«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի հետ՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին։
-Արդեն տեւական ժամանակ է, ինչ սրբազան հայրը մայրաքաղաքում է, եւ իրականացնում են քայլերթեր, խաղաղ անհնազանդության ակցիաներ, ի՞նչ կարծիք ունեք այս մասին, մասնակցո՞ւմ եք։
-Այո, մասնակցում եմ, չնայած ունեմ «ՎԵՐԱ» ֆիլմի հաստատված ժամանակացույց, որը անընդհատ վերաձեւում ենք՝ շարժմանը ֆիզիկապես մասնակցելու համար, ինչից տուժում են բազմաթիվ մարդիկ, բայց թիմը միակամ է. առայժմ չեն ըմբոստանում դրա դեմ։
Ես կուզեի ավելի ակտիվ ներգրավված լինել, բայց այն, ինչը մենք անում ենք «ՎԵՐԱ» ֆիլմով, վստահաբար, պակաս կարեւոր չէ մեր հայրենիքի համար, Արցախի, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների, իրենց պապերի, ապուպապերի, մի ամբողջ հավերժություն իրենց պատկանող հողի վրա ապրելու իրավունքի վերականգնման համար։ Ի դեպ, մինչ այս պահը, մենք Հայաստանում «ՎԵՐԱ» ֆիլմը պատրաստում էինք միանգամայն միայնակ, առանց աջակցության, ինչը չափազանց բարդ բան է կինոարտադրության մեջ, գրեթե անհնար։ Սա փոքր դրվագ է, աննշան մի խազ երկրում տիրող կառավարման քաոսի մեջ, բայց այն, որ մենք, այսպիսի բացառիկ կինոմատոգրաֆիական ազդեցիկ պատմություն կերտելով, նման հզոր զենք ստեղծելու ճանապահին չունենք աջակցություն սեփական երկրում, դա մեր երկրի չկայացվածության, ապաշնորհ կառավարման մասին է, այնպես որ, մեր թիմն ու ես Բագրատ Սրբազանի կողքին ենք՝ պայքարի առաջին օրից. մենք նույն բանի համար ենք պայքարում։
-Սրբազանի շարժմանը միացել են արվեստի շատ ներկայացուցիչներ, մտավորականներ եւ այլք։ Ինչքանո՞վ է կարեւոր մտավորականության եւ արվեստի ներկայացուցիչների ներգրավվածությունը այս շարժմանը։
-Մշակութային գործիչ բառի բովանդակությունը շատ խրթին է, ես կխոսեմ ավելի հստակ խմբի՝ արվեստ արարողների, արվեստագետների մասին։ Ցանկացած երկրի պատմության մեջ լինում են բարդ շրջափուլեր, երբ արվեստագետը, ստեղծագործելուց զատ, պետք է նույն տաղանդով, նույնքան շնորհալի ձեւավորի եւ արտահայտի քաղաքացիական կամ քաղաքական բովանդակություն։ Դրա համար նա արժանանալու է հալածանքի, որովհետեւ իշխանություն ունեցողները եւ ընդհանրապես հասարակության պահպանողական շերտերը միշտ սարսափում են անկեղծ, ուղիղ, շնորհալի խոսքից։ Իմ ընկեր, կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը ճշմարտությունը բարձրաձայնելու համար վճարեց կյանքով։ Իմ ֆիլմերը վեց երկար ու ձիգ տարիներ զրկված են պետական ֆինանսավորումից։ Բայց միեւնույնն է, կան պահեր, երբ արվեստագետը պետք է հաղթահարի վախն ու ասի ճշմարտությունը։ Ճշմարտությունն այն է, որ մեր հայրենիքը կառավարում են մարդիկ, որոնց մտավոր, բարոյական, մասնագիտական որակները հակասում են իրենց ստանձնած առաքելությանը՝ հայրենիքը կառավարելուն։ Նրանք ապականում են մեր հայրենիքը՝ ներքաշելով մեզ ստի, ատելության, բանսարկությունների, մանիպուլյացիաների սարդոստայնի մեջ, ու մենք տեսնում ենք, որ քաղաքական համակարգը ի զորու չէ կանգնեցնելու իշխանության գլխին կանգնած խմբակին։
Ընդդիմությունը ամբողջ 4 տարի, հասարակության լայն աջակցության պայմաններում անգամ, ի զորու չեղավ ստանձնել իշխող ուժին իշխանազրկելու պատասխանատվություն։ Քաղաքական ուժերի զինանոցը, այդ թվում՝ ֆինանսական, մտավոր, մասնագիտական ռեսուրսները, բավարար չեն իշխանության գլխին կանգնած մեկ մարդուն իշխանությունից հեռացնելու համար։ Գոյաբանական վտանգի դիմաց հայտնված ազգը ստիպված է մոբիլիզացնել իր բոլոր առողջ ռեսուրսները՝ զարգացման բնականոն ընթացքին վերադառնալու համար. ու սա է պատճառը, որ հայ ազգի երկու ամենահզոր ռեսուրսները՝ Հայ Առաքելական Եկեղեցին, իր ինստիտուցիոնալ փորձառությամբ, կազմակերպչական ցանցով եւ հայ ազգային էլիտան՝ արվեստ, գիտություն արարող մարդիկ, լայն իմաստով՝ մտավորականությունը, որոշել են նեցուկ լինել, իսկ գուցե նաեւ ուղղորդել քաղաքական ուժերին՝ մեր հայրենիքը կորուստների անվերջանալի շրջանից դուրս հանելու համար։
-Ըստ Ձեզ՝ կհաջողվի՞ Բագրատ Սրբազանին՝ հասնելու նպատակին։
-Բագրատ Սրբազանը շատ ազդեցիկ քարոզիչ է, լայնախոհ հոգեւորական։ Իմ տպավորությամբ, նա խորապես գիտակցում է վտանգը եւ հասկանում է, որ հաջողության բանալին մեկն է՝ միասնականությունը։ Ցավոք, այդ բանալին մեր հակառակորդի ձեռքում է ու նա կիրառում է իր բոլոր գործիքները՝ մեզ պառակտելու համար։ Մինչ այս պահը Բագրատ Սրբազանը կարողանում է սանձել պառակտման հողմերը ու ցանում է միասնականության սերմեր. այդ սերմերը եթե ծիլեր դառնան, մենք կարող ենք փրկվել։ Միասնականություն, հավատ՝ սեփական ուժերի հանդեպ, համբերություն եւ ճնշում. ու խավարը կնահանջի։
Զրուցեց ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԸ
ԹԱՓԱՌՈՂ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՐՑԸ՝ ՉԼՈՒԾՎԱԾ
16.09.2019թ.ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Երեւանում ստեղծվել է թափառող կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ը.
Սրանով դադարեցվել է շների սպանդի անթույլատրելի պրակտիկան: Թափառող կենդանիները համարակալվում են, ստերջացվում են, նրանց մի մասը հանձնվում է խնամքի։ ՀՈԱԿ-ի համար կառուցվում է կայան, որն ապահովված կլինի ժամանակակից հարմարություններով»:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Երեւանում եւ ընդհանրապես՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում թափառող կենդանիների խնդիրն այժմ շատ ավելի սրված է, քան նախկինում։ Բազմաթիվ են թափառող շների կողմից մարդկանց վրա հարձակման վերաբերյալ քաղաքացիների ահազանգերը։
Դեպքերի քանակական պատկերը հետեւյալն է՝
a2022թ. – 133 դեպք
a2023թ. – 134 դեպք
a2024թ. հունվարին՝ 5 դեպք։
Խոսքը ոստիկանություն ահազանգերի մասին է։ Իսկ գերակշիռ դեպքում քաղաքացիները չեն դիմում ոստիկանություն կամ հիվանդանոցներ, այլ տնային պայմաններում են կազմակերպում բուժումը։ Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անգամ կրկնակի կծելու դեպքերի մասին էր ահազանգել։
Մարզերում չկան կենդանիների վերահսկման եւ վնասազերծման մասնագիտացված կենտրոններ, անգամ բյուջեում գումար չի առանձնացվում։
ՍՐԲԱԶԱՆԸ ԳՆԱՑԵԼ Է ԿԻՐԱՆՑ
Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանին երեկ հաջողվել է հասնել Կիրանց։ Այս մասին փոխանցել է ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նշենք, որ մեծաթիվ ոստիկանական ուժեր փակել էին Կիրանց տանող ճանապարհը։ Նրանք մի քանի շարքով պատ էին կազմել եւ արգելում էին պատգամավորներին առաջանալ գյուղ։
ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՄԱՍԻՆ
«Միակողմանի զիջումները, որոնք արվել են ադրբեջանական կողմին, արդեն իսկ այսօր իրենց արտացոլումն են գտնում Կիրանց գյուղի տարբեր հատվածներում տեղադրված սյուներով։ Արդեն իսկ առաջին սյուներն են տեղադրվել Կիրանց գյուղում՝ գյուղը բաժանելով երկու մասի՝ ադրբեջանական եւ հայկական». – Տավուշի մարզում երեկ հայտարարել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Դանիելյանը հավելեց. «Առանց որեւէ երաշխիքի, առանց միջազգային ստանդարտի, միջազգային նորմերի կիրառման միակողմանի զիջումներ են իրականացվել։ Չկա աշխարհում մի պրակտիկա, որ գյուղը բաժանելով երկու մասի՝ իրականացվի նման գործընթաց։ Ամբողջությամբ ապօրինի է, եւ այս իշխանությունները հուլիս ամսին ԱԺ-ում պետք է հաստատեն սահմանազատման եւ սահմանագծման նորմը։ Այսինքն՝ առանց նորմերը հաստատելու, առանց որեւիցե բանի զիջվում են կենսական նշանակություն ունեցող տարածքներ, առաջնագիծ, գերիշխող դիրքեր, Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, սրբավայրեր, եկեղեցիներ։ Սահմանն անցնելու է Կիրանց գյուղի կենտրոնում գտնվող դպրոցի հարեւանությամբ։ Ինչպե՞ս պետք է հայ մարդն անվտանգ լինի»։ Նա հայտարարեց, որ սա հիմք է դնում ՀՀ զինված ուժերի կազմաքանդման։ «Այսպես կոչված սահմանապահ զորքեր տեղակայելով՝ ՀՀ զինված ուժերը լուծարվելու են։ Դա Իլհամ Ալիեւի պահանջն է, ասում են՝ եթե չկատարենք, պատերազմ է լինելու». – նշել է նա։
Գառնիկ Դանիելյանը հիշեցրեց, որ 1990-ական թվականներին ՀՀ անվտանգությունն ապահոված հերոսներն Ադրբեջանի ցուցակներով հանցագործ են։ «Պիտի պահանջեն ՀՀ իշխանություններից, ասեն՝ քանի որ դուք այստեղ մեր ներկայացուցիչներն եք, այս մարդկանց հանձնեք, ինչպես որ Արցախի մեր ռազմաքաղաքական ղեկավարությանը հանձնեցին. հիմա էլ Բաղանիսում ցուցակները հրապարակվել են, նախնական ցուցակներ են, ասելու են՝ որ այս մարդկանց չհանձնենք, պատերազմ է լինելու, ժողովուրդ ջան».- ասել է նա։