«ՏԱՎՈՒՇԸ ՍՅՈՒՆԻՔԻ ԹԻԿՈՒՆՔՆ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկրում առկա իրավիճակը սրվում է: Մայիսի 4-ին Տավուշից մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը գլխավորում են Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ու քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը:

Իշխանությունն արդեն քանի օր է՝ փորձում է հնարավոր բոլոր միջոցներով վարկաբեկել շարժման առաջնորդներին, հնարավորինս ետ պահել ժողովրդին՝ շարժմանը միանալուց:
Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի հետ:
-Գաղտնիք չէ, որ աջակցում եք շարժմանը, երբ հայտարարություն արեցիք՝ ասելով. «Սրբազան, Ձեզ սպասում ենք Երեւանում», Ձեզ թիրախավորեցին: Ինչո՞ւ թիրախավորվեց Ձեր կողմից արված արտահայտությունը:
-Քանի որ զբաղվում եմ քաղաքականությամբ, դա նորմալ եմ համարում, սակայն Հայաստանում կան քաղաքական շրջանակներ, որոնց թվում է, որ միայն իրենք կարող են զբաղվել քաղաքականությամբ, ինչը առողջ քաղաքական միջավայրին հատուկ վերաբերմունք չէ:
-Շատերը քննադատեցին՝ նշելով, որ շարժմանն աջակցություն եք հայտնել, քանի որ հեղափոխության ակնկալիք ունեք:
-Հնարավոր է՝ նման ուժեր եւ քաղաքական գործիչներ կան, որոնք փորձում են իրենց ձեռքերը «տաքացնել» այս շարժման վրա, սակայն իմ եւ գործընկերներիս աջակցությունը շատ պարզ է: Մենք սրբազանին էլ ենք հայտնել, որ կիսում ենք իրենց մտահոգությունը, եւ բնական է, որ պիտի աջակցենք շարժմանը: Սահմանազատման այս գործընթացը, որը հանուն խաղաղության է կոչվում, սակայն սպառնալիք է մեր ժողովրդի համար, պետք է վերանայվի: Իշխանությունը փորձում է ներկայացնել, որ մի փոքր գյուղի ու համայնքի ժողովուրդ պատերազմ է պարտադրում մի ամբողջ ժողովրդի՝ խաբելով այն մարդկանց, ովքեր չգիտեն, թե իրականում մարզերում ինչ է կատարվում: Մամուլին հետեւելով՝ տպավորություն է, որ մի խումբ մարդիկ Տավուշից քայլում են Երեւան եւ պատերազմ են պարտադրում. սրա նպատակը իրական պահանջը նսեմացնելն ու շարժման թափը կոտրելն է:
-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ սահմանազատումը սկսվեց հենց Տավուշից:
-Տավուշը միշտ եղել է մեր պաշտպանական ամուր դիրքերից մեկը: Մենք այնտեղ մեր պաշտպանական, անվտանգային եւ ռազմական ենթակառուցվածքների առումով մեզ վստահ ենք զգացել, քանի որ ունեցել ենք լավ դիրքեր: Ադրբեջանը խնդիր է դրել, որ Հայաստանը առհասարակ բանակ չունենա, հետեւաբար՝ այս գործընթացը ենթադրելի էր: Տավուշը ռազմական իմաստով Սյունիքի թիկունքն է: Սյունիքը միշտ թիրախ է եղել, քանի որ Ադրբեջանը ուզում է միջանցք, ինչի համար պատրաստ է ամեն քայլի: Եվ, բնականաբար, երբ բանը հասնի իրականում միջանցքը ստանալուն՝ Սյունիքի թիկունքը պետք է բաց մնա:
Զրուցեց ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍՈՎ ՈՉԻՆՉ ՉԻ ԱՐՎՈՒՄ
07.06.2018 թվականին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ՝ միեւնույն ժամանակ պատրաստ լինելով Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների»:

Այնուհետեւ՝ հաջորդ տարում՝ 07.03.2019 թվականին՝ ՀՀ ԱԳՆ-ում դիվանագետների օրվան նվիրված միջոցառման ժամանակ, վերահաստատեց. «Մենք պետք է շարունակենք նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված քաղաքականությունը: Մենք հստակ արձանագրում ենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը գլոբալ անվտանգության եւ ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ մեր կարեւոր ներդրումն է, եւ մենք այդ հարցը դիտարկում ենք այս տեսանկյունից»:
Սակայն, իրականում, «Ժողովուրդ» օրաթերթը անհրաժեշտ է համարում հիշեցնել, որ 2018 թվականից ի վեր ընդունվել է Հայոց ցեղասպանության ճանաչման ընդամենը 3 բանաձեւ՝ հետեւյալ պետությունների կողմից.
26.04.2019թ. Պորտուգալիայի խորհրդարան
30.10.2019թ., 12.12.2019թ., ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ եւ ԱՄՆ սենատ
06.05.2021թ. Լատվիայի Հանրապետության խորհրդարան
08.02.2023թ. Մեքսիկայի Սենատի հռչակագիր
2022 թվականի հունվարի 24-ի առցանց մամուլի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նշեց, թե Հայաստանի Հանրապետությունը երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ Հայաստանը հրաժարվի Հայ դատից եւ սառեցնի համահայկական օրակարգի թեմաները՝ ընդառաջելով թուրքական նախապայմաններին: «Պետք է արձանագրենք, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացի լոկոմոտիվը միշտ էլ եղել է սփյուռքն ու սփյուռքի կազմակերպությունները», – նշեց նա։
Իսկ այս տարվա՝ 24.04.2024-ի ուղերձում ոչ մի խոսք արդեն չկար ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերի մասին: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԵՌԱՑԵԼ Է ՌԴ-ԻՑ
Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Երեւանը դե ֆակտո սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությունում, թեեւ դեռ դուրս չի եկել դրանից, միեւնույն ժամանակ չի մասնակցում կառույցի համատեղ զորավարժություններին եւ պատրաստվում է ձեռնպահ մնալ դրա ֆինանսավորումից։
«Զուգահեռաբար, Հայաստանը ցուցադրաբար երկխոսություն է զարգացնում Արեւմուտքի հետ՝ ներառյալ դիտարկում է Եվրամիությանն անդամակցելու տարբեր տարբերակներ, ակտիվանում են ՆԱՏՕ-ի հետ կապերը։ Այժմ շատ հարցեր են կուտակվել, որ քննարկում են պահանջում հենց առաջնորդներից»,- հավելել է Յուրի Ուշակվը։
ArmLur.am-ը կապ հաստատեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ, հասկանալու համար՝ ի՞նչն է Հայաստանի՝ նման քաղաքականության պատճառը: «Խնդիրը բավականին պարզ է՝ աշխարհաքաղաքական պայքար է գնում: Հայասատանյան քաղաքականությունը գտնվում է արտաքին ազդեցության տակ. ցանկանում են Ռուսաստանին հեռացնել տարածաշրջանից, դրա համար էլ զոհաբերվեց նաեւ Արցախը: Այսինքն՝ կարող էր այլ տարբերակ լինել, այլ տարածքներ զիջվեին, բայց այս վիճակը չլիներ, սակայն ինքը գնաց հանուն վերոնշյալ նպատակի, որ իր առջեւ դրել էին:
Հիմա նաեւ այլ հարց է առաջանում՝ իսկ Իրանի հետ ո՞նց են լինելու հարաբերությունները: Ըստ էության, ինքը գտնվում է թուրք-ադրբեջանական վերահսկողության տակ, ի դեմս Արեւմուտքի՝ մենք թշնամանում ենք առաջին հերթին Իրանի հետ, որը մեզ համար գերկարեւոր գործընկեր է, որի շնորհիվ Սյունիքը այսօր չի գրավվել Ադրբեջանի կողմից: Հիմա նրա գլխում ի՞նչ երաշխիքներ կան՝ դժվար է ասելը, բայց հստակ է, որ Արեւմուտքից Հայաստանին երաշխիքներ չեն տալիս»:
Հիշեցնենք, որ. «Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին». -ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ուշակովը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին կայցելի Մոսկվա եւ երկկողմ հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Փաշինյանը կնախագահի Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը, որը կկայանա նույն օրը։

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՄՏԵԼ Է ՈՒԺԻ ՄԵՋ
Վավերացման եզրափակիչ փուլերի ավարտից հետո ուժի մեջ է մտել Եվրամիության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ՝ Հայաստանի Հանրապետությունում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը:
Այդ մասին հայտնել են Հայաստանում ԵՄ առաքելությունից:




Լրահոս