«Կանադան աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը». Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թերներ. Horizon շաբաթաթերթի բացառիկ հարցազրույցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

. Երկկողմ հարաբերությունների առումով դեսպանատան բացումը շատ դրական է ընդունվել։ Հայ ժողովուրդը և կանադահայ համայնքը շատ դրական են արձագանքել՝ հաշվի առնելով դպրոցների, համայնքային կենտրոնների և եկեղեցիների հետ իմ հանդիպումները:

. Կանադան շատ հստակ է աջակցել Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի այցի ընթացքում հենց այս կետն է առանցքային եղել իր համար:

. Որպես պատմաբան, ես իմացա ո՛չ միայն Հայոց ցեղասպանության, այլ նաև ցեղասպանության պատմական ուսումնասիրությունը ճնշելու Թուրքիայի ջանքերի մասին։

. Կանադան բազմիցս և հետևողականորեն բարձրաձայնել է Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտության հարցը։ Մենք դա արել ենք ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ գործընթացներում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցով:

. Ստեֆան Դիոնի պատրաստած հատուկ զեկույցում արված նախաձեռնություններից մեկը Առնոլդ Չանի՝ հանուն ժողովրդավարության նախաձեռնության ընդլայնումն էր։ Մենք վերջին մի քանի տարիների ընթացքում կրկնապատկել ենք նախաձեռնության համար նախատեսված ֆինանսավորման չափը։

Հայաստանում Կանադայի առաջին դեսպան Էնդրյու Թերները Horizon շաբաթաթերթին տված բացառիկ հարցազրույցում քննարկում է երկու ժողովուրդների միջև երկկողմ հարաբերությունները և բացահայտում, թե ինչպես Կանադան կօգնի Հայաստանին՝ զարգանալ որպես ժողովրդավարական հասարակություն: Նա խոսում է Արցախի հայ փախստականներին Կանադայի կառավարության խոստացված մարդասիրական աջակցության մասին, ինչպես նաև իր անսասան աջակցությունը հայտնում Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու համար։ Նա նաև կարևորում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և անցյալի հետ հաշտվելու կարևորությունը՝ առաջ շարժվելու համար։

– 2023 թվականի հոկտեմբերի 25-ը պատմական օր էր Կանադայի և Հայաստանի համար։ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի ներկայությամբ Երևանում բացվել է Կանադայի դեսպանությունը։ Սա հաջորդեց 2022 թվականի ապրիլին Եվրամիությունում և Եվրոպայում վարչապետի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի պատրաստած հատուկ զեկույցին։ Մշտական առաքելության ստեղծումը կծառայի փոխադարձ շահերին տարբեր ոլորտներում, հատկապես երկու երկրների միջև առևտրի ծավալների ավելացման հարցում։ Դուք Հայաստանի Հանրապետությունում առաջին դեսպանն եք։ Ի՞նչ է արվել երդմնակալության արարողությունից հետո՝ անցած վեց ամիսների ընթացքում, և որո՞նք են լինելու առաքելության հիմնական առաջնահերթությունները։

-Հոկտեմբերին տեղի ունեցած երդմնակալությունն իսկապես շատ նշանակալից ձեռքբերում էր: Ես նոր էի ժամանել՝ պաշտոնապես հանձնելու իմ հավատարմագրերը։ Հրաշալի էր Կանադայի ԱԳ նախարար Ջոլիի և նրա գործընկեր՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ներկայությունը, ովքեր մասնակցեցին պաշտոնական արարողությանը և դրոշի բարձրացման արարողությանը։

Դրանից հետո անցած վեց ամսվա ընթացքում մենք զգալի առաջընթաց ենք գրանցել հայ-կանադական կապերի ամրապնդման և դեսպանատան գործարկման իրական մեխանիզմի կարգավորման հարցում: Կարծում եմ, որ դեռ շատ աշխատանք կա անելու, ինչը ակնհայտ է:
Ամենակարևորն այն է, որ դեսպանությունը կա, և մենք գործում ենք: Մենք ակտիվոր աշխատանք ենք տանում. մշտապես այստեղ են կանադացի դիվանագետներ և անձնակազմ, որոնք ակտիվորեն աշխատում են տարբեր ոլորտներում՝ կապերի ամրապնդման համար։ Անձնակազմում աշխատանքի ենք հրավիրում նաև տեղացիների և հուսով ենք, որ մի քանի ամսից այստեղ չորս կանադացիներից և ինը տեղացիներից կազմված աշխատակազմ կունենանք: Գրասենյակը գործում է, սակայն շինարարական աշխատանքները դեռևս շարունակվում են, ինչը կձգվի մինչև հաջորդ տարի, բայց սկիզբը լավ է:

Երկկողմ հարաբերությունների առումով դեսպանատան բացումը շատ դրական է ընդունվել։ Հայ ժողովուրդը և կանադահայ համայնքը շատ դրական են արձագանքել՝ հաշվի առնելով դպրոցների, համայնքային կենտրոնների և եկեղեցիների հետ իմ հանդիպումները: Ես հանդիպել եմ շատ կանադացիների հետ, ովքեր աշխատում են այստեղ, և երբեմն ինձ փողոցում պատահականորեն կանգնեցնում են կանադահայերը, ովքեր ճանաչում են ինձ: Նրանք իրենց գոհունակությունն են հայտնում ՀՀ-ում Կանադայի դեսպանատան բացման կապակցությամբ։

Ժողովուրդների կապերի ամրապնդումը շատ կարևոր է։ Քաղաքական տեսանկյունից Կանադան ընդգծել է իր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Իհարկե, որքան էլ դեսպանատան բացումը դրական էր, այն տեղի ունեցավ Ադրբեջանի կողմից սեպտեմբերյան ռազմական գործողությունների միջոցով Լեռնային Ղարաբաղը վերցնելուց և 120.000 մարդու բռնի տեղահանումից մի քանի շաբաթ անց: Այսպիսի կրիտիկական պահին Հայաստանին աջակցության ազդանշան տալը հիմնական նպատակն է եղել։

Մենք դա տեսանք արտգործնախարար Ջոլիի այցի շրջանակում, որի ընթացքում նա գնաց Ջերմուկ և հնարավորություն ունեցավ ուղղակիորեն հանդիպել փախստականների հետ։ Նա հնարավորություն ունեցավ ներգրավվել դիտորդական առաքելության կազմում և տեսնել օկուպացված տարածքի որոշ կետեր և հրապարակայնորեն Կանադայից աջակցության ուղերձ փոխանցել՝ հայտնելով փախստականներին հավելյալ մարդասիրական օգնության մասին: Այդ աջակցության ուղերձները դրականորեն ընդունվեցին։
Մենք նաև փորձեցինք ամրապնդել կապերը տարբեր ոլորտներում, ներառյալ ժողովրդավարության ամրապնդումը: Շարունակում ենք աշխատել քաղաքացիական հասարակության, Ազգային ժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի և լրատվամիջոցների հետ։ Այժմ, երբ այստեղ ենք, կարող ենք մշտապես աշխատանք տանել:
Մենք նաև աշխատանքներ ենք սկսել մշակութային կապերի ամրապնդման ուղղությամբ, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակում, ինչպես նաև մեծ ջանքեր ենք գործադրել ամրապնդելու տնտեսական համագործակցությունը։ Վերջին ամսվա ընթացքում, առևտրային կապերը ընդլայնելու նպատակով, Կանադայից Հայաստան է ժամանել գործարար պատվիրակություն, որն աշխատում է Կանադա-Եվրասիա առևտրի պալատի հետ, և Կանադա-Եվրասիա Առևտրի պալատի ու Հայաստանի առևտուր և արդյունաբերություն Պալատի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Այսպիսով, ուշադրության կենտրոնում են եղել լայն ոլորտներ՝ սկսած անվտանգությունից, մարդասիրական օգնությունից և ժողովրդավարությունից՝ մինչև մշակույթ և առևտուր:

– Անցած տարի Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո Ադրբեջանը շարունակաբար սպառնացել է ռազմական գործողությունների վերսկսմամբ՝ անհիմն տարածքային պահանջներ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դեմ։ Որպես ԵԱՀԿ լիիրավ անդամ՝ Կանադան պետք է հստակ քայլեր ձեռնարկի՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար և աշխատի միջազգային հանրության այլ անդամների հետ՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով միջազգայնորեն թույլատրված անվտանգության գոտի ստեղծելու ուղղությամբ։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել Կանադայի կառավարության կողմից այս հարցում։

-Կանադան շատ հստակ է աջակցել Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Արտգործնախարարը դա դարձրեց իր այցի հիմնական առանցքը, ինչպես դուք եք նշել։ Թեև նա այստեղ էր՝ մասնակցելու դիվանագիտական ներկայուցուցչության բացման արարողությանը, նա իր բոլոր հայտարարություններում հստակ դիրքորոշում է հայտնել, ինչպես ես եմ անում իմ հրապարակային մեկնաբանություններում:
Մենք օգտագործում ենք մեր դիվանագիտական ջանքերը՝ երկկողմ քննարկումների միջոցով խրախուսելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացն ու բանակցությունները։ Մենք հենվում ենք Անկարայում մեր դեսպանատան վրա՝ ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ համագործակցելու համար, ինչպես նաև՝ օգտագործում բազմակողմ համակարգի բոլոր ուղիները՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցով: Այսպիսով, մենք շատ ակտիվ ենք եղել՝ ընդգծելով մեր ուղերձը:

Մենք նաև այլ քայլեր ենք ձեռնարկում ավելի գործնական աջակցության համար, օրինակ՝ կանադացի դիտորդների տեղակայումը որպես ԵՄ մոնիթորինգային առաքելության մաս, որը բացահայտորեն ձգտում է ավելի մեծ վստահություն ապահովել սահմանի երկայնքով: Մենք տեսնում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններում առաջընթաց կա, և մենք շատ ուրախ ենք՝ շարունակելու խրախուսել այդ գործընթացը։

– Գիտեք, ադրբեջանական կողմից հակված են մեծ քանակությամբ հակահայկական հռետորաբանություն օգտագործել իրենց քարոզչության շրջանակում, ադրբեջանական մամուլին և հանրությանը ուղղված իրենց հայտարարություններում, և դա բացահայտ է: Արդյո՞ք այս հակահայկական տրամադրությունները պնդրահարույց համարում եք: Դա այնքան էլ կառուցողական չէ՝ հաշվի առնելով, որ երկու կողմերը, հատկապես հայկական կողմը, ակտիվ են եղել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում:

-Եթե նայեք, թե ինչ է արել Հայաստանը խաղաղության համաձայնագրի և Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության վերաբերյալ առաջարկների առումով, և հայ ժողովրդին ուղերձներ փոխանցելով, որ նրանք պետք է գնան զիջումների, և տարածքները պետք է փոխանակվեն, և խաղաղ գործընթացի այլ միջոցառումների համար, կարծում եմ, շատ պարզ է, որ Հայաստանը վճռականորեն հավատարիմ է խաղաղությանը և դա հստակորեն ցույց է տվել։

Հաշվի առնելով այն, որ Հայաստանն ավելի փոքր երկիր է և ունի ավելի թույլ ռազմական դիրքեր, և տարածքային առումով ավելի հեռու է իր դաշնակիցներից՝ ի տարբերություն Թուրքիայի և Ադրբեջանի, հասկանալի է, որ Հայաստանում շատերն անհանգստացած և նյարդայնացած են։ Այս հանգամանքներում կարևոր է, որ Ադրբեջանը ընդունի այդ իրողությունները, և պետք է փորձի հնարավորինս կառուցողական լինել՝ արագընթաց գործընթացում առաջ շարժվելու համար։

Ժամանակ առ ժամանակ հնչող ավելի ագրեսիվ հայտարարությունները չեն կարող նպաստել գործընթացի զարգացմանը: Շատ հասկանալի է, թե ինչու են Հայաստանում շատերն անհանգստացած և զգայուն, հատկապես, երբ նայում եք հռետորաբանությանը, որը հնչեց Ռուսաստանի կողմից՝ Ուկրաինա ներխուժումից առաջ, ինչը ուղղակի ուժեղացրեց այդ մտավախությունները և անհանգստությունները:
Այսպիսով, մենք շատ գոհ ենք, որ երկու երկրները մասնակցում են վերոնշյալ բանակցություններին, և շոշափելի արդյունքների հասնելու հարցում առաջընթաց ենք տեսնում, ներառյալ կալանավորների ազատ արձակումը և սահմանազատման շարունակական գործընթացը: Սրանք պետք է լինեն հետագա համագործակցության հիմքում:
Եվ այսպես, երբ տեսնում ենք այդ ագրեսիվ հռետորաբանությունը, որը հետ է մղում գործընթացը, ապա կարող ենք նշել, որ դա բացարձակապես օգուտ չի բերելու: Եթե երկու կողմերն էլ ցույց տան, որ հավատարիմ են խաղաղ համագործակցությանը և փորձում են խուսափել ագրեսիվ հռետորաբանությունից, խաղաղության համաձայնագրի հաջողությունը շատ ավելի դրական ազդեցություն կկրի։

– Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանական ագրեսիան աննախադեպ հումանիտար ճգնաժամ է ստեղծել տարածաշրջանում. ավելի քան 100,000 մարդ տեղահանվել է և զրկված է հումանիտար տարրական կարիքներից: Տարածաշրջանը մարդասիրական օգնության խիստ կարիք ունի: Արդյո՞ք Կանադան պատրա՞ստ է լրացուցիչ օգնություն տրամադրել Հայաստանում ապրող Արցախից բռնի տեղահանված մարդկանց հումանիտար կարիքները հոգալու համար:

-Կանադան ամբողջությամբ հանձնառու է աջակցելու Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայ փախստականներին և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ու Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի (UNHRC) միջոցով տրամադրել ենք մոտ 4 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն:
Նախարար Ջոլին այցի ընթացքում հնարավորություն ունեցավ հանդիպել փախստականների հետ՝ լսելու նրանց պատմությունները, և ես շարունակում եմ նույնն անել: Վերջին մի քանի ամիսների ընթացքում մեզ այցելել է Կանադայի կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով դեսպան Ժակլին Օ’Նիլը, ով հանդիպել է փախստականների հետ՝ ծանոթանալու մի քանի ամիս անց առկա իրավիճակին:

Այժմ, երբ դեսպանությունը գործում է, ակտիվ գործունեությունը շարունակվում է մի շարք կազմակերպությունների միջոցով, ինչպիսին Կանադայի տեղական նախաձեռնությունների հիմնադրամն է՝ լրացուցիչ աջակցություն տրամադրելու ուղիներ գտնելու նպատակով:

Ամենակարևորը, մենք շարունակում ենք աջակցություն ցուցաբերել՝ հետևողականորեն սատարելով Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականների վերադարձի իրավունքը։ Այդ իրավունքը պետք է հարգվի, և եթե մարդիկ ցանկանում են վերադառնալ՝ մշտական հիմունքներով կամ ժամանակավորապես՝ անձնական իրեր հավաքելու կամ գույք վաճառելու նպատակով, ապա այդ որոշումը պետք է հարգվի:

Ինչ վերաբերում է խաղաղության գործընթացին, կալանավորներին և շատ այլ հարցերի, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանմանը, սրանք այն կետերն են, որոնք Կանադան հետևողականորեն բարձրացնում է ոչ միայն Հայաստանի հետ մեր քննարկումների ժամանակ՝ պարզելու, թե ինչպես կարող ենք աջակցություն ցուցաբերել, այլ նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ մեր դիվանագիտական հարաբերություններում, ինչպես նաև ավելի լայն բազմակողմ համակարգում։

– Լեռնային Ղարաբաղում հայկական քրիստոնեական վանքերը, եկեղեցիներն ու գերեզմանատները գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ 2020 թվականից: Արդյո՞ք Կանադան պարտավորվելու է պաշտպանել Արցախի բնիկ հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը:

-Կանադան բազմիցս և հետևողականորեն բարձրաձայնել է Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտության հարցը։ Մենք դա արել ենք ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցով, և մենք քննարկումներ ենք ունեցել այն մասին, թե ինչպես կարող ենք մշակութային ժառանգության պահպանման հարցում ներդրում ունենալ: Սա շատ էական է:
Ես պատիվ ունեցա այցելելու Էջմիածին` այցելելու կաթողիկոսին, և այդ հանդիպման ժամանակ ինձ ցույց տվեցին այն նմուշները, որոնք եկեղեցին դուրս է բերել Լեռնային Ղարաբաղից` պահպանելու համար, և դրանք իսկապես ուշագրավ են, ոչ միայն կրոնական և պատմական նշանակության, այլ նաև գեղարվեստական տեսանկյունից:

– Հայոց ցեղասպանության համար արդարադատություն չի իրականացվի այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայի ներկայիս կառավարությունը չի ճանաչել անցյալի իր հանցագործությունները և արդարացի հատուցում չի տվել Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին: Կանադան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. արդյո՞ք Օտտավան ավելի շատ քայլեր կձեռնարկի թուրքական կառավարությանը՝ իր անցյալի հետ հաշտվել և Հայոց ցեղասպանությունը ճանաչել հորդորելու համար:

Հայոց ցեղասպանությունը պատմական անհերքելի փաստ է։ Դրա վերաբերյալ ցանկացած լուրջ պատմական հետաքննություն ընդամենը մի քանի րոպեի հարց է: Որպես Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկիր՝ Կանադան բոլոր երկրներին խորհուրդ է տալիս հետևել օրինակին։

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը միայն օգուտ կբերի երկրին, ոչ միայն Օսմանյան կայսրության օրոք տեղի ունեցածի ըմբռնման առումով, այլ այնուհետև Թուրքիային հնարավորություն կտա առաջ շարժվել և ամրապնդել կապերը Հայաստանի հետ:

Կանադան շատ հստակ հայտնել է իր դիրքորոշումը և կշարունակի աջակցել այլ պետությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
Ես շատ ուժեղ անձնական կապվածություն ունեմ այս կարևոր խնդրին: Որպես պատմաբան, ես իմացա ո՛չ միայն Հայոց ցեղասպանության, այլ նաև ցեղասպանության պատմական ուսումնասիրությունը ճնշելու Թուրքիայի ջանքերի մասին։




Լրահոս