2018 թվականից քաղաքական «Թավշյա հեղափոխությունից» հետո ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար, վարչապետի նախկին գլխավոր խորհրդական, 2021 թվականի հուլիսի 1-ից վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ըստ 2023 թվականի եկամուտների, գույքի, շահերի եւ ծախսերի մասին հայտարարագրի, ՀՀ վարչապետի աշխատակազմից ստանում է 22 մլն 488 հազար դրամ աշխատանքի վարձատրություն։
Նախկինում՝ մինչեւ հեղափոխությունը, ոչնչով աչքի չընկած ԵՊՀ դասախոս Արայիկ Հարությունյանը 2018 թվականին, երբ ԿԳ նախարար էր դառնում, ստանում էր ընդամենը տարեկան գրեթե 680 հազար դրամ աշխատանքի վարձատրություն ԵՊՀ-ից: Սակայն տարբեր պաշտոններում պաշտոնավարման այս 6 տարիների ընթացքում Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը 22 անգամ ավելացել է՝ դառնալով տարեկան 22 մլն 488 հազար դրամ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը 2022 թվականին ձեռք է բերել հողամաս Կոտայքի մարզի Նաիրի համայնքում, որի արժեքը կազմել է 8 մլն 320 հազար դրամ։ Արայիկ Հարությունյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 10 մլն 411 հազար դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 4 մլն դրամով։ 2022 թվականին առկա կանխիկ դրամական միջոցները՝ 150 հազար դրամը, այս տարի նվազել է՝ դառնալով 100 հազար դրամ։ Արայիկ Հարությունյանի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 27 մլն 017 հազար դրամ, որը, ինչպես հասկանում ենք, բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, որի համար աշխատակազմի ղեկավարը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 3 մլն 016 հազար դրամ գումար՝ եկամտահարկի վերադարձի օրենքով՝ հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար։
Խորհրդարանն ավարտում է այս նստաշրջանի իր աշխատանքները. հաջորդ շաբաթ մեկնարկելիք քառօրյա նիստերից հետո պատգամավորներն արձակուրդի կանցնեն: ԱԺ աշնանային նստաշրջանը արդեն կմեկնարկի սեպտեմբերից: Հնարավոր է՝ այդ ընթացքում պատգամավորները կամ գործադիրը ԱԺ արտահերթ նիստեր հրավիրելու նախաձեռնությամբ հանդես գան, բայց հաջորդ շաբաթվա քառօրյա նիստերով ԱԺ-ն պաշտոնապես կավարտի իր աշխատանքները եւ «արձակուրդ» կգնա: ԱԺ քառօրյա նիստերը մեկնարկում են երեքշաբթի՝ հունիսի 9-ից: Այս նիստերի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է նաեւ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը, թեկնածուներն են Արմեն Դանիելյանը, Ռուբիկ Մխիթարյանը եւ Մանվել Շահվերդյանը: Մինչեւ նիստերի մեկնարկը՝ երկուշաբթի օրը, ՔՊ-ականները ֆրակցիայի նիստ կանեն՝ ԱԺ քառօրյա նստաշրջանի օրակարգային հարցերի շուրջ քննարկում ունենալու համար, կորոշեն նաեւ՝ որ դատավորի թեկնածուներից ում են ընտրելու:
Փաստաբանների հանդիպումն ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ այդքան էլ արդյունավետ չի անցել, ու վերջիններս հանդիպումից հետո վստահ են, որ խնդրահարույց օրենքը երկրորդ ընթերցմամբ կընդունվի, ու իրավիճակից կտուժեն ՀՀ քաղաքացիները: Ուստի, փաստաբանական համայնքում կրկին կրքեր են թեժանալու. տեսնենք, թե որն էլ լինելու նրանց հաջորդ քայլը։ Ինչպես հայտնի է, Փաստաբանական համայնքը մայիսի 21-ին գործադուլ էր հայտարարել։ Նրանք հրաժարվել են ՀՀ պետական մարմիններում, այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց։ Փաստաբանները Ազգային ժողովից պահանջում են «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծից հանել փաստաբաններին վերաբերող խնդրահարույց իրավակարգավորումները: Նշենք, որ նախագծով նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2025 թվականի հունվարի 1-ից բացառել, ինչի հետեւանքով փաստաբանները հարկադրված են լինելու գործել հարկման ընդհանուր համակարգում, ըստ այդմ` մատուցվող փաստաբանական ծառայությունների համար լրացուցիչ կիրառվելու է 20 տոկոս ԱԱՀ (ավելացված արժեքի հարկ): Դրանից զատ՝ վճարվելու է նաեւ շահութահարկ, որի դրույքաչափը 18 տոկոս է: Այսինքն՝ փաստաբանական ծառայության գներն էապես կբարձրանան:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ տարբեր զինկոմիսարիատների մի շարք աշխատակիցներ պատրաստվում են ազատման դիմում գրելու: Բանն այն է, որ վերջիններս վարժական հավաքների կազմակերպման դժվարին գործն են անում խիստ ծանրաբեռնված ռեժիմով. հիմա էլ ամառային զորակոչն է մեկնարկելու ու գերլարված վիճակը ավելի կկրկնապատկվի: Ըստ նրանց՝ հատկապես քաղծառայողները այդ ամենը անում են ամսական 108.000 դրամ աշխատավարձի դիմաց. «Առավոտյան 9-ից մինչեւ 18:00 վազքի մեջ են, ու նրանց աշխատավարձի վերանայում չի եղել»: Եվ սա այն պայմաններում, երբ մեր երկրում նվազագույն սպառողական զամբյուղը բավականին թանկացել է, եւ այդ պայմաններով ուղղակի անհնարին է դարձել ապրելը զինկոմիսարիատի աշխատակիցների համար: «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի առնչությամբ դիմեց ՊՆ, սակայն նախարարությունից մեկնաբանություն չտվեցին մեր տեղեկության վերաբերյալ: