ՄԻՊ Կարեն Անդրեասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձավ ՍԴ որոշմանը:
-Թեեւ լրատվամիջոցներից ոմանք իրենց նյութերում նշել էին, որ Սահմանադրական դատարանը ՄԻՊ-ին մերժել է, ՄԻՊ-ի ակնկալիքներն ի չիք են եղել, բայց ես կարող եմ ասել, որ ՄԻՊ-ն ուներ 2 դրական հնարավորություններ. 1-ինը Սահմանադրական դատարանի կողմից օրենքի այդ հոդվածը հակասահմանադրական ճանաչելն է, եւ 2-րդ` սահմանադրական ճանաչել, բայց այնպիսի հստակեցումներ, իրավական դիրքորոշումներ տալը, որոնք կունենան իրական ազդեցություն խոսքի ազատության պաշտպանության, լրատվամիջոցների պաշտպանության համար: Այդ որոշումն արդեն որոշակի դրական ակնկալիքների տեղիք է տալիս երկրորդ սցենարով, երբ սահմանադրականությունը չի վիճարկվում, բայց կտրվեին հստակ գնահատականներ, որոնք կփոխեին իրավակիրառական պրակտիկան: Այսինքն` կփոխվի դատավորների կողմից օրենքի կիրառման ձեւը, քանի որ ՍԴ-ն կտա հստակ, պարտադիր հիմք ունեցող մեկնաբանություններ: Ես ամբողջությամբ չեմ տեսել ՍԴ որոշման տեքստը, չեմ ուզում շատ ոգեւորված գնահատականներ տալ: Չեմ կարող ասել` այդ անհստակությունները, որոնց մասին բարձրաձայնում ենք, արդյո՞ք լիարժեքորեն այնպես են կարգավորված ու հստակ ներկայացված ՍԴ-ի որոշմամբ, որ լրատվամիջոցների համար վտանգն արդեն անցած է:
-Իսկ դատարանները որքանո՞վ հետամուտ կլինեն ՍԴ այս որոշմանը:
-ՍԴ դիրքորոշումները պատահական գնահատականներ կամ որեւէ պետական մարմնի դիրքորոշումներ չեն, այլ պարտադիր են օրենսդրության կիրառման իմաստով, գրեթե օրենքի ուժ ունեն: Հետեւաբար, այս համատեքստում ՍԴ որոշման մեջ եղած դրական ասպեկտները շատ խոստումնալից են, եւ լրատվամիջոցների, լրագրողների կյանքում իրական փոփոխութուն կարող է բերել ՍԴ որոշումը: Իհարկե, կան նաեւ անօրեն դատավորներ, որոնք մեկ կամ մի քանի գործերում կարող են խախտել ե՛ւ Սահմանադրությունը, ե՛ւ ՍԴ-ի որոշումը, ե՛ւ օրենքը, ե՛ւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը: Բայց եթե վերանանք անօրեն դատավորի վարկածից, ապա նման հստակ դիրքորոշումներում օրենքն ու պրակտիկան կարող են փոխվել:
ՄԻՊ-Ը ԴԺԳՈՀ ՉԷ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ա. Գ.