SUMMEET Հայաստանում ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 24-29-ը։ Այն տեղի կունենա Երեւանում եւ Աշտարակում։ 4-րդ SUMMEET-ին իրենց նախագծերն են ներկայացնում պարային ընկերություններ Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Ղազախստանից։ Եվ, իհարկե, փառատոնի մարգարիտն է Armenian Showcase-ը՝ հայկական ցուցադրությունը, որն ի մի է բերում հայ ժամանակակից պարուսույցների լավագույն աշխատանքները։
SUMMEET միջազգային փառատոնի առաքելությունը՝ տարեցտարի մի այնպիսի հարթակի վերածվելն է, որ մի կողմից համաշխարհային ասպարեզ դուրս կբերի հայաստանյան ժամանակակից պարը, իսկ մյուս կողմից հայ արտիստներին եւ պարուսույցներին կծանոթացնի համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակներին եւ պարային ընկերություններին։ Հենց այդ պատճառով էլ յուրաքանչյուր տարի SUMMEET-ը Հայաստան է բերում բացառիկ նախագծեր։
Փառատոնի մեկնարկը կտրվի հունիսի 24-ին Աշտարակում՝ Դրամատիկական թատրոնի բեմում, ղազախական Samruk թատրոնի ամենաժամանակակից եւ արդիական ներկայացմամբ։ Այն կոչվում է Mutual Misunderstanding։ Պարուսույցներ ու կատարողներ՝ Տոմիրիս Մետիբաեւա եւ Արտուր Գալիմուլլին։
Հունիսի 25-ի առավոտյան Երեւանի պարարվեստի պետական քոլեջում կմեկնարկեն փառատոնային վարպետության դասերը՝ հայ պարողների համար։ Դրանք կշարունակվեն ամեն օր մինչեւ հունիսի 27-ը ներառյալ։ Հատկապես յուրահատուկ է հունիսի 27-ին կայանալիք Մարթա Գրեհեմի տեխնիկայի վարպետության դասը, որը բացառիկ է իր տեսակով։
Հունիսի 25-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում կցուցադրվի Balmanukyan Dance Project-ի «Կոմիտասի երգերը. Revival» նախագիծը (Հայաստան/Ռուսաստան)։ Բեմադրությունը՝ Նատալյա Կասպարովայի (Ռուսաստան)։ Այս նախագիծն իրականացվում է Կասպարովայի՝ տարիներ առաջ արված լեգենդար բեմադրությամբ, որն առաջադրվել էր «Ոսկե դիմակ» մրցանակի։
Հունիսի 26-ին Թատերական ինստիտուտի բեմում կցուցադրեն «Ամեն ինչ կարգին է» պերֆորմանսը (Ռուսաստան)։ Պարուսույց՝ Կսենիա Բուրմիստրովա, կատարող՝ Լյուբով Պերովա։ Նույն օրը կներկայացվի նաեւ ղազախական Mutual Misunderstanding-ը, ինչպես նաեւ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում տեղի կունանա դասախոսություն հայկական պարարվեստում օձերի սիմվոլիզմի մասին։
Հունիսի 27-ին Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում կներեկայացվի PARlez francais նախագծի «VI» ներկայացումը (Ֆրանսիա/Հայաստան)։ Բեմադրությունը՝ Վալերիա Կասպարովայի եւ Ֆելիսիա Մոնոդի (Ֆրանսիա)։ Ներկայացումը Նախագիծն իրականացվել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության եւ Ֆրանիսական ինստիտուտի աջակցությամբ։ Նույն օրը կներկայացվի նաեւ ֆրանսիական նախագծի «Իրերի տարօրինակ կարգը» բեմադրությունը։ Բեմադրիչ՝ Ֆելիցիա Մոնոդ։
Կանցկացվի նաեւ դասախոսություն ACTS ինստիտուտի եւ PARlez francais նախագծի մասին։
Փառատոնի մարգարիտն է Armenian Showcase-ը եւ Armenian Gala-ն։ Այս երկու կարեւոր ծրագրերը SUMMEET- ի հիմքն են։ Այս անգամ ծրագրերը հնարավորություն կլինի դիտել հունիսի 28- ին երեւանյան տարբեր բեմերում։ Բացի այդ, այդ օրը կկայանա կլոր սեղան-քննարկում՝ նվիրված հայկական բալետի 100-ամյակին։
Հունիսի 29-ին կկայանա փառատոնային կարեւոր նախաձեռնություններից մեկը՝ փարիզյան ACTS պարային ակադեմիա ընդունվելու քասթինգը, որին կարող են մասնակցել հայ պարողները։ Կանցկացվի նաեւ «Մարմինը եւ շարժումը ընկղմվող իրականության նոր տարածքում» խորագրով դասախոսություն։ Իսկ Կինոյի տանը փառատոնի փակմանը՝ հունիսի 29-ին, հանրությունը կդիտի Cosmogony առցանց ներկայացումը (Շվեյցարիա)։ Բեմադրությունը՝ Ժիլ Ժոբենի։ Այն առանձնահատուկ է նրանով, որ ներկայացվելու է Ժնեւում, իսկ մեզ մոտ ժամանակակից տեխնոլոգիաներով ցուցադրվելու է տեսաէկրանին՝ այլ իրականությունում։
Նշենք, որ փառատոնի կազմակերպիչներն են «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպությունը, Open Look փառատոնի հիմնադիր Վադիմ Կասպարովը, օպերային երգիչ Հայկ Վարդանյանը եւ Balmanukyan Dance Project պարային ընկերությունը։
ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ, ՀՈՒՇԱՐՁԱՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
Սույն թվականի մայիսի 23-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ստորագրվեց հուշագիր՝ հնագիտության, հուշարձանապահպանության եւ թանգարանագիտության ոլորտներում հայ-լեհական համագործակցության զարգացման վերաբերյալ։
Հուշագիրը ստորագրեցին Վարշավայի համալսարանի ռեկտոր Ալոյզի Նովակը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը եւ «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Փահլեւանյանը։ Միջոցառմանը ներկա էր Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը:
Այնուհետեւ տեղի ունեցավ աշխատաժողով՝ նվիրված երկաթեդարյա Հայաստանի խեցեղենի արտադրության, բաշխման եւ օգտագործման օրինաչափություններին: «Երկրագործությունը եւ սննդի սպառումը նախապատմական Հարավային Կովկասում» թեմայով հատուկ դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Հնակենսաբանության եւ էթնոկենսաբանության գիտահետազոտական խմբի ղեկավար Ռոման Հովսեփյանը:
ԶԻՋԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ 1 45-ՐԴ ՌԱԿԵՏԻՆ
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Ֆրանսիայի բաց առաջնությունից` «Ռոլան Գարոս»-ից:
«Մեծ սաղավարտի» տարվա 4 մրցաշարերից մեկի` «Ռոլան Գարոս»-ի, տղամարդկանց մենախաղի 2-րդ շրջանում մրցեց 145-րդ ռակետ սլովակ Յոզեֆ Կովալիկի հետ: 3,5 ժամ ձգված մրցախաղում Խաչանովը զիջեց 5 սեթերից հետո` 4:6, 4:6, 6:4, 6:3, 6:4 հաշվով:
Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 17-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Նա Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ եւ 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում, իսկ 2022-ին նա հասավ US Open-ի կիսաեզրափակիչ: 2023 թվականին էլ Խաչանովը դուրս մնաց AusOpen-ի կիսաեզրափակիչից:
ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ
Հայաստանի ներկայացուցիչ Բարեղամ Հարությունյանը (51 կգ) Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում պարտվեց եւ կորցրեց Փարիզ-2024-ի ուղեգիր նվաճելու վերջին հնարավորությունը: 35-ամյա բռնցքամարտիկը 1/16 եզրափակչում պարտվեց 23-ամյա չինացի Լյու Չաունին։ Հարությունյանը պայքարը սկսել էր 1/32 եզրափակչից, որտեղ նոկաուտի էր ենթարկել թունիսցի մրցակցին:
ԲԱՐԴ ԽՄԲՈՒՄ ԵՆ ՀԱՅՏՆՎԵԼ
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը խոսել է Եվրո-2026-ի որակավորման հիմանական փուլի վիճակահանության մասին։
«Բավականին բարդ խմբում ենք հայտնվել։ Մրցակիցները, իրոք, ուժեղ են։ Գիտեինք, որ հիմնական փուլում թույլ մրցակիցներ չեն լինում։ Ղազախստանը Եվրոպայում վարկանիշով երրորդն է. մյուս երկուսը նույնպես բավականին լավ հավաքականներ են, բայց մենք ունենք ուժեղ թիմ եւ փորձելու ենք ամեն ինչ անել` Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում հայտնվելու համար»,- մարզչի խոսքերը մեջբերում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
2026 թ. Եվրոպայի առաջնության որակավորման հիմնական փուլում Հայաստանի հավաքականն ընդգրկվել էր 6-րդ խմբում եւ մրցելու է Ղազախստանի, Ալբանիայի ու Դանիայի թիմերի դեմ։ Հիմնական փուլի հանդիպումները կայանալու են 2024 թ. դեկտեմբերի 9-ից 2025 թ. ապրիլի 16-ը։