Կառավարությունն իր՝ մայիսի 23-ի նիստում հաստատեց Պետական գույքի կառավարման ծրագրի՝ 2023 թվականի տարեկան հաշվետվության մասին որոշման նախագիծը:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ հաշվետվությունը ներառում է Պետական գույքի կառավարման կոմիտեի՝ 2023 թվականի ամբողջ գործունեությունը՝ մասնավորեցումների, լուծարման գործընթացների, գործարքների, օտարումների, վարձակալությունների, ալեհավաքների եւ մի շարք այլ ծառայությունների, ինչպես նաեւ ներդրումային մի շարք այլ պարտավորությունների կատարման մասին տեղեկատվությունները:
«Բավականին հաջողված տարի է եղել, որովհետեւ բոլոր ուղղություններով ունենք ակնհայտ տարբերություններ նախորդ տարվա համեմատ: Մասնավորապես՝ 2023-ի ընթացքում պետական գույքի կառավարումից ստացված միջոցները կազմել են 15,4 մլրդ դրամ, եւ այս մուտքերը հիմնականում եղել են պետբյուջե, համայնքային բյուջեներ եւ ՊՈԱԿ-ների բյուջեներ: Այս 15,4 միլիարդից 2,2 մլրդ դրամը մուտք է եղել մեր համայնքների բյուջեներ՝ աջակցելով համայնքներին այդ միջոցներով այլ ծրագրեր իրականացնել:
Այս 15,4 միլիարդի բացվածքը հետեւյալն է. գույքերի օտարումից՝ 10,6 մլրդ, բաժնեմասի մասնավորեցումից՝ 3,8 մլրդ, վարձակալությունները՝ 673 մլն դրամ, եւ ալեհավաքները, դրանց տեղադրումը՝ 287 մլն դրամ:
15,4 մլրդ դրամը նախորդ տարվանից ավելի է 6,4 մլրդ դրամով կամ 72 տոկոսով»,- ասաց նա:
Նախարարը նաեւ տեղեկացրեց, որ, բացի այս գումարներից՝ գործարքներով ստանձնել են նաեւ 34 միլիարդ դրամի պարտավորություններ, որպեսզի առաջիկա 5 տարիներին գործընկեր կազմակերպությունները նաեւ 34 միլիարդ դրամի ներդրումային ծրագրեր իրականացնեն: Օտարվել է 38 գույք, որոնք արդեն որոշակի տնտեսական էֆեկտ են տվել:
Թեմայի շրջանակում պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը տեղեկացրեց՝ առաջիկայում կգործարկվի օնլայն աճուրդների համակարգը, որտեղ ամփոփված կլինեն պետական՝ շարժական եւ անշարժ գույքերի օտարման աճուրդային գործընթացները: Մեկ հարթակի միջոցով ներդրողները հնարավորություն կունենան մասնակցելու մրցույթներին եւ օնլայն միջավայրում իրականացնել գործարքներ՝ գույքի հետ կապված:
ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՔԱՐՏՈՎ ԳՈՐԾԱՐՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՉԵՆ ԱՊԱՀՈՎԵԼ
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՀՀ տարբեր բնակավայրերում POS տերմինալների կիրառման արդյունքում նախկինում զրոյական գործարքներ գրանցած հարկ վճարողների մոտ իրականացվել է հարկային վարչարարություն։
Ստուգում է իրականացվել 1038 հարկ վճարողի մոտ, որի արդյունքում վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն չի ապահովել 545 հարկ վճարող եւ արձանագրված խախտումը կազմել է 169.3 մլն դրամ։
Կոմիտեն հիշեցնում է, որ հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն։
Միաժամանակ հիշեցնում ենք, որ կենսաթոշակառուներն ու նպաստառուները ՀՀ տարածքում գործող առեւտրի կետերում ու ծառայություններ մատուցող կազմակերպություններում անկանխիկ գործարքներ կատարելու դեպքում ստանում են հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 5000 դրամը։
ՇՐՋԱՅՑ՝ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Մարգարայի անցակետում հյուրընկալել է Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսին եւ նրա ղեկավարած պատվիրակությանը:
Կոմիտեի ղեկավարը եւ դեսպանը համատեղ շրջայց են կատարել անցակետի տարածքում:
Ներկայացվել է անցակետի ամբողջ ենթակառուցվածքը, ընթացակարգերի կիրառման եւ կազմակերպման հերթականությունը:
Ընդգծվել է, որ Մարգարայի մաքսակետում, ինչպես Հայաստանի մյուս անցակետերում, պետական սահմանային հսկողությունը նախատեսված է իրականացնել սահմանային համալիր կառավարման սկզբունքի հիման վրա՝ «մեկ պատուհան» համակարգով։
Անցակետի հիմնական շինարարական աշխատանքներն իրականացվել են կարճ ժամանակահատվածում՝ մոտ վեց ամսվա ընթացքում, կապիտալ նորոգումն ամբողջությամբ ավարտվել է։
Այցի ընթացքում անդրադարձ է կատարվել վերջին շրջանում ՊԵԿ բարեփոխումներին, ինչպես նաեւ միջազգային համագործակցության շրջանակում հարկային եւ մաքսային ոլորտներում արդեն իսկ ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքին: ԵՄ դեսպանը գոհունակություն է հայտնել անցակետում իրականացված աշխատանքներից։