«Թեև գրում եմ անգլերեն և ծնունդով ամերիկացի եմ, բայց ես ինձ համարում եմ հայ գրող: Լեզուն, որով գրում եմ, անգլերենն է, միջավայրը, որ նկարագրում եմ, ամերիկյան է, իսկ ոգին, որ ինձ մղում է գրելու, հայկական է: Ուրեմն ես հայ գրող եմ և պատկանում եմ հայ գրողների ընտանիքին». Վիլյամ Սարոյան
Մայիսի 18-ը այն օրերից է, որը հայ ազգին տվել է ևս մեկ հպարտանալու պատճառ։ Այս օրը ծնվել է ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանը, ով թեպետ գրել է անգլերեն լեզվով, երբեք չի ուրացել հայերենն ու հայրենիքը։
Չնայած նրան, որ գրողի մանկությունը չի եղել այնպիսին, ինչպիսին իր հասակակիցներինն էր, փոքրիկ Սարոյանն այդ տարիքից էլ չի կոտրվել և ապրել է կյանքի պատրաստած փորձությունների հետ, սկսած 3 տարեկանից։
Երբ Սարոյանի 37-ամյա հայրը՝ Արմենակ Սարոյանը մահացավ, մայրը՝ Թագուհի Սարոյանը չկարողանալով պահել երեխաներին տեղափոխեց մանկատուն։ Հոր մահն ու մանկատունը փոքրիկ Սարոյանի առաջին ծանր փորձություններն էին։
Մանկատան ճանապարհին ես սկսեցի լաց լինել: Մայրս նախատեց ինձ` ասելով` դու արդեն տղամարդ ես, իսկ տղամարդը չի լալիս: Ես դադարեցի լաց լինել։
10 տարի ապրելով մանկատանը՝ Վիլյամը մի օր հետ վերադարձավ տուն, սակայն տուն վերադառնալը դեռ նշանակում վերադարձ անհոգ կյանք։ 13 տարեկան Վիլյամը մորն օգնելու համար սկսեց աշխատել հեռագրատանը, որը 13 ամյա տղայի համար մեծ փորձություն էր։
«Մի օր հարևան երեխաներն ինձ կանչեցին բեյսբոլ խաղալու, և ես, շատ լավ գիտակցելով, որ պետք է մնացած թերթերը վաճառեմ, չկարողացա հրաժարվել այդ առաջարկից և միացա ընկերներիս: Հանկարծ լսեցի մորս ձայնը՝ ինչո՞վ ես զբաղված: Ես խաղում էի, մայրի՛կ,- պատասխանեցի ես: Մորս մեկ հայացքը բավարար եղավ, որ վերադառնամ աշխատանքիս: Այդ օրվանից հետո հասկացա, որ ես տարբեր եմ մյուս երեխաներից»:
Վիլյամ Սարոյանը հոր մասին շատ բան չէր հիշում, իսկ մայրը՝ շատ բան չէր պատմում, սակայն 1922 թվականին մայրը Վիլյամին է հանձնում հոր թղթերի ու տետրերի մի կապոց։
14 տարեկանում Վիլյամն իմացավ հոր ով լինելը։ Հայրը բանաստեղծ էր, բանաստեղծություններ ու պոեմներ էր գրել «հին հայրենիքի» լեզվով։ Օրեր շարունակ նա կարդում էր հոր գրվածքները, հետո ուրիշ գրողների, հետո էլի ու էլի, և վերջում հասկացավ, որ չգրել չի կարող:
«Ես գրում եմ փոքր տարիքից, թեպետ այն ժամանակ ոչ մեկին չէի խոստովանում, որ ուզում եմ գրող դառնալ։ Մերոնք` բիթլիսցիները, հատկապես նրանք, ովքեր հիմնավորվել էին Ամերիկայում, գրողներին լուրջ չէին վերաբերվում։ Նրանց համար կարևորն այն էրկարո՞ղ ես փող աշխատել, թե՞ ոչ։ Իմ հորեղբայր Արամն ասում էր.«Դու այդ հիմարությունը թո՛ղ»։ Բայց ես չէի լսում…»:
Հայրենիքն ու Հայաստանը չուրանալու, չդավաճանելու և անսահման սիրելու ապացույցներից մեկն էլ այն է, որ Վիլյամ Սարոյանը Սևանի ափին գտնելով լճի ալիքներից հղկված ծանր քար, ցանկացել է այդ քարը տեղափոխել Ամերիկա և խնդրել է, որ տեղավորեն մեքենայի մեջ։
«-Ամերիկա, Ֆրեզնո պիտի տանիմ,- ասում է գրողը: -Այդ հսկայական քարն ինչպե՞ս եք տանելու… -Ինքնաթիռով պիտի տանիմ… -Ինչու՞ համար… -Ով որ Հայաստանի դեմ վատ խոսի, անոր գլխուն պիտի զարկեմ քարը»,- պատասխանում է Սարոյանը:
«Օտարության մեջ ապրող հայերի մեջ մեծ է Հայրենիքի հանդեպ կարոտը։ Բայց դա հիվանդություն չէ։ Դա ուժ է։ Եվ այն օգնում է ճանաչել ինքդ քեզ։ Ես՝ Ուիլյամ Սարոյանս, Արմենակ և Թագուհի Սարոյանների չորրորդ երեխան եմ, և իմ արժեքն այն է, որ ես հայ եմ, գրող։ Ես չեմ կարող ինքս իմ մասին այլ կերպ մտածել։ Ես չեմ կարող ինքս ինձ դավաճանել։ Եթե դավաճանեմ, չեմ կարողանա գրել, և այն ամենը, ինչ կգրեմ, կլինի կեղծ։ Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու առաջին իսկ վաստակածս գումարով եկա Հայաստան»։
Գրողը մեծ սեր է ունեցել դեպի դրամատուրգիա։ Սարոյանը բնակվել է Չարլի Չապլինի հարևանությամբ և եղել են մտերիմ ընկերներ։ Սարոյանը շատ է պատմել իր ժողովրդի, երկրի մասին Չապլինին, ով էլ իր հերթին ցանկություն է հայտնել գալ ու անձամբ ծանոթանալ հինավուրց երկրի հետ, սակայն այդպես էլ չի հաջողվել։
1942 թվականին Սարոյանը հիմնում է իր սեփական թատրոնը, որը, սակայն, երկար չի գոյատևում:
Սարոյանն ամուսնացել է 2 անգամ և 2 անգամն էլ նույն կնոջ՝ Քերոլ Մարքուսի հետ։
Երբ Սարոյանին հարցրել են, թե ինչո՞ւ է ամուսնացել նույն կնոջ հոտ, Սարոյանը պատասխանել է.
«Ինչո՞ւ պետք է նոր կին առնեի, նորի հետ ստիպված ես ծանոթանալ, ես էլ ամուսնացա առաջին կնոջս հետ, ում արդեն գիտեի»։
Իսկ երբ հարցրել են, թե ինչու երկրորդ անգամ բաժանվեց նույն կնոջից, ասել է.
«Որովհետև ես երկրորդ անգամ նույն սխալը գործեցի»։
Հատկանշական է, որ Սարոյանի կինը փոքր է եղել նրանից 16 տարով, սակայն դա չի խոչընդոտել, որ Սարոյանը կնոջը սիրի և նրանից 2 երեխա ունենա՝ 1 տղա՝ Արամը և մեկ աղջիկ՝ Լյուսին։
Սակայն Սարոյանը բաժանվել է կնոջից այն պատճառով, որ կինը մի գիշեր խոստովանել է, որ հրեուհի է։ Սարոյանը մեծ հակակրանք ուներ հրեաների նկատմամբ, քանի որ դեռ 12 տարեկանում մի խանութի ցուցափեղկին տեսել է, որ մեծ տառերով գրված է եղել «Զեղչ» և մոտենալով նկատել է, որ ավելի փոքր տառերով գրված է եղել՝ «Հայերի մուտքն արգելվում է»։
Անդրադառնալով Վիլյամ Սարոյանի ստեղծագործություններին պետք է նշել, որ մինչ օրս պահանջված և սիրված են գրողի ստեղծագործությունները։ Առավել հայտնի են գրողի «Իմ անունը Արամ է», «Իմ սիրտը լեռներում է», «Մարդկային կատակերգություն», «Մայրիկ, ես սիրում եմ քեզ», «Հայրիկ, դու խենթ ես» ստեղծագործությունները։
20-րդ դարի ամերիկյան ամենահեղինակավոր գրողներից մեկն էր Սարոյանը, ում մասին բրիտանացի գրող, քննադատ, դերասան Ստեֆըն Ֆրայը ասել է.
«Նա դարի ամենաթերագնահատված գրողներից է։ Նրա տեղն իրավամբ Հեմինգուեյի, Ստեյնբեկի և Ֆոլկների կողքին է»։