«ՇՈՒՌՆՈՒԽԻ ՕՐՆ Է ԸՆԿՆԵԼՈՒ». Գ. ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես հայտնիության հետ կապված խնդիր չունեմ, ես որ հայտնի եմ եղել, չգիտեմ՝ ինքը որտեղ է եղել»։

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ արձագանքելով ՔՊ-ական Արփի Դավոյանի այն գնահատականին, թե. «Գառնիկ Դանիելյանը, մինչ այս շարժումը, հայտնի չի եղել»։
«Ես 20 տարեկանից Անդրկովկասում ամենամեծ գյուղատնտեսական հիմնարկի տնօրենն եմ եղել, ինքը որտե՞ղ է եղել, կարծեմ՝ ինչ-որ կենդանիներ էր պահում, ղուշ էր պահում։ Ամեն դեպքում՝ ես էլ եմ կենդանիներ սիրում», – նշել է նա։
ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի հայտարարության մասին, թե Բագրատ Սրբազանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ իր շարժման միջոցով չի կարող որեւէ փորձ լինել նախկին ռեժիմների վերադարձի՝ Գառնիկ Դանիելյանն ասել է. «Ինձ թվում է՝ իր մասին է եղել խոսքը, բոլոր ռեժիմների հետ այդ մարդը համագործակցել է, աշխատել է, սիրել է այդ բոլոր ռեժիմների առաջնորդներին՝ մինչեւ մի քանի շաբաթ առաջ։ Էդմո՛ն ջան, պետք չէ՝ նման բաներ ասես, Դուք նախկին եք, նախկինի նախկին էլ եք։ Մենք ամեն ինչ թողնում ենք մի կողմ, այդ բզբզելն ի՞նչ իմաստ ունի, ջուր եք լցնում Նիկոլի ջրաղացին: Բայց բոլորի հետ համագործակցելն այդքան վատ չէ, ինչքան՝ այս ռեժիմի հետ»:
Պատգամավորը կատակեց՝ 2018-ից առաջ ով պետական ոլորտում աշխատել է, համարվում է «նախկին», հիմա ի՞նչ անենք, 2018-ից հետո ծնվածների հե՞տ գործ ունենանք։
«Շուռնուխի օրն է ընկնելու», – նշել է Գառնիկ Դանիելյանը:
Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հայտարարությանը՝ առ այն, որ 2026 թվականին կայանալիք ընտրություններում ՔՊ-ն ընտրություններում շռնդալից հաղթանակ է տանելու, պատգամավորը մատնանշել է. «Գիտե՝ք ոնց են հաղթելու. Շուռնուխում էլ հաղթանակ տարան: Սահմանապահ զորքերն այդտեղ էին գրանցված ու իրենց ձայն տվեցին: Գյուղը դատարկելով՝ մտածում են, որ հաջորդ ընտրություններին սահմանապահներին ուղղորդելով՝ հաղթանակ կտանեն ու ամբողջ աշխարհին ցույց կտան»:
Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, Տավուշի Թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը եւ քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը առաջնորդում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը մայիսի 4-ից քայլարշավով շարժվեց դեպի Երեւան:
Այս պահին շարժման առաջնորդները ակտիվ հանդիպումներ են ունենում տարբեր քաղաքական կուսակցությունների, ՀԿ-ների, տնտեսագետների, իրավաբանների, կրթության ոլորտի մասնագետների հետ՝ նախագծելու առաջիկայում իրականացվելիք գործողությունները:
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որ դեռեւս ապրիլից Կիրանցում եւ Ոսկեպարում է եղել, Տավուշից է:
Մայիսի 26-ին շարժումը հանրահավաք է նախատեսել Հանրապետության հրապարակում:
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Երեկ աշխատանքային հանդիպում եմ ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի (Franck Papazian) գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին Ֆրանսիայի խորհրդարանի գործող ու նախկին պատգամավորներ, Ֆրանսիայի հայ համայնքի ակտիվ անդամներ։
Այս մասին գրառում է կատարել նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Հանդիպման սկզբում ընդգծել եմ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի, Մուրադ Փափազյանի, CDCA-ի, ինչպես նաեւ Ֆրանսիայի հայ համայնքի մյուս կառույցների ու անդամների կարեւոր դերը հատկապես 44-օրյա պատերազմից հետո ու դրանից հետո Հայաստանի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական հանցանքները բացահայտելու, աշխարհին ու Ֆրանսիայի իշխանություններին ներկայացնելու հարցում։
Այնուհետեւ, հանդիպման ընթացքում ներկայացրել եմ Հայաստանի Սյունիքի, Գեղարքունիքի եւ Վայոց ձորի, Տավուշի մարզերում փաստահավաք աշխանքների արդյունքները՝ կապված, այսպես կոչված, սահմանազատման, դրա հետեւանքով սահմանային բնակիչների իրավունքների խախտումների ու անվտանգության խաթարման հետ։
Ադրբեջանական թշնամանքի քաղաքականությունը Հայաստանի բնակիչներին պատճառում է տառապանքներ, նրանց զրկել է սեփականութունից ու անվտանգ կյանքի հնարավորությունից, եկամուտ վաստակելու հնարավորությունից:
Քննարկել ենք Ադրբեջանում ապօրինաբար անազատության մեջ պահվող Արցախի գործող ու նախկին ղեկավարների, հայ զինվորականների ազատ արձակման հետ կապված խնդիրներ։
Նախանշել ենք հետագա համատեղ աշխատանքի ուղղությունները Հայաստանում ու Արցախում հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական հանցանքներն աշխարհին ներկայացնելու, նրանց կեղծիքների տարածումը թույլ չտալու հարցերում», – հայտնում է Թաթոյանը:

ՄԻՆԱՍՅԱՆԻ ՀԱՐՑԸ՝ ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԻՆ
«Հայաստանի տարածքը որքա՞ն է։ Այդ հարցը ձեզ ենք տալիս, իշխանությունները դուք եք։ Այստեղից, երբ հայտարարում եք՝ 29 հազար 743 քկմ, հարցը տալիս ենք շատ պարզ՝ հիմա այդքա՞ն է։ Հիմա այդքա՞ն է Հայաստանի Հանրապետությունը»,- Ազգային ժողովում նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նա շարունակելով խոսքը՝ նշեց. «Այսինքն՝ Ադրբեջանը զավթած տարածքներ չունի՞ Հայաստանից։
Հայաստանի տարածքը որքա՞ն է այս պահի դրությամբ, որքանի՞ նկատմամբ Հայաստանն ունի իշխանություն»։
ՔՊ-ական պատգամավորները տեղից բղավեցին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լռություն պահանջեց:
Այնուհետեւ, դիմելով Արծվիկ Մինասյանին՝ ասաց. «Կարծում եմ` հայրենի իմացության առումով որեւէ մեկիս չեք զիջում։ Հայաստանի տարածքը, բազմիցս ասել ենք, 29 հազար 743 քկմ է։ Հարց եք բարձրացնում՝ հիմա այդքա՞ն է։ Այո՛, միշտ այդքան է՝ անկախությունից ի վեր։ Այն մասերը, որոնք այս պահին զավթվել են, ու ես դրա հետ համաձայն եմ, նույնպես ՀՀ տարածք են։
Հիմա հարց է հնչել՝ Դուք, ձեր ուժն արդյո՞ք ընդունում է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը 29 հազար 743 քկմ է։ Այո՛, կամ ո՛չ»։
Արծվիկ Մինասյանն արձագանքեց. «Քննչական գործողությա՞ն եմ մասնակցում: Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը հայտարարված, օրենքներով ամրագրված 29 հազար 743 քկմ է, դա ամրագրված է, իմ հարցը շատ պարզ է, ընդունել-չընդունելի հարց չէ։
Ձեզ եմ հարցնում՝ հիմա ինչքա՞ն է։ Ինչքա՞ն եք թողել»։
Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Այդքան»։

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արման Բոշյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ։
«Ղեկավարվելով «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով եւ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Արման Բոշյանին նշանակել արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ Արման Բոշյանը եղել է նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր։

ՎՐԱՍՏԱՆԸ ԿԶՐԿՎԻ ԵՄ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ
Եթե մինչեւ հոկտեմբեր Վրաստանը չհրաժարվի, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների մասին օրենքից», Եվրահանձնաժողովը կարող է չհաստատել Թբիլիսիի՝ Եվրամիությանը միանալու թեկնածուի կարգավիճակը։
Մայիսի վերջին Եվրամիության արտաքին գործերի նախարարները կքննարկեն դաշինքի պատասխանը Վրաստանում «օտարերկրյա գործակալների մասին օրենքից» հաստատմանը, հայտնում է հրատարակությունը։
Եվրոպացի բարձրաստիճան մի պաշտոնյա նշել է, որ եթե Վրաստանը չեղարկի օրենքը, երկիրը կարող է կորցնել դաշինքին միանալու համար իր թեկնածուի կարգավիճակը:
Մի շարք եվրոպացի պաշտոնյաներ քննադատում են ԵՄ ղեկավարությանը «չափազանց մեղմ» արձագանքելու եւ օրենքի ընդունումից առաջ ավելի կոշտ դիրքորոշում չընդունելու համար։
Անցյալ տարի Եվրահանձնաժողովը առաջարկել էր, որ Եվրամիության խորհուրդը Վրաստանին շնորհի թեկնածուի կարգավիճակ՝ պայմանով, որ իրագործվի ինը քայլ՝ ներառյալ դատական բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը, ապաօլիգարխացումը, մարդու իրավունքների, փոքրամասնությունների, լրատվամիջոցների եւ քաղաքացիական ակտիվիստների իրավունքների պաշտպանությունը եւ այլն:
2023 թվականի դեկտեմբերին Թբիլիսին ստացել է թեկնածուի կարգավիճակը, սակայն, ըստ Եվրամիության ղեկավարության, «օտարերկրյա գործակալների մասին օրենքը» խոչընդոտ է հանդիսանում՝ դաշինք մտնելու համար, քանի որ այն հակասում է ժողովրդավարական արժեքներին եւ սահմանափակում հասարակական կազմակերպությունների աշխատանքը։
Վրաստանի կառավարությունը հայտարարել է, որ օրենքը չի խանգարում երկրի եվրաինտեգրման գործընթացին։




Լրահոս