ԱԺ «Հայաստան» խմբակցության անկուսակցական պատգամավոր Գեղամ Նազարյանը, ով մայիսի 17-ին Կիրանցում տհաճ միջադեպի կիզակետում էր, այժմ թիրախավորվում է ոչ միայն լրագրողին վիրավորելու համար, այլեւ իշխանական թեզեր առաջ տանելու համար: Անգամ համացանցում մտահոգություններ են հնչում, թե Նազարյանը գուցե չմիանա անգամ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու նախագծին:
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Գեղամ Նազարյանի հետ՝ պարզելու համար այս լարված իրավիճակում, երբ մայրաքաղաքում Բագրատ Սրբազանը ջանում է թիմը տանել դեպի իշխանափոխություն, իսկ Կիրանցում թեժ եւ լարված իրավիճակ է, Նազարյանը կմասնակցի՞ Սրբազանի առաջարկած իմպիչմենտին, թե՞ կխուսափի անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին։
«Ինչ վերաբերում է այն ստոր լուրերին, թե ես, իբր, հնարավոր իմպիչմենտի դեպքում դեմ եմ արտահայտվելու կամ ձեռնպահ եմ մնալու, ապա կարճ եւ հստակ ասեմ` ես կողմ եմ արտահայտվելու։
Եվ ցավում եմ բոլոր նրանց համար, ովքեր իմանալով, որ իմ եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ շատ վաղուց անձնական եւ ոչ անձնական որեւէ հարաբերություն չկա, դիտավորյալ լուրեր են տարածում, թե մենք մտերմիկ հարաբերություններ ունենք։
Գուցե շատ ժամանակ անց այս եւ այլ միջադեպերի, ասեկոսեների, իմ դեմ արդեն երկար՝ ամիսներ շարունակվող ուղղորդվող արշավի մասին մանրամասն անդրադառնամ, բայց հաստատ՝ ոչ հիմա։ Միայն մի խնդրանք. այս ամենի մեջ մի՛ ներքաշեք հերոս տղերքի ծնողներին։ Դուք անարգանքի սյունին գամում եք՝ գամեք. հանգիստ թողե՛ք իմ բախտակիցներին։ Առայժմ՝ այսքանը». – ասել է Նազարյանը։
Նա իր խոսքում նաեւ երկու անգամ նշել է, որ ցավում է լրագրողի եւ լրատվամիջոցի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի համար:
Ստացվում է, որ իմպիչմենտը խորհրդարան մտցնելու համար անհրաժեշտ ստորագրությունները կան. սպասենք նախագծի վերջնական տարբերակի պատրաստ լինելուն եւ վարչապետի թեկնածուի հայտարարմանը։ Այ դրանից հետո ՔՊ-ից եւս 18 հոգու քվեի կարիք կլինի, որ Փաշինյանը ստիպված լինի հեռանալ կառավարական կաբինետից:
Ռուս սահմանապահներն ամբողջությամբ դուրս չեն բերվի ՀՀ տարածքից. նրանք կշարունակեն իրենց գործառույթներն իրականացնել հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանին: Այսպիսով՝ մայիսի 8-ին՝ Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո, երբ ՔՊ-ականները հպարտորեն հայտարարում էին, որ սահմանապահները դուրս կգան ՀՀ մի շարք մարզերից՝ սա ներկայացնելով իբրեւ մեծ ձեռքբերում, էլի խաբում էին: «Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ եւ զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը եւ դուրս կգան այդ կետերից». – հանդիպումից հետո շտապել էր «ավետել» «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ ՔՊ-ականներն այնպիսի մեծ ոգեւորություն եւ աղմուկ էին բարձրացրել, որ տպավորություն էր ստեղծվել, թե հաջողվել է ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինի հայտնված ադրբեջանական զորքերին հետ շպրտել մեր հողից: Պարզվում է, սակայն, սա իշխանականների հերթական ականջահաճո եւ ուռճացված հայտարարությունն է: Ռուս սահմանապահները, թեեւ մի քանի շրջաններից դուրս են բերվելու, բայց նրանք շարունակելու են մնալ Թուրքիայի եւ Իրանի հետ (Մեղրի) Հայաստանի սահմանին: Սա հաստատել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը՝ հայտարարելով, որ. «Կրկին հայկական կողմի խնդրանքով՝ մեր սահմանապահները կմնան հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանին։ Նրանք կմնան այնտեղ եւ կշարունակեն կատարել իրենց գործառույթները»: ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հ1-ի եթերում եւս հաստատել է, որ ռուս սահմանապահներն ամբողջությամբ դուրս չեն բերվելու ՀՀ տարածքից, ինչպես ՔՊ-ականներն են դա ներկայացնում. ««Զվարթնոց» օդանավակայան, 17 կետեր, Սիսիանի եւ Գորիսի բազաներ. այդտեղ բանավոր պայմանավորվածություններ են, եւ խնդրել ենք՝ այդտեղից ռուս սահմանապահները դուրս գան. ինչ վերաբերում է Հայաստան-Իրան եւ Հայաստան-Թուրքիա սահմանին, դրանք պայմանագրային են, մենք դա այս պահին չենք քննարկում». – ասել էր Գրիգորյանը: Ստացվում է՝ ՔՊ-ն գնում է ԵՄ՝ ռուսական զորքերով: Աբսուրդ:
«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է իր հետաքննությունը, թե ինչպես են երեք տարի առաջ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած ԶՈՒ պաշտոնյաները, նոր ընդդիմադիր բողոքի գործողությունների ֆոնին, այսօր նոր պաշտոն ստանում: ArmLur.am-ը գրել էր, որ մայիսի 15-ին, երբ Ազատության հրապարակում թեժ էր, ՊՆ-ում կադրային փոփոխությունների ալիք էր սկսվել: Միգուցե այդ ճանապարհով ՊՆ-ն ցանկանում էր համակարգում հնարավոր ընդվզումները կանխելու համար նոր պաշտոններով «կաշառել» գնդապետներին: Սակայն, այս նշանակումների մեջ ամենաուշագրավն այն է, որ նոր պաշտոնի նշանակվածներից ոմանք դեռեւս 3 տարի առաջ պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Բանն այն է, որ 44-օրյա պատերազմից մեկ տարի հետո՝ 2021 թվականի փետրվարի 25-ին, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը պահանջում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ու այդ հրաժարականին միացել էին ՊՆ մի շարք գնդապետներ, գերերալներ ու վարչության պետեր: Եվ ահա, նրանցից մեկը ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության համալրման վարչության պետ-ԳՎՊ տեղակալ, գնդապետ Հրաչ Լյուդվիկի Ստեփանյանն էր, որը նախօրեին նշանակվեց ՊՆ կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետ՝ ազատվելով ՀՀ ՊՆ կադրային եւ ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետի պաշտոնից:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի մտերիմները իրավապահներին բանավոր կերպով դիմել են՝ հորդորելով ցույց տալ իրենց տարածքի պայթյունի գործով ենթադրյալ հանցագործի լուսանկարը, որպեսզի հասկանան, թե ով է նա, սակայն իրավապահները մերժել են՝ նշելով, թե խիստ քննություն է, ուստի պաշտոնապես պետք է դիմեն, որից հետո կքննարկեն ու կորոշեն՝ կարող են ցույց տալ գործով ենթադրյալ մեղադրյալին, որն իրենց խանութի տարածքում պայթուցիկ է տեղադրել:
Հիշեցնենք, որ գրեթե 2 տարի անց ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի տարածքում պայթյուն իրականացրած ենթադրյալ հանցագործին բացահայտել են, բայց գտնվելու վայրը չգիտեն ու հետախուզում են հայտարարել եւ մինչ օրս փնտրում են։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է, թե ով է հետախուզվողը. նա Երեւան քաղաքի բնակիչ Գարեգին Վ.-ն է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրա անունը տվել են ՔՊ գրասենյակի, ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տանը պայթուցիկների գործով կալանավորվածները: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույզում ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի հայրը՝ Զարեհ Սարգսյանը, մեզ ամիսներ առաջ հայտնել էր, որ իրեն կամ որդիներին չեն հրավիրել հարցաքննության։ Ըստ նրա՝ հետախուզվողին չեն ճանաչում, անգամ անվան ու ազգանվան առաջին տառն էլ իրենց ոչինչ չի ասում։
Նշենք, որ քննչական կոմիտեն հայտնել էր, որ քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ Երեւան քաղաքի Նոյ թաղամասի 143/1 տան բակում պայթյունի իրականացմանը, ինչպես նաեւ Երեւան քաղաքի Գ. Գյուլբենկյան փողոցի 33-րդ շենքի եւ Գյուլբենկյան 30/3 հասցեում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի մոտ պայթուցիկ սարքերի տեղադրման կազմակերպմանը, բացի վարույթով մեղադրյալ Գ. Ս.-ից եւ ինքնությունները դեռեւս չբացահայտված անձանցից, մասնակցել է նաեւ 42-ամյա Գ. Վ.-ն:
Բացի դրանից՝ տվյալներ են ստացվել նաեւ այն մասին, որ վերջինս, հանրային իշխանության ներկայացուցիչ եւ հանրային ծառայող, ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հայկ Սարգսյանին եւ ՀՀ վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանին, իրենց համար անընդունելի քաղաքականություն վարելուց եւ քաղաքական դիրքորոշումներ պահպանելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու դիտավորությամբ, քննությամբ չպարզված անձանց հետ, կազմակերպել է Հայկ եւ Նաիրի Սարգսյանների հորը՝ Զ. Սարգսյանին պատկանող, Երեւան քաղաքի Ն. Զարյան փողոցում գործող ավտոմեքենաների յուղման կետի մոտ տեղի ունեցած պայթյունը:
Փաստ է մեկ բան, որ 2 տարի անց իմացան, թե ով է իրականացրել պայթյունը, բայց գործը այս պահին «օդից կախված է». ենթադրյալ հանցագործը իր գործողությունն արել է 2 տարի առաջ ու անհետացել։ Նկատենք, որ այս պայթյունների գործը քննում են ՀՀ քննչական կոմիտեի ԱԱԾ քննիչները: