«ԿՐՈՆԸ ՄՇԱԿՈՒՅԹ Է, ՈՐԻՑ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԶՐԿԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն եպիսկոպոսաց դասի ուղեկցությամբ այցելել էր Սարդարապատի հուշահամալիր՝ հայրապետական աղոթք անելու մայիսյան հերոսամարտերի զոհերի հիշատակին: Հուշահամալիրին մոտենալիս ոստիկանական ուժերը փակել էին հոգեւորականների ճանապարհը՝ չթողնելով վերեւ բարձրանալ: Սակայն, հակառակ ոստիկանական պատին, Վեհափառ հայրապետն ու իրեն ուղեկցող հոգեւորականները բարձրացել էին հուշահամալիր, աղոթք արել մայիսյան հերոսամարտերում զոհված հայորդիների հոգիների համար:

Եղելությունն աննախադեպ էր հայ իրականության համար եւ բացասական արձագանքի է արժանացել հասարակության զգալի հատվածի կողմից:
Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ առաջացած բողոքի ալիքի եւ իշխանության վերաբերմունքի մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է քաղաքային պլանավորող Վիկտոր Մնացականյանի հետ:
-Պարո՛ն Մնացականյան, երեկ հերթական խայտառակ դեպքը արձանագրվեց, երբ ոստիկանները փորձեցին խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ: Ի՞նչ գնահատական կտաք:
-Ես հետ գնամ 2018 թվական. Հայրապետի անհասկանալի շարժումը, որը 2018 թվականի եզակի շարժումներից էր, որը չհասկացանք՝ ում կողմից էր կազմակերպված, ընդհանրապես նպատակը որն էր շարժման: Այն ցրվեց, որովհետեւ ինչ-ինչ պատճառներով երեւի որոշակի հրահանգներ էին տրվել։
Երկրորդ՝ ամենազարհուրերի բանը 2018 թվականին ինձ համար, ամեն դեպքում, եւ կարծում եմ՝ շատ երեւանցիների եւ հայերի համար մշակույթի նախարարության փակվելն էր։ Կատարվեցին անհասկանալի, բազում անիմաստ քայլեր, կարելի է ասել՝ հակապետական, հակահայկական։ Նույն կերպ գյուղատնտեսության նախարարությունը փակվեց, եւ այդ քայլով մենք կարծես գյուղացիներին ավելի ստորադասեցինք, թե այդքան կարեւոր չէ ձեր աշխատանքը, այդքան կարեւոր չէ ձեր արտադրանքը հանրապետության համար, այսպես՝ նաեւ մշակույթը։ Մշակույթից մեզ բոլորիս ուզում են զրկել։ Հասկանո՞ւմ եք, որ շատ երկրներում անգամ կրոնը մշակույթի մի մաս է կազմում։ Մշակույթը, իհարկե, նախարարությունուվ չի որոշվում, բայց հետագա կառավարումով նաեւ մենք տեսանք, որ նախարարությունում մեկը մյուսի հետեւից անփորձ, նաեւ ոչ գիտակ մարդիկ նշանակվեցին: Չեմ ասում՝ ներկայիս, չգիտեմ, օրինակ, նույն փոխնախարարների վիճակը. այսինքն՝ մի փոխնախարարը, որը ամենակարեւոր բաները պետք է սպասարկի, ներկայիս պաշտոնյաներից մեկի դասարանցին է։ Մենք տեսնում ենք այսօրվա քաղաքական իշխող թիմի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մոտեցումը եկեղեցու հանդեպ։
Այնպիսի տպավորություն է, որ իրար հերթ չտալով՝ փորձում են վիրավորել, ու վատը այն է, որ ես նկատում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից խոսում են այն մարդիկ որոնք տարբեր քրեական գործերով են հարուստ։ ՔՊ-ի մեջքին հիմա այնպիսի մի թիմ է, ովրոնք ավելի շատ փորձում են վարկաբեկել եկեղեցին. դա է վատը։
Աջակցում ու հավատում եմ սրբազան պայքարին. Սրբազան հայրը շատ արժանապատվորեն շարժումը տանում է առաջ՝ առանց ինչ-որ բորբոքումների։
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

ԱՆԴՐԱԴԱՐՁԸ՝ «ՍԵՎ ՈՒ ՍՊԻՏԱԿ» ՓԱՐԹԻԻ ՄԱՍԻՆ
Աննա Հակոբյանի օգնական, «Պերֆեկտ TV»-ի տեսանյութերի տեքստերը կարդացող Ստելլա Սարուխանյանը «Սեւ ու սպիտակ» անվանումով մի միջոցառում էր կազմակերպել, որին մասնակցել էր նաեւ Աննա Հակոբյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մայրը, ՔՊ-ական Գնել Սարգսյանը եւ այլք:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում այդ փարթիի ժամանակ երաժշտություն միացնելուն, երբ այդ օրը Լոռու մարզում աղետ էր։
-Պարոն Փաշինյան Ձեր քաղաքական թիմը անընդհատ հայտարարություններ է անում, որ Հայաստանում աղետի ֆոնին պետք չէ անընդհատ երաժշտություն միացնել, փողոցներ փակել, խրախճանք կազմակերպել, սակայն Ձեր տիկնոջ մասնակցությամբ մեծ խրախճանք է կազմակերպվում, «Սեւ ու սպիտակ» երեկույթ է կազմակերպվում: Ինչպե՞ս եք վերաբերվում սրան, արդյո՞ք սա նորմալ է:
-Նախ՝ խրախճանք չի. սկսենք դրանից: Ինչքան, որ ես եմ տեղյակ, այդ միջոցառումը կազմակերպված է եղել 44-օրյա պատերազմում եւ առհասարակ պատերազմում զոհված զինվորների մայրերի համար, այսինքն՝ 5-6 ամիս առաջ պլանավորված միջոցառում է եղել: Ես, անկեղծ ասած, շատ լավ չգիտեմ, բայց որքան տեղյակ եմ՝ այդ միջոցառման նպատակներից մեկը պատերազմի ընթացքում զոհված զինվորների մայրերին ամոքելն ու սփոփելն է եղել՝ փորձելու օգնել նրանց, որպեսզի սեւը չլինի գերիշխող:
-Սակայն, հանրահավաքը նույնպես ավելի վաղ էր պլանավորված, քան արտակարգ իրավիճակը Հայաստանում: Միջոցառմանը հրավիրված էին զոհված զինծառայողների՝ հավաքի մասնակից ծողները:
-Ես չեմ կարող պատասխանել, որովհետեւ ես չեմ մասնակցել եւ չգիտեմ: Բացի այդ, ցանկացած քաղաքացի կարող է գնահատել՝ որտեղ լինի երաժշտություն, որտեղ չլինի, որտեղ հագնեն սեւ եւ որտեղ՝ սպիտակ:
Ճեպազրույցի վերջում Նիկոլ Փաշինյանը, լրագրողի հարցին ի պատասխան, անդրադառնալով Բագրատ Սրբազանի կողմից հնչեցված հանդիպման հրավերին՝ պատասխանել է՝ դրա համար ընթացակարգեր կան, եւ ովքեր ցանկանում են իր հետ հանդիպել կարող են հերթագրվել:
Հիշեցնենք, որ իշխող ուժը երկրի ղեկավարությունը ստանձնել է փողոցային ակցիաներից եւ շարժումից հետո, որի ընթացքում շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հանդիպման էր հրավիրել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, ինչը կայացել էր հրապարակում՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՔՆՆԱԴԱՏՈՂՆ ԱՍՅՕՐ ՊԱՇՏՈՆՅԱ Է
3 տարի առաջ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող եւ դեռ ավելին` Կիրանցում առանց պետհամարանիշների, բերետավորների պաշտպանությամբ շրջող Սերգեյ Պետրոսյանը մայիսի 28-ին Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ գեներալ-մայորի կոչում է ստանում։ Հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել էր հրամանագիր, որով գեներալ-մայորի զինվորական կոչում էր շնորհվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ, գնդապետ Սերգեյ Հովսեփի Պետրոսյանին։
Այս կոչմանն արժանանալու ուշագրավ հանգամանքն այն է, որ 44-օրյա պատերազմից մեկ տարի հետո՝ 2021 թվականի փետրվարի 25-ին, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը պահանջում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ու այդ հրաժարականին միացել էին ՊՆ մի շարք գնդապետներ, գերերալներ ու վարչության պետեր. ու այդ միացողներից մեկը հենց Սերգեյ Պետրոսյանն էր։ Միգուցե նրան կոչման են արժանացրել Կիրանցում առանց պետհամարանիշի շրջելու եւ բերետավորներին պաշտպանելու գործը լավ կատարելու համար։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս