Նոյեմբերի 13-ին Իջեւանում կայացան քաղաքապետի հերթական ընտրությունները, որոնց արդյունքում հաղթեց ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանը: Չնայած 2 թեկնածուներն էլ հանդես էին եկել ինքնաառաջադրմամբ, սակայն ընտրությունները վերածվեցին ՀՀԿ-ԲՀԿ մրցակցության:
1999թ-ից Իջեւանը ղեկավարող Վարուժան Ներսիսյանի համար իշխող կուսակցությանն անդամագրվելը հնարավորություն էր 5-րդ անգամ վերընտրվելու, ու նա, հանուն քաղաքապետի պաշտոնը պահպանելու, անտեսեց նույնիսկ ՀՀԿ-ական մարզպետի հետ տարիների հակամարտությունը: Սակայն ՀՀԿ-ն քաղաքական սխալ թույլ տվեց՝ 10 տարվա ՀՀԿ անդամ, Իջեւանի ճանապարհաշինական ընկերության ղեկավար Արծրունի Ղալումյանի փոխարեն պաշտպանելով Վ.Ներսիսյանի թեկնածությունը: Հիշեցնենք, որ Արծրունի Ղալումյանը հրաժարվեց քաղաքապետի թեկնածությունից:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ավելի լուրջ էր վերաբերել այս ընտրություններին: Դրանց նախօրեին փոխվեցին քաղաքի բոլոր` 7 տեղամասային ընտրական հանձնաժողովների ԲՀԿ-ական ներկայացուցիչները: Ընտրությունների օրն Իջեւանում էին գտնվում ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը եւ ուրիշներ: Նաիրա Զոհրաբյանը որպես Վարդան Ղալումյանի վստահված անձ հանդես էր գալիս Իջեւանի մշակույթի տանը գործող N 4 ընտրական տեղամասում եւ այնտեղ մնաց մինչեւ քվեների հաշվարկը` հաշվի չառնելով, որ պատգամավորի ներկայությունն ընտրատեղամասում Ընտրական օրենսգրքի կոպիտ խախտում է: Մինչդեռ Ն.Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պնդեց, որ Ընտրական օրենսգրքի 32 հոդվածի 3-րդ կետը սահմանում է, թե ով իրավունք չունի լինելու հանձնաժողովներում: «Պատգամավորին արգելվում է տեղամասում լինել, եթե չունի վստահված անձի կարգավիճակ: Բայց ես վստահված անձ էի, հակառակ դեպքում ԿԸՀ-ի անդամներն ինձ դուրս կհանեին տեղամասից»,-ասաց պատգամավորը:
Ընտրությունների ընթացքում Վարուժան Ներսիսյանի կողմնակիցները զանգահարում էին Իջեւան քաղաքում գործող N 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով եւ հայտնում, թե դիտորդական մի քանի կազմակերպությունների անդամներ խանգարում են ընտրական գործընթացին: Այնինչ տեղամասային ընտրական հանձնաժողովների աշխատակիցները, դրանց ղեկավարները հայտարարում էին, որ իրենց աշխատանքին դիտորդները չեն խանգարում: N 41 ԸԸՀ անդամները, Երեւանից ժամանած ԿԸՀ ներկայացուցիչները` քարտուղար Արմեն Սմբատյանի ղեկավարությամբ, պարբերաբար այցելում էին տեղամասեր եւ համոզվում, որ դիտորդները չեն խանգարում հանձնաժողովների աշխատանքին: Այս կապակցությամբ N 41 ԸԸՀ անդամ Սարգիս Մուրադյանը կատակով ասաց. «Կարգին ընտրություններ են, որ խախտումներ կատարողները միայն դիտորդներն են»:
Օրվա ընթացքում տեղեկություններ եղան, որ Վարդան Ղալումյանի մի քանի կողմնակից ակտիվիստներ տարվել են ոստիկանություն: Կարելի էր ենթադրել, որ դա ամենեւին էլ տեղական ոստիկանության նախաձեռնությունը չէր, այլ «վերեւներից» ստացված հրաման: Հետո նրանք ազատ էին արձակվել, բացառությամբ ավագանու նախկին անդամ Սուրեն Մանուկյանի հոր` Սերժիկ Մանուկյանի, որն ազատ արձակվեց երեկոյան` ժ. 19:30-ին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա ասաց, որ ոստիկանությունում իրեն ոչ մի բան չեն հարցրել, իր հետ ոչ մի գործողություն չի կատարվել: Մեր տեղեկություններով` իր ավտոմեքենայով ոստիկանություն է տարվել նաեւ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ անդամ Վահե Էնֆիաջյանը: Իջեւանում էին գտնվում սեւ բերետավոր հատուկջոկատայիններ: Սակայն նրանց միջամտության կարիքը չեղավ:
Նշենք, որ Վ.Ներսիսյանի պարտությունը կանխատեսելի էր: 4 անգամ պաշտոնավարած քաղաքապետը չէր լուծել քաղաքի հիմնական խնդիրները` համալրել համայնքի բյուջեն, բարեկարգել քաղաքի փողոցները, նորոգել շենքերի տանիքները եւ վերելակները, ապահովել քաղաքապետարանի աշխատանքի հրապարակայնությունը: Քաղաքապետի ընտրություններին ցուցակային 13.857 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 8716 հոգի, Վարդան Ղալումյանը ստացել է 5044, Վարուժան Ներսիսյանը` 3406 քվե, 262 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Մեր տվյալներով` նոյեմբերի 13-ի ընտրություններից հետո Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը մարզպետարանում ժողով է արել: Իջեւանում խոսակցություններ են շրջանառվում, որ ՀՀԿ այս պարտությունից հետո Հայաստանի «ամենաերկարակյաց» մարզպետ, Հայաստանի հանրապետական կուսակցության Տավուշի մարզային կազմակերպության ղեկավար Արմեն Ղուլարյանին կազատեն մարզպետի պաշտոնից: Բանն այն է, որ Ղուլարյանը վստահեցրել է, թե «կրելու» խնդիր չունեն: Ավելին, հավաստի տեղեկություններով` շաբաթ օրը ՀՀԿ վերնախավը Վ.Ներսիսյանի հաղթանակն ամեն գնով ապահովելու հանձնարարական է ուղարկել Իջեւանի իր գործընկերներին: Նույնիսկ Տավուշի մարզպետը քվեարկության օրը հեռախոսը ձեռքից չի դրել` բոլոր հնարավոր ծանոթներին խնդրելով` Վ.Ներսիսյանի օգտին քվեարկել: Մինչ այդ Վ.Ղալումյանի օգտին են պատրաստվել քվեարկել քաղաքի գազի, էլցանցի եւ ջրմուղկոյուղու աշխատակիցները: Երեւանից եկած հրահանգը, սակայն, վերջիններիս ստիպել է Վ.Ներսիսյանի օգտին քվեարկել: Նույն կերպ են վարվել նաեւ Իջեւանի «Երկրապահ» կամավորականների միության հետ: Բայց արդյունքում հաղթեց ԲՀԿ-ն:
Տավուշ