2023 թվականի վերջին հայտնի դարձավ, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է սկսել։ Հենց այս նպատակով է համայնքի ղեկավարը, որ մոռացել է համայնքի ղեկավարի իր պարտականությունների մասին, գործընկերների օգնությամբ ձեռք բերել համայնքային հողատարածք եւ, չսպասելով թույլտվություններին, հողային եւ բետոնացման աշխատանքներ կատարել: Այս ամենը չի վրիպել նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տեսադաշտից։
Հրապարակման մեջ առկա շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը շինարարական թույլտվություններ է տվել իր հետ փոխկապակցված անձի՝ իր ամուսնու՝ Արամայիս Միրզոյանի մորը պատկանող «Նարե Պլյուս» ՍՊ ընկերությանը։ Միաժամանակ, հրապարակման մեջ հիշատակվում է, որ «Նարե Պլյուս» ՍՊ ընկերությանը նշված շինարարական թույլտվությունները տրամադրվել են շինարարությունը սկսելուց հետո միայն, իսկ համայնքի ղեկավարի համապատասխան որոշումները չեն հրապարակվել համայնքապետարանի կայքէջում։
Ըստ Հանձնաժողովի՝ հրապարակման մեջ անդրադարձ է կատարվում նաեւ Դիանա Գասպարյանի ամուսնու հորը՝ Աշոտ Միրզոյանի կողմից իր աշխատակցին՝ Շ. Շահինյանին փոխառության տրամադրման եւ նշված փոխառությամբ գնված համայնքային սեփականությամբ հողատարածքը Աշոտ Միրզոյանի կնոջ բաժնեմասնակցությամբ՝ «Նարե Պլյուս» ՍՊ ընկերությանը վաճառելու դեպքին։
Հանձնաժողովը սույն գործը քննել է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված շահերի բախման կարգավորումների համատեքստում, որի շրջանակում ուսումնասիրվել են Դիանա Գասպարյանի եւ Արամայիս Միրզոյանի հայտարարագրերը, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության էլեկտրոնային համակարգում առկա, ինչպես նաեւ Հանձնաժողովին հասանելի պետական տեղեկատվական այլ շտեմարանների տվյալները։ Այժմ հիշյալ ուսումնասիրությունը ընթացքի մեջ է։
Հավելենք, որ ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված ենթադրյալ հանցագործության հատկանիշները քննելու նպատակով Հանձնաժողովը 2024 թվականի մարտի 5-ին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։
Ներկայիս իշխանության ժողովրդավարությունը հենց այս տեսքն ունի, ամենուր «պոզով-պոչով» կոռուպցիոներներ են։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հայրենի իշխանությունները տարբեր պաշտոնական հանդիպումների ժամանակ՝ տետ-ա-տետ զրույցներում, միմյանց հուսադրում են, թե Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն իրեն արդեն տապալել է: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ այդ հանդիպումների ժամանակ բոլոր իշանականները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաճոյախոսում են, հայտարարում են, թե ինքը հուսալքվելու պատճառ չունի, քանի որ ժողովուրդը փողոց դուրս չի գալիս: Կառավարության մեր աղբյուրները եւս փոխանցում են, որ ամենօրյա ռեժիմով Նիկոլ Փաշինյանին զեկուցում են, որ շարժումը մարել է, ու մի քանի օր անց ոստիկանների ճնշման ներքո այլեւս մարդիկ փողոց դուրս չեն գալու: Բայց ասել, որ իշխանություններն անհանգիստ չեն Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումից սխալ կլինի, քանի որ ՔՊ խմբակցությունն ու հայրենի կառավարության ողջ կազմը ուշի-ուշով հետեւում են շարժման քայլերին: Ֆեյքային անդադար գրոհներ կազմակերպում Սրբազանի եւ նրան սատարողների նկատմամբ: Հույսը ոստիկանների բիրտ ուժ կիրառելն է, Սրբազանի հասցեին վարկաբեկող տեղեկություններ տարածելը, որն էլ կնպաստի, որ շարժումը փողոցում այլեւս չշարունակվի. իսկ այսօր Բագրատ Սրբազանը բոլորին կառավարության նիստի է հրավիրել, որը եւս մեկ մտահոգության առիթ է տվել հայրենի իշխանություններին: Կառավարությունը աննախադեպ ուժեղացրել է անվտանգությունը` կառավարության մոտ անկանխատեսելի բաներ թույլ չտալու համար:
ՔՊ-ն, Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ, տապալել է 44-օրյա պատերազմի զեկույցի հրապարակումը. դրա աշխատանքները տեղում դոփում են: Այսպիսով՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը, որը հենց Անդրանիկ Քոչարյանն էր ղեկավարում, իր վերջին նիստը հրավիրել էր նախորդ տարի՝ դեկտեմբերի 3-ին, արդեն շուրջ հինգ եւ ավելի ամիս է՝ ընթանում են ամփոփիչ զեկույցի նախապատրաստական աշխատանքները: Դեռ ամիսներ առաջ իր հարցազրույցներից մեկում Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր. «Ես կարծում եմ, որ մինչեւ մայիսի վերջ կներկայացնենք 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը»: Մայիսն արդեն ավարտվում է, բայց զեկույցից դեռ նորություն չկա: «Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ գրել էր նաեւ, որ հանձնաժողովի անդամները մտադիր են եղել մինչեւ մայիս ավարտել աշխատանքները, որպեսզի զեկույցը հրապարակվի, սակայն Անդրանիկ Քոչարյանն ասել էր, որ չեն հասցնի, շատ աշխատանք կա անելու: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 25-րդ հոդվածը սահմանում է՝ քննիչ հանձնաժողովն իր գործունեության արդյունքով Ազգային ժողովի նախագահին ներկայացնում է զեկույց, որը ներառում է հանձնաժողովի ստեղծման համար հիմք հանդիսացած հարցի վերաբերյալ պարզված փաստերը, ինչպես նաեւ դրանց առնչությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները: Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, զեկույցը բաց քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում, հրապարակվում է նաեւ ԱԺ կայքում, իսկ փակ մասը քննարկվում է գաղտնի ռեժիմով: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ իշխանականները ինչ նպատակի համար փորձում էին այդ զեկույցը ծառայեցնել, այն է՝ ընդդիմադիրներին ճնշելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու, դա չի հաջողվում: Այդ պատճառով էլ ձգձգվում է զեկույցի հրապարակումը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր ԱԺ հանձնաժողովներում շարունակվելու են ՀՀ 2023թ.-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումները: Խորհրդարան են գնալու Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը եւ մարդու իրավուքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ զեկույցը ներկայացնելու: Նշենք, որ ՀՀ 2023թ.-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան զեկույցները նախ քննարկվելու են հանձնաժողովներում, հետո արդեն ԱԺ քառօրյա նիստերում՝ կրկին վարչապետի, նախարարների եւ մյուս պաշտոնյաների մասնակցությամբ: