Իրանի Իսլամական հանրապետությունում պատրաստվում են արտահերթ նախագահական ընտրությունների:
Նախկին նախագահ Իբրահիմ Ռաիսիի անժամանակ մահվանից հետո, որը տեղի ունեցավ մայիսի 19-ին՝ ավիավթարի հետևանքով, երկրում նշանակվել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Իրանի նախագահը առաջնորդից հետո ամենաբարձր պաշտոնյան է և ընտրվում է չորս տարի ժամկետով՝ քվեարկողների ձայների բացարձակ մեծամասնությամբ։
Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության IX գլուխը սահմանում է նախագահի թեկնածուների որակավորումները: Նախագահության լիազորությունները ներառում են օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ պայմանագրերի և այլ համաձայնագրերի ստորագրումը՝ Իսլամական Հանրապետության առաջնորդի հավանությամբ. ղեկավարում է ազգային պլանավորման, բյուջեի և պետական զբաղվածության հարցերը` առաջնորդի որոշմամբ:
Բացի այդ նախագահը խորհրդարանի հաստատմանն է ներկայացնում նախարարների թեկնածուներին։
Իրանի նախագահը նաև Ազգային անվտանգության գերագույն խորհրդի, մշակութային հեղափոխության բարձրագույն խորհրդի և կիբերտարածության բարձրագույն խորհրդի ղեկավարն է:
Համաձայն Իրանի Սահմանադրության 115-րդ հոդվածի՝ նախագահը պետք է ընտրվի կրոնական և քաղաքական գործիչների շրջանից՝ բավարարելով հետևյալ պահանջներին. լինի Իրանի քաղաքացի, ունենա լավ համբավ, վստահելիություն և բարեպաշտ լինի, սատարի Իրանի Իսլամական Հանրապետության հիմնարար սկզբունքներին և երկրի պաշտոնական մադհաբին:
Թեկնածուների կենսագրությունը ստուգվում է Պահապանների խորհրդի կողմից, որը տասներկու հոգուց բաղկացած մարմին է. Այն կազմված է վեց հոգևորականներից (ընտրվում են Իրանի գերագույն առաջնորդի կողմից) և վեց իրավաբաններից (առաջարկվում են Իրանի դատական համակարգի ղեկավարի կողմից և քվեարկվում են խորհրդարանում):
Նախագահն ընտրվում է ուղղակի ընտրությունների միջոցով՝ ընտրողների ձայների բացարձակ մեծամասնությամբ։ Սակայն եթե թեկնածուներից ոչ մեկը չի կարողանում նման ստանալ ձայների մեծամասնությունը, ապա նախագահը ընտրվում է երկրորդ փուլով, որը տեղի է ունենում հաջորդ շաբաթվա ուրբաթ օրը։
Երկրորդ փուլին մասնակցում են միայն առաջին փուլում ամենաշատ ձայներ հավաքած երկու թեկնածուները։
Նորընտիր նախագահը հաստատվում է առաջնորդի կողմից։ Այնուհետև երդման արարողությունը տեղի է ունենում նախագահական ժամկետը սկսելուց անմիջապես առաջ։
Երկրի Սահմանադրության 131-րդ հոդվածն ասում է, որ նախագահի մահվան, պաշտոնանկության, հրաժարականի, բացակայության կամ հիվանդության դեպքում, որը տեւում է ավելի քան երկու ամիս, կամ երբ նրա պաշտոնավարման ժամկետն ավարտվել է, և նոր նախագահ չի ընտրվել որոշ խոչընդոտների կամ նմանատիպ այլ հանգամանքների պատճառով. նախագահի լիազորություններն ու գործառույթները ստանձնում է նրա առաջին տեղակալը:
Նախագահի առաջին տեղակալի մահվան կամ նրա պարտականությունների կատարմանը խոչընդոտող այլ հանգամանքների դեպքում, կամ երբ նախագահը չունի առաջին տեղակալ, ղեկավարը նրա փոխարեն նշանակում է մեկ այլ անձ։
Վերջին նախագահ Իբրահիմ Ռաիսի ուղղաթիռը, որը մայիսի 19-ին Թեհրան էր վերադառնում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո, կործանվել էր Արևելյան Ադրբեջան նահանգի Վարզաքան քաղաքում: Վթարի հետևանքով նախագահից զատ զոհվել են ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանը, Արևելյան Ադրբեջան նահանգի ղեկավար Մալեք Ռահմաթին և Մոհամմադ Ալի ալ Հաշեմը:
Իրանական կառավարության երեք ճյուղերի ղեկավարներից կազմված խորհուրդը նիստ է անցկացրել ուղղաթիռի կործանումից մեկ օր անց և պայմանավորվել, որ հունիսի 28-ին երկրում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն։
Իրանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցել ցանկացող թեկնածուների գրանցման գործընթացը սկսվել է մայիսի 30-ին:
Առաջադրվել է ավելի քան 80 մարդ, այդ թվում՝ մեկ նախկին նախագահ (Մահմուդ Ահմադինեժադ), մեկ նախկին խորհրդարանի խոսնակ, 38 նախկին և ներկա օրենսդիր, 13 նախկին նախարար և երեք ներկա նախարար։ Գրանցված թեկնածուների թվում կա առնվազն չորս կին ինչը առաջին անգամ է Իրանի նախագահական ընտրություններում։
Հուրի Բաղդասարյան