Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ մայիսի 16-ին Փարիզի 9-րդ թաղամասի Նավարեն 22 փողոցում բացվեց հուշատախտակ՝ նվիրված աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի հիշատակին։ 1939-1956թթ․ ընթացքում Փարիզի Մոնմարտր պատմական այս թաղամասում է Շառլ Ազնավուրն անցկացրել իր մանկությունը։
Արարողության ընթացքում ելույթներով հանդես եկան Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետ Դելֆին Բյուրկլին, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ֆրանսիայի Մարտիկների և պատերազմի զոհերի ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Մարի-Քրիստին Վերդիե-Ժուկլասը։
Արարողությանը ներկա էին նաև Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Սիլվեն Մայարը, Փարիզի քաղաքային խորհրդի անդամ, Հիշատակի և վետերանների հարցերով պատվիրակ Ալեքսի Գովցյանը, Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդ պատվելի Ժոել Միքայելյանը, մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ ֆրանսիացիներ և ֆրանսահայեր։
Իր ելույթում դեսպան Տոլմաջյանը երախտագիտություն հայտնեց հայազգի աշխարհահռչակ արտիստի հիշատակի հավերժացմանն ուղղված նախաձեռնության համար, որը նաև խորհրդանշական տուրք է հայ-ֆրանսիական հազարամյա բարեկամությանը: Դեսպանը կարևորեց Մեծ Հայի և միաժամանակ Մեծ Ֆրանսիացու անգնահատելի ավանդը իր երկու Հայրենիքները՝ Հայաստանը և Ֆրանսիան շաղկապելու գործում։ Ընդգծեց նրա կարևոր դերակատարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Դեսպանը նշեց նաև անկախությունից ի վեր Հայաստանի ազգային հերոսի կոչմանն արժանացած Շառլ Ազնավուրի մշտական և անվերապահ ներկայությունը Հայաստանի Հանրապետության կողքին, կարևոր դերակատարությունն ու մասնակցությունը՝ ի նպաստ Հայաստանի միջազգային բոլոր նախաձեռնություններին։
Դեսպանը հիշեցրեց նաև, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Նավարեն 22 հասցեում գտնվող իրենց բնակարանում է Ազնավուրյանների ընտանիքը պատսպարել Դիմադրության շարժման հայազգի հերոսներ Միսաք և Մելինե Մանուշյաններին՝ ընդգծելով, որ հայազգի երկու ականավոր գործիչների՝ Միսաք Մանուշյանի և Շառլ Ազնավուրի մտերմությունը սկիզբ է առել հենց այդ հասցեում։
Երգչի հիշատակը ոգեկոչող միջոցառմանը ներկա էին նաև Փարիզի Կոնդորսե, Վիկտուար և Ռոկ դպրոցների բազմաթիվ սաներ։ Նրանք ներկայացրեցին Շառլ Ազնավուրի ջերմ հիշողությունները՝ Նավարեն փողոցում անցկացրած տարիներից, կատարեցին երգչի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված «Նրանք ընկան», ինչպես նաև «Լա բոհեմ» ստեղծագործությունները։