ՍԿՍՎԱԾ Է ԱՌԱՋԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՓՈՒԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2025 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաջադրումների փուլն սկսված է: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության այս համաշխարհային մրցանակը բացահայտում է եւ աջակցում մերօրյա հերոսներին, որոնք շոշափելի դրական փոփոխություններ են իրականացնում այն համայնքներում, որտեղ ամենաշատը կա դրա կարիքը:

«Ինձ մեծ ուրախություն է պատճառում առաջադրումների նոր փուլի մեկնարկը», – ասաց «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի նախագահ եւ Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին: «Ընտրող հանձնաժողովի պատվարժան անդամներն ու ես անհամբեր սպասում ենք նոր եւ ոգեշնչող թեկնածուների առաջադրմանը եւ նրանց ազդեցիկ պատմություններին: Ամեն տարի աշխարհի տարբեր անկյուններից մարդիկ առաջադրում են համայնքներում աշխատող հարյուրավոր ակտիվիստների, որոնց արժանի են համարում այս մարդասիրական մրցանակին, իսկ մեզ համար պատիվ է, որ կարող ենք լույս սփռել նրանց ակնառու աշխատանքի վրա»:
Յուրաքանչյուր ոք կարող է առաջադրել մերօրյա հերոսների, որից հետո ստուգվում է նրանց համապատասխանությունն առաջադրման չափանիշներին: Նախնական գնահատումից հետո «Ավրորա» մրցանակի Փորձագետների խորհուրդը կազմում է թեկնածուների կարճ ցուցակ: Ավելի ուշ «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովն ընտրում է «Ավրորայի» հերոսներին, ապա մրցանակի դափնեկրին, որի անունը հայտարարվում է «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ:
2024 թ. մայիսի 9-ին Լոս Անջելեսում տեղի ունեցած «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ 2024 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր ճանաչվեց Դենիս Մուկվեգեն՝ կանանց պաշտպանելու եւ սեռական բռնության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար գործադրած խիզախ ջանքերի համար:
Այսպիսով՝ նա ստացավ նվիրատվության շղթան շարունակելու եզակի հնարավորություն՝ 1 միլիոն ԱՄՆ դոլար մրցանակն ուղղելով համայնքային ակտիվիստների աջակցությանը, որոնք օգնում են կարիքավոր մարդկանց:
Ստեղծվելով Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում: Այն արդեն օգնության ձեռք է մեկնել ծայրահեղ կարիքի մեջ գտնվող ավելի քան 3.2 միլիոն մարդու:
«Ավրորա» մարդասիրական
նախաձեռնության մասին
Ստեղծվելով Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: «Ավրորան» էապես բարեփոխել է խիստ կարիքի մեջ գտնվող մարդկանց կյանքը՝ բացահայտելով եւ աջակցելով մարդասեր հերոսներին ու նրանց խիզախ գործունեությունը: «Ավրորան» արդեն նախաձեռնել է եւ աջակցել ավելի քան 427 նախագծի 56 երկրում եւ տարածքում՝ զգալի ազդեցություն գործելով խիստ կարիքի մեջ գտնվող մոտավորապես 3.2 մլն մարդու կյանքում:
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

ՓԱՌԱՏՈՆԻ ՄԵԿՆԱՐԿԸ՝ ԱՅՍՕՐՎԱՆԻՑ
Ֆրանսիայի Լազուր ափին այսօր՝ մայիսի 14-ին, բացվում է Կաննի միջազգային կինոփառատոնը. կինոստուգատեսի հիմնական մրցույթում այս տարի ներկայացված է քսաներկու ֆիլմ:

Մայիսի 14-ից մինչեւ 25-ը Լազուր ափին կայանալիք ստուգատեսի մեկնարկը կտա Քվենտին Դյուպիեի «Երկրորդ ակտ» ֆրանսիական ժապավենը։ Հիմնական մրցույթի ժյուրիի նախագահն այս տարի ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ Գրետա Գերվիգն է. նա այնպիսի կինոնկարների հեղինակ է, ինչպիսիք են «Փոքրիկ կանայք», «Լեդի Բյորդ» եւ «Բարբի» ֆիլմերը։
«Կաննիի» 77-րդ կինոփառատոնի հիմնական մրցույթում ներառվել է 22 ֆիլմ։
«Կաննիի» «Ոսկե արմավենու ճյուղին» հավակնում են գրող եւ քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովի մասին պատմող ֆիլմը, Կիրիլ Սերեբրեննիկովի՝ «Բալլադ Էդիչկայի մասին» ֆիլմը, ամերիկացի ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Մեգալոպոլիս» գիտաֆանտաստիկ ֆիլմը, հույն ռեժիսոր Յորգոս Լանտիմոսի «Բարության տեսակները» եւ իտալացի ռեժիսոր Պաոլո Սորենտինոյի «Պարտենոպա» ֆիլմերը։
Բացի դրանից, ստուգատեսի հիմնական մրցույթում պայքարելու են Դոնալդ Թրամփի կարիերայի մասին պատմող իրանական ծագումով շվեդ ռեժիսոր Ալ Աբասիի «Աշակերտը» ֆիլմը, Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը, կանադացի ռեժիսոր Դեւիդ Կրոնենբերգի «Պատանքներ» ֆիլմը, ֆրանսիացի ռեժիսոր Քրիստոֆ Օնորեի` Մարչելո Մաստրոյանիի մասին պատմող «Իմ Մարչելոն» ֆիլմը եւ այլ կինոնկարներ:
Հիմնական մրցույթում ընդգրկվել են նաեւ շվեդ ռեժիսոր Մանգուս ֆոն Հոռնի «Ասեղով աղջիկը» ֆիլմը, բրիտանացի ռեժիսոր Անդրեա Առնոլդի «Թռչունը» կինոնկարը, բրազիլացի ռեժիսոր Կարիմ Այնուզի «Ճակատագրի հյուրանոցը» ֆիլմը, ֆրանսիացի ռեժիսոր Ժակ Օդիարի «Էմիլյա Պերես» ֆիլմը եւ այլ ֆիլմեր:

Ի՞ՆՉ ԳՈՐԾ ՈՒՆԵՐ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՀԱՐՑՈՎ
Տավուշի մարզպետ, ՔՊ կուսակցության վերահսկող հանձնաժողովի նախագահ Հայկ Ղալումյանին հարցում ենք արել. «Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Սարգսյանը ապրիլի 17-ին մասնակցեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ոսկեպարցիների հանդիպմանը, ապրիլի 26-ին Կիրանցում բնակիչների հետ լարված մթնոլորտում կայացած հանդիպմանը ձեզ էր ուղեկցում։ Ի՞նչ առաքելություն ուներ Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավարը Կիրանցում, ո՞վ է նրան ներգրավել այդ գործին»։ Մարզպետարանից ստացված պատասխանում գրված է. «Հարցի վերաբերյալ առաջարկում ենք դիմել Դիլիջանի համայնքապետարանին»: Կհետեւեի նք մարզպետի խորհրդին, կդիմեինք Դիլիջանի համայնքապետարան, սակայն Դիլիջանի համայնքապետարանը, համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ, խախտելով ՀՀ Սահմանադրության եւ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջները, չի պատասխանել նախկինում ուղարկած մեր տեղեկատվական հարցումներին։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ ՋՆՋԵԼ ԵՆ
Իջեւան քաղաքի պետական բուժհիմնարկների մի շարք աշխատողներ, որոնք ֆեյսբուքյան իրենց էջում տարբեր միջոցառումներից՝ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնող եւ ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բազում լուսանկարներ ունեին, շտապ ջնջել են այդ լուսանկարները։ Հայտնի չէ՝ նրանց ստիպե՞լ են ջնջել Սրբազանի լուսանկարները, թե՞ իրենք են աշխատանքը կորցնելու վախից դրանք ջնջել։ Մարզի բուժհիմնարկները գտնվում են Տավուշի մարզպետարանի անմիջական ենթակայության ներքո:

ԴԱՍԱԴՈՒԼ ՉԻ ԵՂԵԼ
«Ազգային ճակատը» լուր է տարածել, որ մայիսի 13-ին Նոյեմբերյանի պետական քոլեջում դասադուլ է եղել՝ այդ լուրի հետ ներկայացնելով դրսում գտնվող ուսանողների լուսանկար։ Մայիսի 14-ին զանգահարեցինք Նոյեմբերյանի պետական քոլեջի տնօրեն Կարեն Նազարյանին։ Նա հայտնեց, որ Նոյեմբերյանի քոլեջում այդ օրը դասադուլ չի եղել։ Տնօրենն ասաց, որ քոլեջում ներկայումս այն ժամանակաշրջանն է, երբ ուսանողների 70 տոկոսը մասնակցում է ուսումնական պրակտիկայի, Նոյեմբերյանի պետական քոլեջում դասադուլի մասին վկայող լուսանկարն արվել է այն ժամանակ, երբ կուրսերից մեկի ուսանողներն ուսումնական պրակտիկայի են դուրս եկել։ Կ. Նազարյանն ասաց, որ ուսումնական պրակտիկայի չմասնակցած կուրսերից զատ՝ մնացած կուրսերը բնականոն կերպով դասեր են արել, դասադուլ չի եղել: Մայիսի 14-ին էլ Նոյեմբերյանի պետական քոլեջում դասադուլ չկար։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս