ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը 2023 թվականի հոկտեմբերի 4-ին նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետ եւ հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ իրեն պատկանող 2 բնակարան բազմաբնակարան շենքում։ Բնակարաններից մեկը գտնվում է Արաբկիր վարչական շրջանում եւ ձեռք է բերված 2021 թվականին, 2-րդ բնակարանը ձեռք է բերել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 2015 թվականին։
Արտաքին հետախուզության ծառայության պետը տրանսպորտային որեւէ միջոց չի հայտարարագրել։ Քրիստիննե Գրիգորյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 4 մլն 862 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները՝ 1 հազար դոլար եւ 900 հազար դրամ։
Քրիստիննե Գրիգորյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 13 մլն 433 հազար դրամ, որից 2 մլն 698 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունից, 3 մլն 451 հազար դրամը՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։ Գրիգորյանը եկամուտ է ստացել նաեւ ՀՀ վարչապետի աշխատակազմից՝ 4 մլն 094 հազար դրամ, սակայն Գրիգորյանի կենսագրության որեւէ ժամանակահատվածում նշված չէ, որ նա աշխատել է վարչապետի աշխատակազմում։
«Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմեց արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանին՝ հետաքրքրվելով, թե ինչ պաշտոնի համար է ստացել վարձատրություն վարչապետի աշխատակազմից։
Քրիստիննե Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեց. «2023 թվականի փետրվարի 14-ից մինչեւ 2023 թվականի հոկտեմբերի 2-ը զբաղեցրել եմ ՀՀ ԱԽ քարտուղարի խորհրդականի պաշտոնը։ ՀՀ ԱԽ քարտուղարի գրասենյակը ներառված է ՀՀ վարչապետի աշխատակազմի կառուցվածքում»։
Երկրորդ հարցին. «Ինչո՞ւ կենսագրականում չկա վարչապետի աշխատակազմում աշխատանքի մասին որեւէ տվյալ» Գրիգորյանը պատասխանել է. «2023 թվականի հունվարի 24-ից հետո իմ կողմից հրապարակված միակ կենսագրականը, որը հասանելի է ՀՀ կառավարության կայքում, ներկայացված է շատ ամփոփ տարբերակով, եւ դրանում ներառված չեն մասնագիտական գործունեությանս ընթացքում իմ զբաղեցրած այլ պաշտոններ եւս»։
Քրիստիննե Գրիգորյանը քաղաքացիական այլ պայմանագրերից ստացել է 27 հազար դրամ «Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ից։ Գրիգորյանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացել է 3 մլն 161 հազար դրամ։ Արտաքին հետախուզության ծառայության պետի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 22 մլն 962 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։ Այսիսով՝ եզրակացնում ենք, որ ՀՀ ՊԵԿ-ից ստացված գումարը եկամտահարկի վերադարձի օրենքով ստացված գումար է՝ հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար։
Վարկի մարմանը Գրիգորյանը ուղղել է 4 մլն 696 հազար դրամ։
Հավելենք, որ մինչ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ լինելը՝ Քրիստիննե Գրիգորյանը 2012-2014 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական՝ իրավական հարցերով, 2015-2018 թվականներին` ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետ, 2018-2019 թվականներին` ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդական, 2019 թվականի հունվարից մինչեւ 2019 թվականի հուլիսը՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական։ 2019 թվականի հուլիսի 3-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։ 2022 թվականի հունվարի 24-ին Քրիստիննե Գրիգորյանը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրվել է մարդու իրավունքների պաշտպան՝ փոխարինելով Արման Թաթոյանին։ 2023 թվականի հունվարի 23-ին հրաժարական է ներկայացրել եւ ավելի ուշ նշանակվել ԱՀԾ ղեկավար:
Հանդիպում են ունեցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Հանդիպման վերաբերյալ նախագահականը հաղորդագրություն էր տարածել, որը, մեղմ ասած, արտառոց էր։ Ըստ նախագահականի՝ «Մտքեր են փոխանակվել Արտաքին քաղաքականության համար պատասխանատու գերատեսչության եւ նախագահական ինստիտուտի սերտ համագործակցության եւ օրակարգային հարցերի շուրջ միասնական դիրքորոշումների եւ մոտեցումների մշակման կարեւորության վերաբերյալ»: Ուշադրություն դարձրեք ձեւակերպմանը. խոսվում է «սերտ համագործակցության եւ օրակարգային հարցերի շուրջ միասնական դիրքորոշումների եւ մոտեցումների մշակման» մասին։ Այսինքն՝ օրակարգային հարցերի շուրջ միասնական դիրքորոշում մշակելու մասին խոսում են նույն երկրի պետական կառավարման երկու տարբեր օղակներ։ Հետաքրքիր է, իսկ օրինակ՝ օրակարգային հարցերի շուրջ (իսկ դրանք ենթադրում ենք՝ սահմանազատման թեմաներն են կամ արտաքին հարաբերությունների սպեկտորը) նախագահականն ու ԱԳՆ-ն տարբե՞ր դիրքորոշումներ ունեն։ Անհավատալի է։ Եվ հետո, սա պետք է աքսիոմատիկ ճշմարտություն լիներ, եւ նախագահականն ու ԱԳՆ-ն, հատկապես օրակարգային հարցերի շուրջ, պետք է այնքան միասնական դիրքորոշում ունենային, որ դրա մասին խոսելը զարմանալի հնչեր. իսկ այս հաղորդագրությունից տպավորություն է, որ, կարծես, գործ ունենք երկու տարբեր պետությունների գերատեսչությունների, կամ միջազգային կառույցների հետ ՀՀ նախագահի հանդիպման մասին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործը ավարտական փուլում է: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ գործով կալանավորվածների մեղադրանքները վերաորակվել են ու առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել։ Ասել է թե՝ առաջիկայում գործով նախաքննության ավարտ կհայտարարվի ու այն կուղարկվի դատարան։ Նշենք, որ երեկ ArmLur.am-ը գրել էր, որ նախաքննական մարմինն օրերս միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի դատարանը երկարացնի ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք նռնակով ներխուժած եւ պայթյուն իրականացրած երեք կալանավորների կալանքի ժամկետը։ Արդյունքում՝ դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը: Հիշեցնենք, որ մարտի 24-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, 3 զինված քաղաքացի փորձել էին ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել էին նռնակ, ինչի հետեւանքով ներխուժող անձանցից 2 -ը վիրավորվել էին եւ տեղափոխվել բուժհաստատություն։ Դեպքի առիթով նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ահաբեկչության հատկանիշներով: Նոր Նորքի ոստիկանության շենք ներխուժած եւ վիրավորում ստացած անձանցից մեկը Արթուր Մովսիսյանն էր, որի որդին՝ Էդգար Մովսիսյանը, զոհվել է 44-օրյա պատերազմում։ Շարունակությունը՝ ArmLur.am կայքում:
ՔՊ-ական պատգամավորների եւ նախարար Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է: ՔՊ-ական պատգամավորներն այլեւս անթաքույց եւ առողջապահական ոլորտը նախկինում ղեկավարող Արսեն Թորոսյանի գլխավորությամբ, արտահայտում են իրենց դժգոհությունն Անահիտ Ավանեսյանից: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ անցնող շաբաթ ՔՊ-ական պատգամավորները ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ բավականին սառն են ընդունել ու ճանապարհել Ավանեսյանին՝ ի տարբերություն մյուս նախարարների, որոնց հետ նիստից դուրս նույն իշխանական պատգամավորները շատ ջերմ զրուցել են: Հանձնաժողովի նիստի ժամանակ էլ բավականին սուր հարցեր էին տալիս Ավանեսյանին: Լարվածությունը ՔՊ-ական պատգամավորների եւ նախարարի միջեւ այնքան ակնհայտ է, որ անգամ Ավանեսյանը երեկ՝ կառավարության նիստից հետո, չկարողացավ կտրուկ հերքել դա, ինչպես նախկինում էր անում: Պատասխանելով հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված ԱԺ-ում ՔՊ-ականների քննադատություններն իր եւ իր ղեկավարած նախարարության հասցեին, նախարարն ասել էր. «Մի քիչ հասկանալի չէր, թե ինչն էր խնդիրը, որովհետեւ կառավարությունն իր տված խոստումը՝ ամեն տարի ավելացնելու պետական պատվերի շրջանակը, իրականացնում է, եւ մեր բյուջեի ավելացումն էլ դրա վառ օրինակն է», – փորձել էր արդարանալ Ավանեսյանը եւ վերջում էլ որպես ինքնարդարացում՝ գովեստի խոսքեր հնչեցրել ինքն իր հասցեին, թե՝ ինքը «լավ նախարար է»: Նրա այս խոսքերը «մեմ» էին դարձել հայտնի հումորային սյուժեի երգի նման՝ «ես լավ տղա եմ»: