ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր հանդիպել է ԵԽ գրասենյակի ներկայացուցիչների հետ։

ԵԽ ժողովրդավարության եւ մարդկային արժանապատվության գլխավոր տնօրինության խտրականության դեմ պայքարի բաժնի ղեկավար Անգելա Լոնգոյի հետ հանդիպմանը քննարկվել են կրթական համակարգում հավասար հնարավորությունների ապահովմանն ու ներառական կրթության համակարգին առնչվող հարցեր:
Արաքսիա Սվաջյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է՝ նախարարությունը որդեգրել է համընդհանուր ներառականության քաղաքականություն, եւ խտրականության դեմ պայքարի հարցերն առաջնային ուշադրության կենտրոնում են: Այս համատեքստում Արաքսիա Սվաջյանը համատեղ ծրագրերի իրականացման եւ համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:
Նախարարի տեղակալի խոսքով՝ ՀՀ կրթական համակարգում մինչեւ 2030 թվականը ռազմավարական մի քանի ուղղություններ են նախանշվել, այդ թվում՝ համընդհանուր, ներառական, ուսանողակենտրոն եւ մասնակցային կրթական միջավայրի ստեղծում եւ կրթության արդյունավետության բարձրացում:
ԵԽ ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդի կարեւոր գործընկերներից է, եւ կրթության ոլորտում համագործակցությունը ԵԽ-ի առաջնահերթություններից է: Քննարկման ընթացքում որպես համագործակցության կարեւոր ուղղություն անդրադարձ է կատարվել նաեւ ազգային փոքրամասնությունների լեզվի պահպանության խնդրին։
ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ ազգային փոքրամասնությունների կրթության, մշակույթի, ինքնության, լեզվի եւ իրավունքների պահպանությունը ՀՀ-ում պետական առաջնահերթություն է:
Մասնավորապես՝ ՀՀ կրթության՝ մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագրի կարեւոր բաղադրիչներից է նախադպրոցական կրթության ապահովումը, իսկ առաջնահերթ նպատակներից մեկը ազգային փոքրամասնությունների դպրոցներում եւ համայնքներում նախադպրոցական հաստատությունների հիմնումն է։ Նախադպրոցական կրթության կազմակերպումը կնպաստի վաղ տարիքից երեխաների ներգրավմանը կրթական գործընթացներում: Ուսուցիչների մասնագիտական որակների զարգացման եւ աշխատավարձերի բարձրացման խրախուսման ծրագրերի համատեքստում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է, որ կամավոր ատեստավորմանը մասնակցում են նաեւ ազգային փոքրամասնությունների լեզուների՝ ասորերեն, եզդիերեն, քրդերեն դասավանդող ուսուցիչները եւ խմբակավարները: Դպրոցներում էլ ապահովված են անհրաժեշտ բոլոր պայմանները լեզվի ուսուցման սահուն կազմակերպման նպատակով: ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների երեխաներին դասագրքերը պետության կողմից տրամադրվում են անվճար։
Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են նաեւ ուսուցիչների շրջանում ատելության խոսքի հետ կապված իրազեկության բարձրացումը եւ այս ուղղությամբ վերապատրաստումների իրականացումը:
Ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված ծրագրերում Արաքսիա Սվաջյանը կարեւորել է Կրթության զարգացման եւ նորարարության ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) եւ Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հետ սերտ համագործակցությունը:
Հանդիպմանը քննարկվել են նաեւ երկկողմ հետաքրքրության ներկայացնող այլ հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով մեկտեղելու ջանքերը հավասարության եւ բազմազանության հանրային ըմբռնման բարձրացման ուղղությամբ:

ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՄԱՐ
ՀՀ եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ կնքվել է «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինանսավորման համաձայնագիրը, որով Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի դրամաշնորհային հիմունքներով բյուջետային աջակցություն:

2023թ. սեպտեմբերի 12-ին ուժի մեջ մտած համաձայնագիրն ուղղված է Հայաստանի կրթական համակարգի մրցունակության բարձրացմանը՝ 2021-2026 թթ. Կառավարության ծրագրով սահմանված կրթական բարեփոխումներին, մասնավորապես՝ ՀՀ կրթության՝ մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագրին եւ դրանից բխող գործողությունների ծրագրի իրագործմանը: Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023թ. Դեկտեմբերին ՀՀ կառավարությանն է փոխանցվել 5 մլն եվրո, իսկ 2024 թ. մայիսին՝ 1.5 մլն եվրո:
«Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» համաձայնագրով նախատեսվում է ՀՀ Արարատի, Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերի բոլոր 330 դպրոցներում վերանորոգված եւ կահավորված ԲՏՃՄ լաբորատորիաների ստեղծում, ինչպես նաեւ ուսուցիչների վերապատրաստում՝ ժամանակակից մեթոդաբանությամբ։
Նախատեսվում է նաեւ Սյունիքի մարզում 13 կրթահամալիրների կառուցում, որոնցից 7-ը՝ Կապանում, իսկ 6-ը՝ Գորիսում։ Սյունիքի մարզի 13 դպրոց-կրթահամալիրների նախագծանախահաշվային փաստաթղթերը հաստատված են, որոշ դպրոցների շինանրարական աշխատանքներն արդեն մեկնարկել են։
Դպրոցների կառուցման, վերանորոգման, լաբորատորիաների ստեղծման բաղադրիչից բացի՝ ծրագիրը ներառում է աշակերտների ուսումնառության արդյունքների գնահատման ազգային համակարգի բարելավման ուղղությամբ աջակցություն։
Լրացուցիչ տեխնիկական աջակցություն է տրվելու ԿԳՄՍ նախարարությանը՝ ապահովելու բոլոր մակարդակներում ՀՀ կրթության՝ մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագրի արդյունավետ իրականացումը:

ՎԱՐԱՐԱԾ ԱՂՍՏԵՎԸ ԱՎԵՐԵԼ Է ԴԵՆԴՐՈՊԱՐԿԻ ՋՐԱՌԸ
Իջեւանի գինու, կոնյակի գործարանի կողմից Աղստեւի հունում ապօրինի շինարարության հետեւանքով ավելի քան երեք տարի առաջ Իջեւանի դենդրոպարկի ջրառը զրկվեց Աղստեւի ջրից, չորացան շուրջ 1500 հազվագյուտ ,արժեքավոր ծառեր, թփեր եւ մոտ 24 հազար տնկի։ Աղստեւի մաս հանդիսացող ջրային հողն առանց ՀՀ ջրային կոմիտեի եզրակացության վարձակալությամբ Իջեւանի գինու, կոնյակի գործարանին հանձնելու եւ գործարանի կողմից ապօրինի շինարարություն կատարելու դեպքի առթիվ 2021թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով եւ 290 հոդվածի 1-ին մասով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Իջեւանի դենդրոպարկի նախկին տնօրեն Մեխակ Սայադյանը հայտնեց, որ Քննչական կոմիտեի կարեւորագույն գործերով զբաղվող վարչությունում այդ գործով փոխվել է երեք քննիչ, սակայն գործով մեղադրյալ չկա։ Իջեւանի գինու, կոնյակի գործարանն առանց շինթույլտվության հենապատ կառուցելու համար 2021թ. մարտի 29-ին տուգանվել է 200 հազար դրամի չափով։ Գործարանը շարունակել է կառուցապատումը եւ 2021թ. հուլիսի 14-ին երկրորդ անգամ է ենթարկվել վարչական պատասխանատվության՝ 2 միլիոն 500 հազար դրամի չափով։ Սակայն Իջեւանի գինու, կոնյակի գործարանը «պարգեւատրվել է», վարձակալությամբ դենդրոպարկից ստանալով 5,7 հեկտար տարածք՝ այն հանգստի գոտի դարձնելու նպատակով։ Մ. Սայադյանը հայտնեց, որ 2023 թ աշնանը Իջեւանի գինու, կոնյակի գործարանի տերերը գետի հունը փորելուց եւ մինչեւ 2,5 մ իջեցնելուց հետո կառուցել են լրացուցիչ ջրհավաք առու՝ գետից հանված քարով եւ ցեմենտբետոնով,այդ ժամանակ դենդրոպարկ է ժամանել Շրջակա միջավայրի փոխնախարար Մեյմարյանը։ Մ. Սայադյանը փոխնախարար Մեյմարյանին զգուշացրել է, որ գետի հունը Իջեւանի գինու գործարանի տերերի կողմից նեղացվել է 15 մետրով եւ կառուցվել է մեծ պատ՝ գետի մեջտեղում, ջրի հոսքի ուժը մեծացել է մի քանի անգամ, կառուցված ջրառը փլուզվելու է, մանավանդ, որ այն կառուցվել է առանց հիմքի։ 2024թ մայիսի 26-ին Աղստեւի վարարման հետեւանքով դենդրոպարկի ջրառը քանդվել, քշվել է։ Մ. Սայադյանն ասաց, որ դենդրոպարկի 4 աշխատողների հաստիքները կրճատել են, իրենց աճեցրած մոտ 50 միլիոն դրամ արժողությամբ տնկանյութը հանձնել են գինու գործարանին, այժմ այդ տնկայնութը չկա։ Նրա վկայությամբ՝ Իջեւանի գինու գործարանին հանձնված 5,7 հա տարածքից մնացել է 5 հա-ից պակաս տարածք, մնացածը գետ քշել է։ Մ. Սայադյանն ասաց, որ դենդրոպարկի հարուստ կոլեկցիան ՀՀ-ում ճանաչում է միայն ինքը, իսկ Մ. Սայադյանը որպես շահագրգիռ կողմ իրավունք չունի մասնակցելու դենդրոապարկի կրած վնասների գնահատման աշխատանքներին, անհրաժեշտ կլինի արտերկրից հրավիրել 60-70 դենդրոլոգ, ինչը կարժենա 30-35 միլիոն դոլար։ Նրա գնահատականով՝ Իջեւանի գինու, կոնյակի գործարանի կողմից դենդրոպարկին պատճառվել է մոտ 6 միլիոն դոլարի վնաս։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս