Հավանաբար յուրաքանչյուր մահկանացու-ընթերցող այս տողերը կարդալիս կասի, որ իր կամ իր մերձավորի աշխատավարձը երբեք «հաջորդ տարի» չի ավելացել գրեթե կրկնակի, եթե իհարկե, աշխատակիցը ՔՊ շրջանակից չէ:
Կոռուպցիան հեռու ման չգալու համար՝ դիտենք վարչապետի դստեր հայտարարագիրը։
Եթե Մարիամ Փաշինյանը 2021թվականին «Դիջիթեյն»-ից ստանում էր 6,7 միլիոն դրամ, հաջորդ տարի նրա եկամուտը դարձավ 10.9 միլիոն։
Կա՞ այստեղ վարչապետի գործոնը` ընդդիմադիր Փաշինյանը կասեր՝ կա՝ հավելելով կոռուպցիան «պոզ ու պոչով չլինելու» տեսությունը. հիմա սա ինչ է, եթե ոչ կոռուպցիայի մի ճյուղ…
2018 թվականին, ի թիվս այլ արժեքների, թափանցիկություն քարոզող վարչապետի հայտարարագիրը հարցեր է առաջացնում։ Մասնավորապես՝ ումի՞ց, ինչքա՞ն եւ ինչի՞ դիմաց է ՀՀ վարչապետը ստացել եկամուտ, քանզի դրա երրորդ տողը ամբողջությամբ անհասանելի է՝ մնացած «վարչապետների» համար։ Հայտարարագրի մեկ այլ` ոչ առեւտրային կազմակերպություններում մասնակցության բաժնում ինֆորմացիան փակված է 3 նմանատիպ կառույցների ՀՎՀՀ-ի եւ հասցեների մասով։ Դեմոկրատիայի բաստիոնում տեղեկությունները հետզհետե ընդհատակ են անցնում։ Իսկ 6 տարի առաջ նա այլ վարչապետ էր ձեւանում, հեծանիվով էր աշխատանքի գնում, ուղիղ եթերում փիփերթով սուպ ուտում:
«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գեւոգյանի դեմ հարուցված քրեական գործով քաղաքական որոշումները շարունակվում են կյանքի կոչվել։ Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն այս օրերին քննարկում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գեւորգյանի դեմ հարուցված քրեական գործը ընդհանրապես կարճելու հարցը: Իսկ ի՞նչ հիմքով են իրավապահ համակարգում քննարկում այդ հարցը. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քննարկվում է տարբերակ՝ գործուն զղջալու հիմքով առաջիկայում դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը ու գնալ կարճման: Ինչով կավարտվեն ներքին քննարկումները՝ ցույց կտա ժամանակը։ Ի դեպ, տեղեկացնենք, որ քրեական գործը ավարտական փուլում է։ Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 31-ին ԱԱԾ-ն ու ՔԿ-ն խուզարկություններ էին կատարել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում եւ մի շարք անձանց բնակարաններում (ընդհանուր առմամբ՝ ավելի քան 15 վայրում)։ Ըստ ՔԿ-ի` պարզվել էր, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի շրջանակում օժանդակել են, որ մրցույթում իրենց նախընտրած մասնակիցը հաղթի եւ մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են խոչընդոտներ եւ նրան փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում՝ մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը։ Արդյունքում՝ վարույթի շրջանակում կալանավորվել էր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը։ Նրան ընդամենը 11 օր կալանքի տակ պահելով՝ կայացվեց քաղաքական որոշումը, եւ դատախազը 2024 թվականի փետրվարի 12-ին, սեփական նախաձեռնությամբ, փոխեց քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալներ՝ առեւտրային կազմակերպության աշխատակիցներ Ա.Գ.-ի (Անի Գեւորգյան) եւ Լ.Մ.-ի (Լիլի Մկրյան) նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը: Նկատենք, որ այս քրեական գործով տնային կալանքի տակ է գտնվում Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։
«Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով՝ մայիսի 29-ին Աջափնյակի դատարանի կաշառքի գործով կալանավորված դատավոր Արուսյակ Ալեքսանյանի հարցով Հակակոռուպցիոն դատարան կներկայանա Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Պողոսյանը: Նա այդ գործով վկա է, եւ այդ կարգավիճակում էլ հրավիրել են հարցաքննության: Նշենք, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում է՝ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներից մեկի վարույթում գտնվող քրեական վարույթով մեղադրյալ, իր եղբոր ընկերոջ եւ իր մտերիմ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունն իրեն մակագրելու, ապա այն բավարարելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։ Ըստ ԱԱԾ-ի առաջադրած մեղադրանքի՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, ի վերջո, մեղադրյալ Սերգեյ Գրիգորյանի կալանքը փոխարինել էր գրավով։ Այո, եւս մեկ անգամ հիշեցնենք, որ Սերգեյ Գրիգորյանը բոլորին հայտնի «Ֆազն» է: