Բագրատ սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը խառնել է իշխող «Քաղաքացիական պայմանագրի» անդորրը:
Որքան էլ իրենց ելույթներում ու հարցազրույցներում իշխանականները «թվացյալ» անհոգ կերպարի մեջ են, այնուամենայնիվ, նրանք լարված են ու անհանգիստ: Իրականում իշխանությունները գիտեն, որ հասարակության ներսում խոր դժգոհություն կա Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ. վերջին շրջանում բավականին հաճախ, ամենաբարձր մակարդակով ՔՊ-ականները պարբերաբար քննարկում են իրավիճակն ու փորձում վերլուծել, թե ինչ ավարտ կունենա շարժումը, եւ ինչպես պետք է կասեցնել այն:
Իշխանականները խոր մտավախություններ ունեն, որ իրադարձությունները կարող են դուրս գալ վերահսկողությունից եւ իրենց համար խիստ անցանկալի սցենարով զարգանալ, քանի որ Տավուշում տեղի ունեցող վերջին զարգացումներն ու կոնսոլիդացիան՝ Բագրատ սրբազանի եւ մյուս երկու լիդերների՝ Սուրեն Պետրոսյանի եւ Գառնիկ Դանիելյանի շուրջ, անսպասելի մեծ է:
Իրապես, սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտ է ստեղծել Բագրատ սրբազանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականները 3 սցենար են պատկերացնում իբրեւ հանգուցալուծում եւ երկուսի մասով արդեն սուրհանդակներ են ուղարկել Էջմիածին:
Լավագույն դեպքում, ըստ ՔՊ-ի, մայիսի 9-ին, երբ Բագրատ սրբազանի գլխավորած շարժումը հասնի Երեւան, դաշտ կգան հանրության համար տհաճ ու օդիոզ քաղաքական անձինք, նախկին իշխանության ներկայացուցիչներ, որոնց դեմքերը ֆիքսելով՝ հնարավոր կլինի վարկաբեկել մինչ օրս թափ հավաքող շարժումը եւ տանել մարման:
Երկրորդը՝ նաեւ պատրաստվում են որոշակի ճնշումների:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ այս օրերին իշխանականները տարբեր խողովակներով Էջմիածին բանագնացներ են գործուղել, որպեսզի Բագրատ սրբազանին հորդորեն այնտեղից շարժման օրակարգ չբերել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը: Վերջնագիր են ներկայացրել, թե դժգոհությունը պետք է ձեւակերպել բացառապես սահմանազատման գործընթացի մասով՝ առանց Փաշինյանի հրաժարականի պահանջի: Հակառակ դեպքում՝ ասվել է, որ մեծ հարձակում կլինի եկեղեցու եւ եկեղեցականների վրա:
Եվ վերջապես, ակնարկել են, որ Վրաստանի ջարդերին պետք է հետեւել ու պատրաստ լինել՝ քաղաքացիներին բախումների տանելու պատասխանատվություն կրելու:
Կարճ ասած՝ ժողովրդավարական բաստիոնը երերում է՝ տեղը զիջելով միապետության: ՔՊ-ն կպարտվի միայն Հանրապետության հրապարակի մարդաշատության դեպքում:
Կոռուպցիայի դեմ պայքարը բառերից այն կողմ չի անցնում Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք: Ժամանակ առ ժամանակ իշխանությունները լուրեր են շրջանառում՝ X «չարագործին» կաշառք ստանալու համար ձերբակալելու մասին։ Զորօրինակ՝ ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեսչական բաժնի պետի տեղակալ Վիգեն Մելքոնյանը. նա մեկ տարի առաջ համաձայն մամուլի հրապարակումների՝ ձերբակալվել էր, եւ կարելի էր ենթադրել, որ արդեն կրում է պատիժը։ Բայց կոռուպցիոները ոչ միայն չի պատժվել, այլեւ անհոգ ապրում է, ավելին՝ աշխատում նույն վայրում։ Կոռուպցիան, փաստորեն, դարձել է «անձեռնմխելի» երեւույթ մեր երկրում:
Վերջին օրերին Երեւանում տեղի ունեցող անհնազանդության ակցիաները եւ լարված իրավիճակը «փոխում» են Նիկոլ Փաշինյանի օրակարգը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը պետք է ներկա գտնվեր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին: Սակայն, Նիկոլ Փաշինյանը չեղարկել է իր մասնակցությունը ֆուտբոլային այդ կարեւոր իրադարձությանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ` պատճառը քաղաքում տիրող գերլարված տրամադրությունների եւ հասարակական դժգոհությունների մեծ ալիքն է: Նիկոլ Փաշինյանը, ամենօրյա դարձած բողոքի ակցիաների ֆոնին, որոշել է չգնալ հանրային այդ միջոցառմանը, հավանաբար, որպեսզի խուսափի հերթական տհաճ միջադեպից, ինչին բախվեց տիկինը՝ Աննա Հակոբյանը: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ վարչապետի խոսնակին՝ պարզելու՝ ինչու՞ է Փաշինյանը չեղարկել իր մասնակցությունը ֆուտբոլային այդ միջոցառմանը: Խոսնակը, սակայն, նշեց, թե որեւէ տեղեկություն չունի այդ մասին. ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց մեր ունեցած ինֆորմացիան:
ՔՊ-ականների համար շարունակում է տարօրինակ մնալ ՍԴ թեկնածու Դավիթ Խաչատուրյանի՝ առողջական վիճակի կտրուկ վատթարացման հիմքով ԱԺ չներկայանալը ու հարց են բարձրացնում, թե այդ ինչ հիվանդություն էր, որ նա չեկավ ԱԺ։ Ու մինչ իշխանական պատգամավորները չեն կարողանում գտնել հարցի պատասխանը, Դավիթ Խաչատուրյանը, ԱԺ «չներկայանալու» փոխարեն, գնացել Է մայիսի 3-ին կայացած դատավորների ժողովին, ու ինչպես կոլեգաներն են նկատել, նա բավականին առողջ ու թարմ տեսք է ունեցել։ Հաջորդ քառօրյային պարզ կլինի՝ Խաչատուրյանին առողջական վիճա՞կն էր հետ կանգնեցրել, որ նա ՍԴ դատավոր դառնալու իր երազանքին հասներ, թե՞ այլ խորքային պատճառներ կան։ Ինչպես հայտնի է, ապրիլի 30-ին մեկնարկած ԱԺ նիստերի օրակարգում նաեւ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցն էր: Այդ պաշտոնում ԲԴԽ-ն առաջադրել էր Դավիթ Խաչատուրյանին՝ հակակոռուպցիոն մարմնի ղեկավար Սասուն Խաչատրյանի եղբորը։ ԱԺ նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ հարցը հանվում է օրակարգից. «Տեղեկացնեմ, որ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանն առողջական խնդիրների պատճառով չի կարող մասնակցել հարցի քննարկմանը եւ խնդրել է տեղափոխել քննարկման օրը։ Հետեւաբար՝ հերթական նիստի օրակարգից հարցը հանվում է եւ հետագայում կքննարկվի»,- նշել էր Ռուբինյանը։