«ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀՈՂԵՐ ՉԵՆՔ ՏԱԼԻՍ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Գյուղացիները փողոց են դուրս եկել՝ թույլ չտալու հանձնել իրենց գյուղերը: Իշխանություններն էլ իրենց հերթին ոստիկանական ուժեր են կուտակել, որոնք սկզբում անհամաչափ ուժի կիրառմամբ բացեցին ճանապարհը, ապա տեղակայվեցին Կիրանց տանող ճանապարհի վրա, եւ մարդկանց թույլ չեն տալիս անցնել՝ սահմանափակելով նրանց տեղաշարժի իրավունքը:

Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ՔՊ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հետ:
-Պարոն Հակոբյան արդեն ավելի քան 10 օր է Տավուշում քաղաքացիները ճանապարհ են փակել ու պահանջում են կասեցնել այս գործընթացը: Իրենց հետ բերել են իրենց կադաստրի վկայականները՝ մտավախությամբ, որ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի հետեւանքով իրենց տները, հողատարածքները եւ արոտավայրերը հնարավոր է՝ Ադրբեջանին անցնեն: Ըստ էության՝ Նիկոլ Փաշինյանն էլ իր ելույթում այս ամենը չի հերքում եւ նշում է, որ 4 գյուղը պետք է հանձնենք, հակառակ դեպքում պատերազմ կլինի:
-Մի՛ խեղաթյուրեք, չորս գյուղը, որի վերաբերյալ մեր հանրության շրջանում ապատեղեկատվություն են տարածում մանիպուլյացիայի արդյունք է: Սահմանազատում եւ սահմանագծում իրկանացվում է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, ինչը բացառապես արձանագրում է, որ ադրբեջանական մասը սահմանագծվում է դեպի Ադրբեջան, իսկ հայկական մասը սահմանագծվում է դեպի Հայաստանի Հանրապետություն: ՀՀ տարածքից ոչ մի սանտիմետր հող չի տրվում Ադրբեջանին, եւ դրանք սին տեղեկություններ են: Ես չեմ բացառում, որ այդ սահմանագծման հետեւանքով լինեն հարցեր, որոնց պետությունը պետք է պատշաճ արձագանքի: Ես չեմ բացառում, որ ինչ-որ հատված, որը Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ սուվերեն տարածքի ստեղծման ու զորքի հետքաշման համար տրվում է Ադրբեջանին՝ անհարմարություններ պատճառի մեր գյուղացիներին: Բայց միանշանակ ուզում եմ արձագանքել, որ պետությունն անելու է իրենից կախված ամեն բան, որ մեր գյուղացիները, բոլոր նրանք ովքեր ապրում են այդ սահմանին եւ անհանգստացած են, իրենց անհանգստությունը փարատվի եւ ճշմարտությունը հասու լինի բոլորին:
-Պարո՛ն Հակոբյան, դուք էլ եք շեշտում, որ հնարավոր է անհարմարություններ լինեն քաղաքացիների համար. փաստորեն չե՞ք հերքում, որ նրանց ունեցվածքը կարող է մնալ ադրբեջանական կողմում:
-Ո՛չ:
-Այս դեպքում անհարմարություն ասելով ի՞նչ նկատի ունեք:
-Ես նշում եմ, որ ՀՀ տարածքից ոչ մի միլիմետր հող չի տրվելու Ադրբեջանին: Այս գործընթացը վերահսկվում է միջազգային կառույցների կողմից, եւ այսպիսով մենք գնում ենք դեպի խաղաղություն: Խաղաղությունը հենց սա է, երբ մենք կարողանում ենք սահմանը գծել եւ արդյունքում տեղի է ունենում սահմանի ճանաչում եւ այլեւս վիճելի ոչ մի հարց չի լինում: Ես չեմ բացառում, որ այս գործընթացի ընթացքում անհարմարություններ կլինեն, սակայն բացառում եմ, որ Հայաստանի Հանրապետությունից որեւէ սանտիմետր հող կտրվի:
-Պարո՛ն Հակոբյան, Նիկոլ Փաշինյանն իր խոսքում բազմիցս նշել է, որ սահմանազատման դեպքում անգամ երաշխիք չկա, որ Ադրբեջանը սադրանքների չի գնա:
-Ես ուզում եմ նշել, որ այնտեղ, որտեղ իրականացվում է սահմանագծում այլեւս վիճելու բան չկա: Ադրբեջանը ճանաչում է ՀՀ սուվերեն տարածքը եւ մենք ճանաչում ենք փոխադարձաբար, եւ այստեղ վիճելու ոչինչ չկա: Սակայն մեկ այլ հարց է, որ սահմանազատումը պետք է իրականացնենք ՀՀ սահմանի ողջ երկայնքով, եւ փոխադարձաբար ճանաչենք միմյանց սահմանն ու վիճելի հարցեր չլինեն, ապա մեր անվտանգության երաշխիքները շատ ավելի կլինեն:
-Սեւ լճի հատվածում եւ մյուս տարածքներում, որտեղ Ադրբեջանն ապօրինի կերպով առաջ է եկել՝ սահմանագծում արվելո՞ւ է:
-Իհարկե:
-Եվ երաշխիք կա՞, որ Ադրբեջանը հետ է գնալու:
-Սահմանագծման եւ սահմանազատման արդյունքում ՀՀ սուվերեն տարածքում գտնվող վայրերում ադրբեջանցիները պարտավորվում են հետ գնալ:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՀԱՐՑԵՐԻՆ
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է ընդդիմությանն ուղղված մի շարք հարցերի. «Այս պահին արդիական մի քանի կարեւոր հարցերի պատասխաններ։

l Որտե՞ղ է ընդդիմությունը, ինչո՞ւ չի աջակցում Տավուշյան շարժմանը։
Ես կարող եմ խոսել ՀՅԴ-ի եւ «Հայաստան» խմբակցության անունից։ Դաշնակցությունն իր կառույցով եւ բոլոր ռեսուրսներով առաջին իսկ օրվանից կանգնած է եղել Տավուշը հանուն հայրենիքի շարժման կողքին, ներկա է եղել Տավուշում եւ գործնական աջակցություն ցուցաբերել ձեւավորված Շարժմանը։ Ողջ ընթացքում Տավուշում են եղել նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Այս թեմայով աշխատանքներ են իրականացվել նաեւ ԱԺ-ում եւ միջազգային հարթակներում։
l Ինչո՞ւ քաղաքական ուժերը չեն ստանձնում առաջնորդություն։
Տավուշում արդեն կա ձեւավորված Շարժում։ Այն ունի բնականորեն ձեւավորված հստակ առաջնորդություն՝ ի դեմս Բագրատ Սրբազանի, ով անգնահատելի եւ պատմական առաքելության է իրականացնում։
l Ինչո՞ւ զուգահեռ այլ գործընթաց չի նախաձեռնվում:
Մենք այս պահին ճիշտ չենք համարում առանձին կամ զուգահեռ գործընթաց սկսել, քանի որ արդեն կա ձեւավորված հակազդեցության օջախ եւ մենք կարծում ենք, որ պետք է ամեն ինչով աջակցել այդ գործընթացին եւ այն դարձնել համահայաստանյան ու համահայկական։
l Ինչո՞ւ տարբեր ուժեր չեն միանում այս պայքարին:
Ինձ համար անհասկանալի են բոլոր այն ուժերը եւ անհատները, ովքեր տարբեր քաղաքական հաշվարկներով պայմանավորված անգործունեություն կամ պասիվություն են ցուցաբերում. կա սրբազան պայքար, պետք է կանգնել այդ պայքարի կողքին։
l Ինչո՞ւ հենց հիմա չի նախաձեռնվում իմպիչմենտի գործընթաց:
Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը։ Սակայն ժամանակից շուտ այդ գործընթացի նախաձեռնումը եւ այն երաշխավորված տապալման տանելը մենք անթույլատրելի ենք համարում։ Մենք կգնանք այդ գործընթացին, երբ փողոցում կլինի անհրաժեշտ եւ բավարար ուժ ժողովրդի կամքը պարտադրելու համար։ Ուստի առաջիկայում բոլորիս քայլերը պետք է ուղղված լինեն այդ ուժի կուտակմանը»։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ
Քաղաքացիների 36 տոկոսից ավելին հրաժարվում է որեւէ դեպքում դուրս գալ փողոցային պայքարի:
Այս մասին պարզ է դառնում «GALLUP International Association» կազմակերպության անցկացրած վերջին հարցումներից, որն անցկացվել է 1100 մարդու շրջանակում՝ ապրիլի 22-25-ն ընկած ժամանակահատվածում:
Հարցին՝ որ դեպքում դուրս կգան փողոցային պայքարի հանուն իշխանափոխության, քաղաքացիները տվել են հետեւյալ պատասխանները՝ 23.4 տոկոսը պատասխանել է, որ եթե նոր տարածքներ հանձնվեն Ադրբեջանին, 22.5 տոկոսը պատասխանել է՝ պատերազմի նոր վտանգի դեպքում, 13.7 տոկոսը՝ ուժեղ եւ կամային լիդերի դեպքում, 10.4 տոկոսը՝ հստակ իշխանափոխության՝ հստակ օրակարգով, 4.5 տոկոսը՝ սոցիալ-տնտեսական իրավիճակի կտրուկ վատթարացման դեպքում, 36.8 տոկսը հայտարարել է, որ ոչ մի դեպքում դուրս չի գա պայքարի, 3 տոկոսն էլ դժվարացել է պատասխան տալ:
Ք. ՄՈՒՇԵՂՅԱՆ

ՁԱՅՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ԶՐԿԵՑ
Ազգային ժողովում՝ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ, վեճ առաջացավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի միջեւ այն բանից հետո, երբ Հովհաննիսյանն ասաց, որ սահմանազատման առաջին շահառուն կիրանցին է, ոսկեպարցին, բաղանիսցին, բերքաբերցին, եւ որ որեւէ մեկը չի կարող խափանել մարդկանց անվտանգ ապրելու իրավունքը, ինչպես Լեռնային Ղարաբաղում արեցին եւ լուծարեցին ԼՂ-ն:

ՄԻՊ-Ը՝ ՏԵՂԱՇԱՐԺԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ
ՄԱՍԻՆ
Լրագրողները ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հարց ուղղեցին՝ այս օրերին Կիրանցում տեղի ունեցող դեպքերի մասին, ինչին ի պատասխան՝ ՄԻՊ-ը նշեց՝ այս պահին վերջնական գնահատական չի կարող տալ՝ կապված մարդկանց տեղաշարժի հետ:
«Որպեսզի կարողանամ տալ վերջնական գնահատական, պետք է հասկանամ, թե նրանց տեղաշարժը ինչ հիմքով է ընդհանրապես սահմանափակված: Որովհետեւ շատ հնարավոր է, եւ դա Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է իր դիրքորոշումներով հաստատել եւ մի շարք միջազգային չափանիշներով, որ լինեն մարդու իրավունքները սահմանափակելու հիմքեր, եւ նաեւ մարդու իրավունքների սահմանափակումը լինի համաչափ»,- ասաց Անահիտ Մանասյանը:
Հարցին՝ արդյոք ՄԻՊ-ը դիմե՞լ է պարզաբանում ստանալու համար, վերջինս դրական պատասխան տվեց. «Բնականաբար դիմել եմ, եւ երբ ստանամ, դրանից հետո հրապարակավ հանդես կգամ»:




Լրահոս