Սերժ Սարգսյանն անդրադարձել է Ալիևի հայտարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի ելույթը Հաագայում միջուկային անվտանգության գագաթնաժողովում`

«Մեծարգո՛ պարոն վարչապետ,
Գագաթնաժողովի հարգարժա՛ն մասնակիցներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ես էլ եմ միանում Նիդերլանդների հասցեին հնչեցված շնորհակալական խոսքերին՝ գագաթնաժողովը փայլուն կազմակերպելու և անցկացնելու համար:

Հայաստանն ակտիվորեն ներգրավված է միջուկային անվտանգության խնդիրների լուծման միջազգային գործընթացներում: Սեուլի գագաթնաժողովից հետո Հայաստանը քայլեր է իրականացրել համաձայնեցված նպատակների ուղղությամբ: 2013թ. մայիսին Հայաստանը վավերացրել է «Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության կոնվենցիայի» 2005թ. լրացումը և «Աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգության մասին» համատեղ կոնվենցիան: Երկու փաստաթղթերի վավերագրերն էլ հանձնվել են ի պահ ԱԷՄԳ-ին: Ամրապնդել ենք միջուկային նյութի հաշվառման և վերահսկման իրավական գործիքները՝ լրացումներ կատարելով «Խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում:

Միջուկային ահաբեկչության վտանգի չեզոքացման ուղղությամբ 2013թ. հունվարին ԱՄՆ աջակցությամբ Հայաստանում հիմնադրվել է Միջուկային և ռադիոլոգիական նյութերի տեխնիկական և փորձաքննական լաբորատորիա: Այն զգալիորեն նպաստել է միջուկային մաքսանենգության անդրազգային սպառնալիքին արձագանքելու Հայաստանի կարողությունների բարելավմանը:

Կանխարգելման հարցերում առանցքային եմ համարում տարածաշրջանային համագործակցությունը: 2012թ. հունիսին հարևան Վրաստանի հետ մենք անցկացրեցինք զանգվածային ոչնչացման զենքերի տարածման դեմ պայքարի համատեղ միջսահմանային վարժանք:

Հայաստանը նախաձեռնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1540 բանաձևի իրականացման ազգային ծրագրի մշակում` ներգրավելով ԵԱՀԿ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1540 կոմիտեի և Եվրոպական միության փորձագետներին:

Հարգարժա՛ն պարոն նախագահող,

Այսօրվա նիստում Ադրբեջանի Նախագահը հարց բարձրացրեց Հայաստանի Մեծամորի ատոմակայանի անվտանգության վերաբերյալ: Ցանկանում եմ նշել, որ մենք սերտորեն համագործակցում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ հայկական ատոմակայանի անվտանգության ապահովման հարցում՝ հետևողականորեն կատարելով գործակալության թիվ 640 տեխնիկական փաստաթղթով սահմանված պահանջները: Այդ մասին են վկայում ԱԷՄԳ-ի կողմից անցկացրած ՕՍԱՐՏ առաքելության արդյունքները: Ինչ վերաբերում է հնչեցված բամբասանքներին, որ իբր մենք խնդիրներ ենք ունեցել ռադիոակտիվ թափոնների հետ կապված, ապա այդպիսի սուտն առաջին հերթին անվստահության դրսևորում է միջազգային կառույցների նկատմամբ, որովհետև մենք մեր բոլոր ծրագրերը համակարգում ենք Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության հետ:

Շնորհակալություն ուշադրության համար»:




Լրահոս