Երեւանի քաղաքապետարանը ստեղծել է նոր ծրագիր, որը նախատեսում է հասցեագրել ժամանակակից ստեղծագրողների խնդիրները՝ ինքնաարտահայտման, միջոլորտային կապերի հաստատման, գիտելիքի եւ հմտությունների ձեռքբերման հնարավորություն տալով: Ստեղծագրության ակադեմիա ծրագրի մեկնարկը կտրվի հուլիսին։ Ծրագրի շրջանակում տարատեսակ միջոցառումներ կիրականացվեն բանաստեղծների, արձակագիրների, դրամատուրգների, սցենարիստների եւ արվեստի քննադատների համար:
Ծրագիրը բաղկացած է մի քանի փուլերից: Ընդհանուր առմամբ հինգ անվանակարգերի համար (բանաստեղծություն, արձակ, դրամատուրգիա, կինոսցենար, արվեստի քննադատություն) հայտարարվում է ընդունելության մրցույթ մինչեւ հունիսի 15-ը, որին կարող են դիմել 18 տարեկանից բարձր ՀՀ քաղաքացիություն ունեցող բոլոր ցանկացողները: Խմբերի ձեւավորումից հետո ոլորտի առաջատար մասնագետները դասընթացներ կմատուցեն ուսանողներին, որոնց կշնորհվի մասնակցության վկայագրեր:
Դասընթացները բաղկացած են լինելու 10 մասից:
Դասընթացներից հետո շրջանավարտները հնարավորություն կունենան մասնակցելու սույն ծրագրի շրջանակում հայտարարվող մրցույթին: Յուրաքանչյուր անվանակարգի հաղթողին կհատկացվի դրամական պարգեւ եւ որ ամենակարեւորն է, նրանց հայտերի հիման վրա կտպագրվեն գրքեր, կնկարահանվեն ֆիլմեր եւ կիրականացվեն բեմադրություններ:
«Հատկանշական է, որ ծրագրի շրջանակում մինչեւ 150 մասնակից կստանա անվճար դասընթացների մասնակցելու հնարավորություն։ Յուրաքանչյուր անվանակարգում ներառված են 3 անվանի մասնագետներ։
Շրջանավարտների մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 3 միլիոն ՀՀ դրամ։ Լավագույն աշխատանքների հիման վրա կտպագրվի պատկերազարդ գիրք, կնկարահանվի ֆիլմ, կբեմադրվի թատերական ներկայացում», – նշում են Ակադեմիայի նախաձեռնողները։
Ակադեմիայի մասնակցության վկայական ստանալու համար անհրաժեշտ է, որպեսզի մասնակիցը ներկա գտնվի 10 դասընթացներից առնվազն 8-ին: Վկայագիր ստանալուց հետո՝ մասնակիցը կարող է դիմել այս ծրագրի շրջանակում անցկացվող դրամաշնորհին:
Ստեղծագրական մրցույթը կանցկացվի բոլոր 5 անվանակարգերում: Հաղթողները կընտրվեն հանձնաժողովի կողմից:
Դասընթացները կամփոփվեն գալա համերգով, որը նախատեսված է սեպտեմբերին։ Համերգային ծրագրի ավարտից հետո հաղթող հայտատուների աշխատանքները կուղարկվեն պատկերազարդողներին, կինոռեժիսորներին, բեմադրիչներին՝ տեսլական ստանալու նպատակով:
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
ԳՆԱՑՔՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆ
Սանահիի կայարանից մինչեւ Այրում կայարան երկաթուղային ենթակառուցվածքի վնասված 8 հատվածներից երկուսում գնացքների երթեւեկությունը վերականգնվել է։ Երթեւեկությունը դեռեւս սահմանափակ է արագությամբ եւ շարժակազմի տեսակով։
Ներկայումս իրականացվում է Ալավերդի-Հաղպատ ճանապարհի փլուզված հատվածի մաքրում՝ քանդված կառույցների պայթեցման եւ ապամոնտաժման միջոցով, տարածքների մաքրման եւ շինարարական տեխնիկայի համար մուտքի ճանապարհներ կառուցելու ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ են իրականացվում: Ավերված հատվածներից մեկի վրա կառուցվում է սանդղավանդ։
Ախթալա կայարանում ավարտվել են 230 մետր երկարությամբ էլեկտրահաղորդման գծի, ինչպես նաեւ 400 մետր երկարությամբ կապի հենարանների եւ մալուխների վերականգնման աշխատանքները: Իրականացվել է նաեւ կայանի հատակի սարքավորումների ապամոնտաժում եւ լվացում կեղտից:
Ավարտվել է կայանի արտաքին սարքավորումների կեղտից մաքրումը եւ վնասված ավտոմատացման սարքերի ապամոնտաժումը։
Միեւնույն ժամանակ, մատակարարվում են նյութեր եւ սարքավորումներ արտերկրից, պայմանագրեր են կնքվել, քարի մատակարարումներ են իրականացվում տարբեր քարհանքերից։
Այրում կայարանում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ եւ ներմուծվում են նյութեր եւ սարքավորումներ՝ նավթամթերքների ընդունմանը նախապատրաստվելու նպատակով։ Նախատեսվում է, որ Այրում կայարանի բազայի հիման վրա կկազմակերպվի Հայաստան բեռների ներկրման ժամանակավոր սխեմա։
Ընդհանուր առմամբ վերականգնման աշխատանքներում ներգրավվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության 265 աշխատակից։ Ռուսաստանից գործուղված աշխատակիցների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 30 մարդ։
«Վրացական երկաթուղիներ» ընկերությունից սպասվում են եւս մի քանի մասնագետներ։
Միեւնույն ժամանակ ընկերության մանեւրային ջերմաքարշը շարունակում է տեխնիկա եւ մարդկանց տեղափոխել ճանապարհներից կտրված Քարկոփ, Ճոճկան, Մեծ Այրում եւ Փոքր Այրում բնակավայրեր:
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴՐՈՇ ՏՆԿՎԵՑ
Տավուշի մարզպետարանը հայտնում է, որ մայիսի 29-ին տեղի է ունեցել Տավուշի գյուղատնտեսական զարգացման ծրագրի ղեկավար կոմիտեի նիստ, որին մասնակցել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդին, Ֆրանսիայից ժամանած դեպարտամենտի խորհրդի անդամներն ու այլ աշխատակիցներ, Տավուշի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների մի շարք ղեկավարներ, Իջեւան, Դիլիջան, Բերդ եւ Նոյեմբերյան համայնքների ղեկավարները, այլ հյուրեր: Նիստում Տավուշի մարզի «Զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Սոս Խաչիկյանը ներկայացրել է Կիրանց բնակավայրի տնտեսական զարգացման նախագիծը, ինչի շուրջ եղել է ակտիվ քննարկում: 6,5 հեկտար տարածք սահմանազատման անվան տակ Ադրբեջանին են հանձնել հողեր, Կիրանցի բնակիչներին պատկանող, կադաստրից տրված 52 սեփականության վկայական կեղծ են համարել, Կիրանց գյուղի բարձունքում տնկվել է ադրբեջանական դրոշը, հիմա Կիրանցի տնտեսական զարգացման նախագիծ են քննարկում։ Կիրանցի բնակիչներն ապամոնտաժել են Կիրանցի խորհրդանիշ արծիվը. եթե բնակիչները այն չպոկեին, ադրբեջանցիներն այն կպոկեին եւ դրանից շոու կսարքեին։ Կիրանցի դաշտեր ձգվող, գյուղի 30 հեկտար ցանված հացահատիկի ցանքեր տանող միակ ճանապարհը հանձնվել է Ադրբեջանին։ Կիրանցի նորակառույց դպրոցի աշակերտներն կրթօջախի պատուհաններից տեսնելու են ադրբեջանցի ասկյարներին. քանի՞ մարդ է իր երեխային Կիրանցի դպրոց ուղարկելու։ Կիրանցում քանի՞ բնակիչ է մնալու, որ գյուղը տնտեսապես զարգացնի։ ՔՊ-ական իշխանությունը ձե՞ռք է առնում հերոսական տարեգրություն ունեցող Կիրանցի բնակիչներին։
ԵՐԹԵՎԵԿՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՅԱԼՆԵՐԻ ԴԵՄ-ԴԻՄԱՑՈՎ
Մայիսի 23-ից փակ էր միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը, որը ձգվում էր սահմանագոտով: Այդ պատճառով երթեւեկը կատարվում էր Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ՝ Հարսնաքարով ձգվող ավտոճանապարհով: Մայիսի 26-ի ջրհեղեղից Ալավերդիով ձգվող միջպետական ավտոճանապարհը քանդված է, ուստի Հարսնաքարով ձգվող շրջանցիկ ճանապարհը գերբեռնված էր աշխատում, այդ պատճառով էլ շրջանցիկ ճանապարհին մոտ 15 փոսեր էին առաջացել: Արդեն 3 օր է, ինչ բացվել է Ոսկեպար-Բաղանիս հիմնական ավտոճանապարհը, այդ ճանապարհով անցածներն ասացին, որ նախկինում ադրբեջանաբնակ Բաղանիս-Այրում գյուղի տարածքի կողքով անցնելիս ճանապարհի դիմաց նախկինում հայկական պաշտպանական դիրքերում այժմ ադրբեջանցի զինյալներն են տեղավորված, միջպետական ճանապարհով անցնողներն ադրբեջանցի զինյալներից ուղիղ գծով մոտ 100 մետր հեռավորությամբ են անցնում։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ