ՆԱ ՀԱՅՐԵՆԻՔ ԷՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԵՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շառլ Ազնավուր. ազգությամբ հայ ֆրանսիացի շանսոնիե, որ փոխեց ֆրանսիական երգարվեստն ու մեծ հետք թողեց համաշխարհային երաժշտության պատմությունում: Նրա երգերը թարգմանվեցին եւ երգվեցին աշխարհի տարբեր երկրներում, տարբեր լեզուներով:

Երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան եւ հասարակական գործիչ Վաղինակ Միքայելի Ազնավուրյանը ծնվել է 100 տարի առաջ՝ մայիսի 22-ին: Իր ստեղծագործական կյանքի ընթացքում շանսոնիեն տարբեր լեզուներով ձայնագրել է մոտ 1200 երգ, հեղինակել կամ համահեղինակ է եղել ավելի քան 1000 երգի:

Ծնունդով Ախլցխայից էրզրումցի հայրը եւ պոլսահայ մայրը ծանոթացել են Կոստանդնուպոլում, ամուսնանալուց հետո տեղափոխվել Հունաստան, ապա Ֆրանսիա: Փարիզում մեծացած Շառլի կյանքում շրջադարձային է լինում երգչուհի Էդիթ Պիաֆի հետ հանդիպումը:
Նախքան Պիաֆի հետ հանդիպումը՝ 1941 թվականին Ազնավուրը հանդիպում է կոմպոզիտոր, դաշնակահար Պիեռ Ռոշին, ով «Մյուզիք-Հոլ» դպրոցի տնօրենն էր եւ սկսվում է նրանց ընկերությունը, ինչից հետո Շառլը վերջնականապես որոշում է ընտրել երգարվեստը։ Պիեռի հետ նրանք ստեղծում են «Ռոշ եւ Ազնավուր» դուետը (1943-1950) եւ սկսում են ելույթներ ունենալ տարբեր համերգասրահներում։ 1944 թվականին նա գրում է իր առաջին «Ես խմել եմ» երգը, որը Ժորժ Ուլմերի կատարմամբ արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին։
Ռոշ եւ Ազնավուր դուետը փորձում է հաջողության հասնել Քվեբեկում, այնուհետեւ Մոնրեալում։ Չնայած նրան, որ Շառլն ու Պիեռը մեծ ճանաչում ունեին Կանադայում, Ազնավուրը մեկնում է Ֆրանսիա եւ Պիաֆի խորհրդով սկսում իր սոլո կարիերան, որը սկզբնական շրջանում հաջողությամբ չի պսակվում։ Նա սկսում է համագործակցել Ժիլբեր Բեկոյի հետ։ 1956 թվականին համերգներով հանդես է գալիս Հյուսիսային Աֆրիկայի երկրներում, ինչը նրան մեծ ճանաչում եւ հաջողություն է բերում։
1955 թվականին նա առաջին անգամ ելույթ է ունենում Փարիզի Օլիմպիա դահլիճում՝ ինչին անդրադառնալով՝ ֆրանսիական մամուլը գրում է.«Ֆրանսիան ազնավուրացված է»:
Ստեղծագործական կյանքից բացի Ազնավուրը հսկայական հասարակական գործունեություն է ծավալել:
1988 թվականի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը, իսկ 2017 թվականին որդու՝ Նիկոլայի հետ ստեղծել է «Ազնավուր» հիմնադրամը, որի նպատակն է շարունակել կրթական, սոցիալական եւ մշակութային ծրագրերի նախագծումն ու իրականացումը։
2008 թվականին ստացել է ՀՀ քաղաքացիություն եւ մեկ տարի անց դարձել Շվեյցարիայում ՀՀ դեսպանն ու Հայաստանի ներկայացուցիչը Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում, ինչպես նաեւ մի շարք այլ կազմակերպություններում:
Առ այսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն՝ Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով։ Արժանացել է Հայաստանի եւ Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգեւներին, այդ թվում՝ «Պատվո սեզարի» (1997)։
Ազնավուրը նկարահանվել է նաեւ կինոյում՝ «Գլուխը պատին» (1958), «Կրակե՛ք դաշնակահարի վրա» (1960), «Սատանան եւ տասը պատվիրանները» (1962), «Արարատ» (2002) եւ այլն։ Հեղինակել է 14 գրքեր, որոնք թարգմանվել են տասնյակ լեզուներով ու դարձել բեսթսելլերներ։
Աշխարհահռչակ շանսոնիեն մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին. հիշատակի ազգային տուրքի մատուցման արարողության ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է. «Շառլ Ազնավուրը մեզ ապրեցրել է իր երգերով։ Հայկական ծագում ունեցող ներգաղթյալի որդին պետություն էր պետության մեջ, հայրենիք՝ հայրենիքի մեջ»:
ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՐՑՈՒՅԹ
Հունիսի 6-ին՝ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, կմեկնարկի Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթը։ Այն նպատակ ունի բացահայտելու տաղանդավոր երիտասարդների եւ հանրահռչակելու Արամ Խաչատրյանի արվեստը։

Այս տարի մրցույթը կանցկացվի ջութակ մասնագիտական կարգում։ Երաժշտական ստուգատեսը տեղի կունենա 3 փուլով։ Առաջին փուլը կանցկացվի հունիսի 7-ին եւ 8-ին, երկրորդ փուլը՝ հունիսի 9-ին եւ 10-ին, երրորդ փուլը՝ հունիսի 11-ին եւ 12-ին։ Իսկ ահա հունիսի 13-ին կայանալիք գալա համերգի ընթացքում հայտնի կդառնան մրցույթի հաղթողները, եւ տեղի կունենա պարգեւատրման արարողությունը։
Մրցույթի ծրագրում ընդգրկված են նաեւ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Այդպիսով՝ մրցույթի մասնակիցները սովորում եւ իրենց նվագացանկում ընդգրկում են հայ մեծ կոմպոզիտորի ստեղծագործությունները։
Առաջին մրցանակակիրը կստանա 10000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով դրամական պարգեւ, 2-րդ տեղը զբաղեցնողը կպարգեւատրվի 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով, իսկ 3-րդ մրցանակակիրը կարժանանա 3000 դոլար մրցանակի։ Նախատեսված են նաեւ հատուկ մրցանակներ։
«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպվող երաժշտական այս ստուգատեսն իր կարեւոր տեղն ունի աշխարհում անցկացվող միջազգային մրցույթների ընտանիքում։
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013 թվականից Ժնեւում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է եւ գործում է ֆեդերացիայի սահմանած կանոններով։

ԳՎԱՐԴԻՈԼԱՆ՝ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻՉ
Անգլիայի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն մարզիչը «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան է:
Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթի»-ն 2023/24 մրցաշրջանում դարձավ Անգլիայի չեմպիոն՝ այդ տիտղոսը նվաճելով 4-րդ տարին անընդմեջ, ինչը բացառիկ ցուցանիշ է Անգլիայի առաջնության համար: Նման նվաճման դեռեւս ոչ մի ակումբ չի հասել:
Պրեմիեր լիգայի 38 տուրերից հետո «քաղաքայինները» հավաքեցին 91 միավոր եւ 2 միավորով առաջ անցան երկրորդ տեղում հայտնված «Արսենալ»-ից:
Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2016 թվականին:

ՍՊԵՐՑՅԱՆԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Ալեքսանդր Մոստովոյը խոսել է Էդուարդ Սպերցյանի` Դորտմունդի «Բորուսիա» հավանական տեղափոխության մասին. «Այդ տեղափոխությունը հիանալի կլինի Սպերցյանի համար, սակայն Ռոյսին փոխարինելն այլ բան է։ Դժվար թե հիմա նա փոխարինի Ռոյսին։ Ես չէի ասի, թե Էդուարդը փորձառու չէ, բայց դեռ շատ բան ունի սովորելու։
Բոլոր նրանք, ովքեր Ռուսաստանից հեռացել են, խնդիրներ են ունեցել եվրոպական ֆուտբոլում։ Արսեն Զախարյանին «Ռեալ Սոսիեդադում» չի հերիքում ագրեսիվությունը, Ալեքսանդր Գոլովինը նույնպես սկզբնական շրջանում խնդիրներ ուներ «Մոնակոյում»։
Շատ լավ է, որ «Բորուսիայի» նման ակումբը հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով։ Նա այնտեղ կարող է մեծ առաջընթաց գրանցել»։
Հիշեցնենք` ավելի վաղ Transfermarkt պորտալը հայտնել էր, որ Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի ծառայություններով։ «Բորուսիայում» նրան դիտարկում են` որպես ակումբից հեռացող Մարկո Ռոյսի փոխարինողի։

ՌՈՆԱԼԴՈՒԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ՝ ՏՈՆԻԻՆ
Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որն այժմ հանդես է գալիս Սաուդյան «Ալ-Նասրում», արձագանքել է «Լոս Բլանկոսի» կիսապաշտպան Տոնի Կրոսի՝ Եվրո-2024-ից հետո կարիերան ավարտելու մասին լուրերին։
«Շնորհակալ եմ ամեն ինչի համար, Տոնի: Ի՜նչ պատիվ է քեզ հետ կիսել նույն ոլորտը։ Ամենայն բարիք քեզ ապագայում»,- գրել է Ռոնալդուն սոցցանցում։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն եւ Կրոսը միասին հանդես են եկել Մադրիդի «Ռեալում» 2014-ից 2018 թվականներին։




Լրահոս