտպանները նշում են, որ 4 մեղադրյալներից միայն նրա նկատմամբ է կալանքը որպես խափանման միջոց կիրառվում, մեղադրյալներից մեկի հանդեպ որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրված է տնային կալանքը, մեկի ուրիշի նկատմամբ՝ բացակայելու արգելքը, իսկ չորրորդը այլ քրեական գործով դատապարտյալ է։ Քրեական գործով բոլոր 4 մեղադրյալներին առաջադրված է նույն մեղադրանքը, սակայն Ս. Մանուկյանի հանդեպ վերաբերմունքն առանձնահատուկ է, ինչի պայմաններում նրա նկատմամբ կիրառվող խափանման միջոց կալանքը վերածվել է ազատազրկման ձեւով պատժի՝ դատավճռի բացակայության պարագայում։ Ս. Մանուկյանի պաշտպան Սերգել Ոսկանյանը հայտնեց, որ ապրիլի 30-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւան քաղաքի նստավայրում կայացել է Սուրեն Մանուկյանի եւ մյուսների գործով դատական նիստ, որի ընթացքում հետազոտվել են քրեական գործով ապացույցներ, նաեւ քննվել է Ս. Մանուկյանի խափանման միջոց կալանքի երկարաձգման հարցը։ Դատավոր Սասուն Մխիթարյանը որոշել է երեք ամսով երկարարաձգել Ս. Մանուկյանի կալանքի ժամկետը։ Պաշտպան Ս. Ոսկանյանը հայտնեց, որ կալանքը երկարաձգելու որոշումը իրենք դատարանից դեռ չեն ստացել, որպեսզի իմանան, թե այս անգամ ինչ հիմքով է դատարանը երկարաձգել Ս. Մանուկյանի կալանքի ժամկետը։
ՊՈԵՄ Է ՁՈՆԵԼ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ
Նախկինում՝ Տավուշի նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանի խորհրդական, ներկայումս կենսաթոշակառու իջեւանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանը Բաքվում գերության մեջ գտնվող գործարար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին նվիրված 307 էջանոց չափածո պոեմ է գրել, որը կոչել է «Արցախահայր»։ Լ. Չիբուխչյանը հայտնեց, որ ինքը մտադիր է գրքի մի օրինակը, ռուսերեն ներածականով, ուղարկել Իլհամ Ալիեւին: Չիբուխչյանը կարծում է , որ Ռ. Վարդանյանին գերությունից ազատելու խնդիրը պետք է մշտապես հասարակական հնչեղություն ունենա. իր պոեմն էլ կնպաստի այդ գործին։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ